Քիգբոքսինգի չեմպիոն, 18-ամյա Արմեն Վարդանյանի մոտ «Դավիդյանց լաբորատորիաներն» ախտորոշել են խոշորաբջջային լիմֆոմա: Մոտ մեկ տարի բուժվելուց հետո տղան լրացուցիչ ստուգում է անցել Սանկտ Պետերբուրգում, որտեղ երևանյան լաբորատորիայի ախտորոշումը հերքվել է:
Մայրը՝ Անահիտ Իգիթյանը, պնդում է, որ սխալ ախտորոշման հետևանքով իր որդին ստացել է ծանր բուժում՝ քիմիոթերապիայի 8 կուրս` յուրաքանչյուրի համար վճարելով 1. 600.000 դրամ: Այնինչ Սանկտ Պետերբուրգում պարզվել է, որ տղայի մոտ նույն հիվանդության թեթև տեսակն է, ինչն ախտորոշելու համար, մոր խոսքով՝ երևանյան լաբորատորիան համապատասխան միջոցներ չի ունեցել:
«Ինչո՞ւ եմ պնդում, որ սխալ է ախտորոշումը: Քանի որ լաբորատորիայի բժիշկ Արմենը իր ձեռքի տակ չի ունեցել համապատասխան հինգ նյութը, որ իմ երեխային ախտորոշեր, նա ընդամենը երեք հատն է ունեցել: Այդ ինֆորմացիան իրենց հետ ունեցած զրույցից եմ վերցրել», - ասաց տիկին Անահիտը:
Այսօր երիտասարդը գտնվում է Ֆրանսիայում, որտեղ կրկնակի հետազոտում է անցնում: Որդու բուժման համար տիկին Անահիտը վաճառել է իր հայրական բնակարանը: Բուժման ընթացքում մահացել է երիտասարդի հայրը: Անահիտ Իգիթյանի պնդմամբ՝ սխալ ախտորոշման և ծանր բուժման համար այսօր տիկին Անահիտը փոխհատուցում է պահանջում լաբորատորիայից. - «Նա այնքան բաների միջով է անցել սխալ ախտորոշման պատճառով, որ նրանք ինչքան էլ փոխահոտւցեն իմ երեխայի առողջության համար, չնչին բան է»:
«Դավիդյանց լաբորատորիաների» պատանատոմիական ծառայության բաժնի ղեկավար Արմեն Մխիթարյանի խոսքով՝ իրենց ախտորոշումը ճիշտ է, ինչը պատրաստ են ապացուցել անգամ դատարանում:
«Ես պնդում եմ, որ ախտորոշումը ճիշտ է: Հակառակ դեպքում, եթե մենք ընդհանրապես չունենայինք այս ախտորոշումը, կրկնակի ստուգման կենթարկեինք: Ոչ մի փոխատուցման մասին խոսք լինել չի կարող: Ես վստահ լինելով իմ հետազոտության մեջ՝ իրենց առաջարկել եմ ավելի խորը և մասնագիտական մոտեցում: Եթե դա իրենց չի բավարարի, պատրաստ եմ դատարաններում վիճարկել ու պահել իմ կարծիքը», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Արմեն Մխիթարյանը:
Չնայած լաբորատորիաների` միմյանցից տարբերվող արդյունքների մասին բազմաթիվ բողոքներ կան, ինչն «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հաստատել էր նաև Առողջապահության նախարարության աշխատակազմի նախկին ղեկավարը, այդուամենայնիվ, մինչև օրս ոչ մի լաբորատորիա լիցենզիայից չի զրկվել:
Առնչվող թեմաներով
Ուղիղ հեռարձակում