Մատչելիության հղումներ

Ռուսաստանում խիստ հակաամերիկյան տրամադրություններ են


Նախագահ Վլադիմիր Պուտինի գործունեությանը հավանություն տվող (կապույտ) և չտվող (կարմիր) ռուսաստանցիների տոկոսային պատկերը 1999 - 2014 թվականներին ըստ «Լևադա» կենտրոնի հարցումների, 4-ը հունիսի, 2014թ.
Նախագահ Վլադիմիր Պուտինի գործունեությանը հավանություն տվող (կապույտ) և չտվող (կարմիր) ռուսաստանցիների տոկոսային պատկերը 1999 - 2014 թվականներին ըստ «Լևադա» կենտրոնի հարցումների, 4-ը հունիսի, 2014թ.

Դրական վերաբերմունքը Բելառուսի, Չինաստանի, Ղազախստանի և Հայաստանի հանդեպ է։

Հասարակական կարծիքի հետազոտություններ անցկացնող «Լևադա» կենտրոնը հրապարակել է վերջին հարցախույզի արդյունքերը, որոնց համաձայն՝ Ռուսաստանում հակաամերիկյան տրամադրությունները աննախադեպ աճել են և հասել պատմական գագաթնակետին։

Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների 71 տոկոսը հայտնել է, որ Ամերիկայի նկատմամբ «հիմնականում վատ» կամ «շատ վատ» է վերաբերվում։

«Լևադա» կենտրոնը նշում է, որ 1990-ականների սկզբին հակաամերիկյան տրամադրություններ ունեցող ռուսաստանցիների թիվը 10 տոկոսի էլ չի հասել, հետագայում այն աճել է, բայց 71 տոկոս երբեք չի եղել։

Հարցվածների 69 տոկոսի համոզմամբ՝ Ռուսաստանի հանդեպ տվյալ պահին «առավել թշնամաբար է տրամադրված» Ամերիկան, 30 տոկոսի կարծիքով` Ուկրաինան։

Հարցախույզն անցկացվել է Ուկրաինայի հարավարևելյան շրջաններում Կիևի իշխանությունների նախաձեռնած հակաահաբեկչական ուժային գործողության ժամանակաշրջանում, ինչն էապես ազդել է հարցվածների դիրքորոշումների վրա։

«Լևադա» կենտրոնը նշում է, որ ի պատասխան ուկրաինական իրադարձությունների՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները և Եվրոպական միությունը սկսել են Ռուսաստանի նկատմամբ սահմանել տարբեր պատժամիջոցներ․ մի քանի տասնյակ պետական պաշտոնյաներ և գործարարներ զրկվել են մուտքի վիզաներից, նրանց բանկային հաշվեհամարները սառեցվել են, արգելվել է մի շարք ռուսաստանյան, ինչպես նաև Ղրիմի տարածքում գտնվող ձեռնարկությունների հետ համագործակցությունը։

Ըստ «Լևադա» կենտրոնի փորձագետների, ռուսաստանցիների շրջանում հիմա ակնհայտ հակակրանք է առաջացել նաև Եվրոպական միության նկատմամբ։

Մինչդեռ, Չինաստանի դրական ըմբռնումը 62 տոկոսից հասել է 72 տոկոսի։ Հարցվածների 40 տոկոսը Չինաստանը համարում է «Ռուսաստանի ամենամերձավոր դաշնակիցը»։ Չինաստանը «մերձավոր դաշնակիցների» ցուցակում գրավում է երկրորդ տեղը, առաջին տեղում Բելառուսն է, երրորդը Ղազախստանն է, չորրորդը` Հայաստանը։

«Լևադա» կենտրոնն այս հարցումներն անցկացրել է մայիսի 23-26-ը Ռուսաստանի Դաշնության 45 ռեգիոնների 130 բնակավայրերում։ Հարցերին պատասխանել են 18 տարեկանը լրացած 1600 քաղաքացիներ։ Արդյունքների վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 3.5 տոկոսը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG