Մատչելիության հղումներ

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը հերթական ավտոերթն անցկացրեց


«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը հերթական ավտոերթն անցկացրեց
please wait

No media source currently available

0:00 0:03:44 0:00

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը շաբաթ օրը հերթական՝ թվով երկրորդ ավտոերթն իրականացրեց, որին մասնակցում էին տասնյակ վարորդներ։

Վարորդների պահանջները նույնն էին՝ վերացնել փողոցներում ավտոմեքենաների վճարովի կայանատեղերը սահմանազատող կարմիր գծերը, տուգանքները հնգապատիկ նվազեցնել, մինչ այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում, ինչպես նաև դադարեցնել տուգանքները մինչև օրենսդրական բացերի հստակեցումը։

«Ժամանակավոր դադարեցնել կամերաներով կատարվող խախտումների արձանագրումը: Թող պետավտոտեսչությունը ոնց որ առաջ էր աշխատում՝ աշխատի և ակտիվ ռեժիմով տուգանի այն վարորդներին, որոնք կանցնեն կարմիր լույսի տակ, կստեղծեն վթարային պայմաններ, մենք էդ բոլորին կողմնակից ենք: Բայց էս կամերաների անհեթեթությունը, որ բաժանարար գիծ տրորեցիր, կամ չհասցրեցիր ժամանակին խաչմերուկն անցնել, որովհետև ֆորսմաժորային վիճակ էր, հետիոտնը քեզ խանգարեց, և դա կամերան ֆիքսում է որպես խախտում, սա անհեթեթություն է, սրանք ծուղակներ են բոլորը, որ պետք է վերացնեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը։

Պետական բյուջեով՝ ժողովրդի փողերով կառուցված ճանապարհները, որոնք այսօր պետք է ծառայեն երթևեկության համար, ծառայում են ինչ-որ մարդկանց գրպանները հաստացնելուն՝ ասում են նախաձեռնության անդամներն ու պնդում, որ կարմիր գծանշաններն իսպառ պետք է վերացվեն։

«Ճանապարհը, որը պետք է ծառայի մեզ երթևեկության համար, իրենք սարքել են փարքինգ՝ ապօրինի որոշում, որը պետք է իսպառ ջնջվի», - ասաց ավտոերթի մասնակից Արմեն Եփրեմյանը։

Մասնակիցների խոսքով՝ բանակցային գործընթացներ են սկսել թե՛ ոստիկանության, թե՛ տեսախցիկների միջոցով վերահսկողություն իրականացնող «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հետ։ Սակայն քանի դեռ քննարկումները բանավոր խոստումներից այն կողմ չեն անցնում, վարորդներն էլ երթերը դադարեցնել չեն պատրաստվում։

«Մենք էս պարբերաբար անելու ենք, մինչև մեր առաջ քաշած պահանջները օրենքի ուժ ունենա, ոչ թե խոսակցության մակարդակների վրա, խոստումների։ Եթե որոշակի մակարդակի վրա չլրջացնեն մոտեցումները պատկան մարմինները, հաջորդ ավտոերթը խոստանում ենք ավելի մարդաշատ լինի, և ամբողջ քաղաքն ուղղակի պարալիզացնենք», - ասաց Վարդանյանը։

Իրազեկման ավտոերթը մեկնարկեց Նոր Նորքի 6-րդ զանգվածից, ոստիկանների ուղեկցությամբ։ Այս անգամ էլ, ինչպես նախորդ երթը, առանց տուգանքների չանցավ։ Վարորդներից մեկը տուգանվեց, ոստիկանների պնդմամբ՝ երթևեկության կանոնները խախտելու համար, ականատեսների ու վարորդների պնդմամբ էլ՝ եթե վարորդը կանոն է խախտել, ապա՝ ոստիկանի հրահանգին ենթարկվելու հետևանքով։

Մինչ ոստիկանությունը ակցիայի մասնակցին էր տուգանում, Կոմիտասի պողոտայի երթուղային մեկ հատվածը մոտ 15 րոպե փակվել էր։ Չնայած ակցիայի մասնակիցների պնդումներին, թե ոստիկանը միտումնավոր է տուգանում ու երթն է խոչընդոտում, այդուամենայնիվ, վարորդին տուգանեցին, ինչից հետո երթը շարունակվեց նախագծված երթուղով ու ավարտվեց 16-րդ թաղամասում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG