Մատչելիության հղումներ

​Էնդրյու Ջենինգս. «ՖԻՖԱ-ն ավազակների խումբ է»


Բրիտանացի լրագրող Էնդրյու Ջենինգս, արխիվ
Բրիտանացի լրագրող Էնդրյու Ջենինգս, արխիվ

Բրիտանացի լրագրողը պնդմամբ, մասնավորապես, Քաթարը 2022-ի աշխարհի առաջնությունն անցկացնելու պատվին արժանացել է միլիոնավոր դոլարների կաշառքի շնորհիվ:

Այս հինգշաբթի Բրազիլիայում մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, մինչդեռ արդի ֆուտբոլի վերին ղեկավարող կառույցը` ՖԻՖԱ-ն, ըստ բրիտանացի լրագրողի, որակվել է իբրև կոռումպացված մարմին։

Sunday Times պարբերականի հետաքննող լրագրող Էնդրյու Ջենինգսը հրապարակել է վերլուծություն, որի համաձայն՝ Քաթարը 2022 թվականի աշխարհի առաջնությունն անցկացնելու պատվին արժանացել է 5 միլիոն դոլար կաշառք տալու շնորհիվ։

Քաթարի պոշտոնյաները, բնականաբար, հերքում են մեղադրանքը։ Այնուամենայնիվ, ՖԻՖԱ-ի էթիկայի կոմիտեն որոշել է հետաքննություն սկսել, և եթե կաշառքի փաստն ապացուցվի, Քաթարը կարող է զրկվել առաջնությունն անցկացնելու իրավունքից։

Ջենինգսը, ով նախկինում էլ հոդվածներ է հեղինակել համաշխարհային ֆուտբոլի համակարգում մերթընդմերթ կնքվող ապօրինի գործարքների մասին, հայտարարում է, թե «ՖԻՖԱ-ն ավազակների խումբ է»։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ջենինգսը պնդել է, որ ՖԻՖԱ-ին վստահել չի կարելի։

«ՖԻՖԱ-ով սկսել եմ հետաքրքրվել 10 կամ 12 տարի առաջ և անմիջապես հասկացել եմ, որ այդ կառույցի համար ամենաճիշտ որակումը «կազմակերպված հանցախումբն» է։ Դա մաֆիայի ընտանիք է, որը եկամուտ է ստանում ազգային ֆեդերացիաներից, աշխարհի առաջնության տոմսերի վաճառքից, չվերահսկվող դրամաշնորհներից, դա ավազակների խումբ է, ես նրանց չեմ վստահում և ոչ ոք չպետք է վստահի», - ասել է Ջենինգսը։

Նրա համոզմամբ՝ աշխարհի առաջնության համար միշտ գումարներ են վճարվել։

«Գերմանիան 2006-ին է վճարել, և դա մեկնաբանվել է գերմանական մամուլում։ Հարավային Աֆրիկայում շինարարական ընկերություններն են հարստացել, իսկ ՖԻՖԱ-ն ստացել է հեռուստահաղորդումների տնօրինման իրավունքը։ Բոլորն են փող դիզում՝ բացի խեղճ շարքային հարկատուից», - ասել է լրագրողը՝ շարունակելով․ - «Հիմա էլ առաջնությունը կլինի Բրազիլիայում։ ՖԻՖԱ-ի կոռումպացված նախագահ Զեփ Բլաթերն է այդ իրավունքը տվել Բրազիլիայի ֆուտբոլի կոռումպացված նախկին նախագահ Ռիկարդո Տեիխերային»։

Ջենինգսի խոսքերով՝ տվյալ պահին չկան փաստեր, որոնք կապացուցեին, որ ռուսներն էլ են փող վճարել 2018-ին առաջնություն անցկացնելու համար, «բայց ռուսներին այդ իրավունքը տվել են նույն ավազակները, ովքեր Քաթարի հարցն են լուծել, իսկ Քաթարի դեպքում արդեն կան կոռուպցիայի մասին վկայող շատ փաստեր, ուրեմն՝ եթե Քաթարը զրկվի առաջնությունից, Ռուսաստանին էլ պետք է զրկել, որովհետև այդ ընտրություններն ազնիվ չեն եղել, և պետք է նորից ընտրություններ անցկացնել»։

Հետաքննող լրագրող Էնդրյու Ջենինգսի համոզմամբ՝ Շվեյցարիան, որի տարածքում գտնվում է ՖԻՖԱ-ի կենտրոնակայանը, միջազգային կառույցները` ՄԱԿ-ը, Եվրամիությունը, պետք է միջամտեն, թափանցիկություն պահանջեն, պատժեն մեղավորներին, «կոռումպացված բոլոր պաշտոնյաներին, ովքեր հարստություններ դիզելով՝ պղծում են աշխարհի ամենասիրված խաղը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG