Մատչելիության հղումներ

Ադրբեջանը՝ Ռուսաստանի ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում


Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օգթայ Ասադով
Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օգթայ Ասադով
Մոսկվայում այսօր տեղի ունեցած Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության խորհրդարանական պատվիրակությունների երկկողմ հանդիպմանը Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օգթայ Ասադովը խոստացել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի Բաքվում նախատեսված հունիսյան նստաշրջանում Ուկրաինայի հարցում Ռուասաստանի պատվիրակությանն աջակցել։

«Մենք հետևում ենք Ուկրաինայի հարավ-արևելքում տիրող իրավիճակին։ Մենք հասկանում և տեսնում ենք Ռուսաստանի ձգտումները։ Կարծում եմ, որ մենք լինելով ռազմավարական գործընկերներ՝ ԵԱՀԿ-ում նույնպես հանդես կգանք միասնական դիրքորոշմամբ»,- ասել է Ասադովը։

Ադրբեջանի իշխող կուսակցության ներկայացուցիչն իր խոսքում նաև ընդգծել է, որ Ադրբեջանը մեծ նշանակություն Է տալիս Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների զարգացմանը։

«Ռուսաստանի հետ մեր երկկողմ հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի»,-հավելել Է Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարը:

Ռուսաստանի Պետդումայի ղեկավար Սերգեյ Նարիշկինը նշել է, որ Ռուսաստանը նույնպես շահագրգռված Է Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության ընդլայնմամբ և խորացմամբ։

ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանը, որը նախատեսված է հունիսի 28-ից հուլիսի 2-ը, տեղի է ունենալու Ադրբեջանի մայրաքաղաքում։

Հունիսին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Բաքու են ժամանելու Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը։

Ադրբեջանը հանդիսանում է Ռուսաստանի ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը։

Լրագրողների հետ հանդիպմանը Լուկաշևիչը հայտնել է, որ Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը հունիսի 17-18-ը պլանավորում է պաշտոնական այցով մեկնել Բաքու։ Սա կլինի երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների թվով չորրորդ հանդիպումը։

«Ադրբեջանը Հարավային Կովկասում մեր ռազմավարական գործընկերն է։ 2013 թվականին մեր երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 3.5 միլիարդ դոլար, ինչը 4 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Ադրբեջանում գործում են ավելի քան 500 ռուսական ընկերություններ»,- ասել է Լուկաշևիչը։

Լուկաշևիչը նշել է նաև, որ ներկայումս ընթացքի մեջ է Ռուսաստան-Ադրբեջան միջկառավարական հանձնաժողովի տնտեսական համագործակցության գծով 16-րդ նիստի նախապատրաստական աշխատանքները.- «Մեր համագործակցության կարևորագույն տարրերից մեկը Ռուսաստանի ու Ադրբեջանի սուբյեկտների միջև զարգացումն է: Մենք մեծ հույսեր ենք կապում ռուս-ադրբեջանական միջազգային 5-րդ ֆորումի հետ, որը հունիսի 23-24-ին անցկացվելու է ադրբեջանական Գաբալա քաղաքում»:

ITAR-TASS-ի հղումով լուրը հրապարակելուց քիչ անց ադրբեջանական haqqin.az-ը հաղորդել է, որ կայքի խմբագրություն է զանգահարել Միլի Մեջլիսի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Մեհման Ղարիբովը, ով կտրականապես հերքել է ռուսական գործակալության տեղեկությունն այն մասին, որ Ադրբեջանը խոստացել է աջակցել Ռուսաստանին ուկրաինական հարցում:
Ղարիբովի խոսքերով՝ Ուկրաինայի հարցում Ադրբեջանն իր դիրքորոշումն արտահայտել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում այդ հարցի շուրջ քվեարկություններում, և Միլի Մեջլիսի նախագահը մշտապես կողմ է եղել է այդ դիրքորոշմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG