Մատչելիության հղումներ

Գյուլ. «Ռոհանիի այցը Անկարա պատմական է»


Իրանի նախագահն ու Թուրքիայի վարչապետը համատեղ մամուլի ասուլիսից հետո: Անկարա, 9-ը հունիսի, 2014թ.
Իրանի նախագահն ու Թուրքիայի վարչապետը համատեղ մամուլի ասուլիսից հետո: Անկարա, 9-ը հունիսի, 2014թ.
Շրջադարձային փուլ թուրք-իրանական հարաբերություններում. այսպես են բնութագրում իրանական և թուրքական լրատվամիջոցները իսլամական հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի երեկ մեկնարկած պաշտոնական այցը Անկարա:

Վերջին անգամ Իրանի նախագահը Թուրքիա էր այցելել 18 տարի առաջ` 1996-ին: Այդ այցից հետո անցած գրեթե երկու տասնամյակների ընթացքում Թեհրանի և Անկարայի միջև բազմաթիվ լուրջ խնդիրներ էին կուտակվել: Այսօր, սակայն, Իրանի և Թուրքիայի ղեկավարները հույս ունեն, որ հնարավոր կլինի ոչ միայն հաղթահարել դրանք, այլև նոր լիցք հաղորդել երկկողմ հարաբերություններին:

«Իրանը պատրաստ է հաղթահարել առկա տարաձայնությունները: Ամենակարևորը, որ դա փոխադարձ ցանկություն է: Ես վստահ եմ, որ 2014 և 2015 թվականները լրջորեն տարբերվելու են նախորդ տարիներից, եթե, իհարկե, մենք խթանենք համերաշխ գործողություններին ուղղված քայլերը: Անձամբ ես որևէ պատճառ չեմ տեսնում, որ կարող է խոչընդոտել մեր երկու պետությունների միջև առկա տարաձայնությունների հաղթահարմանը», - Ռոհանիի հետ բանակցությունների ավարտին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիփ Էրդողանը: Նրա խոսքով, երկկողմ հարաբերությունների խորացումը օրինաչափ է:

«Իրանն ու Թուրքիան տարածաշրջանի ամենահզոր պետություններն են: Դա է պատճառը, որ մենք հակված ենք շարունակել խորհրդակցությունները նախևառաջ ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի ասպարեզում: Այդ երևույթները արմատավորվել են մեր տարածաշրջանում և հարվածում եմ այստեղ գտնվող բոլոր պետությունների շահերին», - հայտարարել է Էրդողանը` որպես հիմնական խնդիր մատնանշելով Սիրիայում ստեղծված իրավիճակը: - «Արևմտյան այն պետությունները, որ սկզբում հանդուրժեցին նման խմբավորումների գոյությունը, այսօր արդեն զղջում են իրենց որդեգրած մոտեցման համար»:

Իսկ Իրանի նախագահի խոսքով, Թեհրանն ու Անկարան համատեղ պատասխանատվություն պետք է ստանձնեն տարածաշրջանում իրավիճակը շտկելու համար. - «Ահաբեկչության դեմ պայքարը միասնական նպատակ է: Դա մեր երկու երկրների պարտավորությունը չէ միայն: Թուրքիային և Իրանին պարզապես անհրաժեշտ է այս տարածաշրջանում կայունության հաստատումը»:

Ուշագրավ է, որ նույնիսկ ամենալուրջ հակասությունների թեմա հանդիսացող սիրիական խնդրում Թուրքիան և Իրանը փորձում են ընդհանուր հայտարարի գալ` առայժմ, սակայն, լուրջ հաջողություններ չարձանագրելով:

«Մենք, իհարկե, քննարկել ենք Սիրիայում և Եգիպտոսում ստեղծված կացությունը: Երկու պետություններում էլ առանցքային խնդիրը խաղաղության հաստատումն է, որին կարելի է հասնել բացառապես ժողովրդի կամքը հարգելու միջոցով»:

Չնայած հարաբերությունների ակնհայտ ջերմացմանը` Սիրիայում կայացած վերջին նախագահական ընտրությունները Իրանն ու Թուրքիան տրամագծորեն հակառակ տեսանկյուններից են դիտարկում: Իրանի նախագահն Անկարայում ասել է, թե արդեն իսկ շնորհավորել է Բաշար Ասադին վերընտրության կապակցությամբ: Թուրքիայի ղեկավարները, հակառակը, հայտարարում են, թե չեն պատրաստվում ճանաչել սիրիական քվեարկության արդյունքները:

Հասան Ռոհանիի և Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի միջև կայացած բանակցությունների առանցքային թեմաներից մեկը Իրանի միջուկային ծրագիրն էր: Բանակցությունների ավարտին թուրքական հանրապետության նախագահը հայտարարել է, թե Անկարան ճանաչում է Իրանի` միջուկային խաղաղ ծրագրի զարգացման իրավունքը: Հասան Ռոհանիի պնդմամբ էլ` իր երկիրը միջուկային զենք ստեղծելու նպատակ չունի:

«Մենք համակարծիք ենք, որ Մերձավոր Արևելքը պետք է ընդհանրապես զերծ լինի միջուկային զենքի առկայությունից: Ավելին, մենք կողմ ենք, որպեսզի Մերձավոր Արևելքից հեռացվեն զանգվածային ոչնչացման բոլոր զինատեսակները: Դրա հետ մեկտեղ, մեր նպատակը յուրաքանչյուր պետության համար միջուկային խաղաղ ծրագրերի զարգացման իրավունքի ապահովումն է», - հայտարարել է Հասան Ռոհանին:

Անկարայում կայացած թուրք-իրանական բանակցությունների գլխավոր արդյունքներից մեկն էլ երկկողմ տնտեսական հարաբերությունների խորացման մասին ձեռք բերված կոնկրետ համաձայնություններն են: Կողմերը պայմանավորվել են մինչև 2015 թվականի ավարտը երկկողմ ապրանքաշրջանառության տարեկան ծավալը 15 միլիարդ դոլարից հասցնել 30 միլիարդի:

Ի դեպ, Հասան Ռոհանիի այցի ևս մեկ աչքի ընկնող դրվագը վերջին պահին միջոցառումների ծրագրում կատարված արարողակարգային շտկումներն էին: Ի տարբերություն Անկարա այցելող մյուս բոլոր արտերկրյա ղեկավարների, Ռոհանիի ծրագրում այցելությունը Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի դամբարան բացակայում էր : Դա, ըստ թուրքական լրատվամիջոցների, իրանական կողմի պահանջն էր, որի հետ Անկարայում ստիպված էին համակերպվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG