Մատչելիության հղումներ

Ադրբեջանում քաղաքացիական ակտիվիստներ են ազատազրկվել


Ադրբեջանի ընտրությունների դիտարկման և ժողովրդավարության ուսուցման կենտրոնի ղեկավար Անար Մամեդլի
Ադրբեջանի ընտրությունների դիտարկման և ժողովրդավարության ուսուցման կենտրոնի ղեկավար Անար Մամեդլի
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը վերջերս ստանձնած Ադրբեջանը շարունակում է հետապնդումները իր երկրի քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ։

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների բազմաթիվ կոչերն անտեսելով՝ երկուշաբթի Բաքվի դատարանը դատապարտեց երեք քաղաքացիական ակտիվիստների, ովքեր ավելի վաղ ձերբակալվել և մեղադրվում էին հարկերից խուսափելու, անօրինական ձեռներեցության և պաշտոնական լիազորությունների չարաշահման մեջ։

Ադրբեջանի ընտրությունների դիտարկման և ժողովրդավարության ուսուցման կենտրոնի ղեկավար Անար Մամեդլիին դատապարտվել է 5.5 տարվա ազատազրկման, երկու գործընկերներից մեկը՝ 3.5, իսկ մյուսը՝ 2 տարվա պայմանական ազատազրկման:

Ընտրությունների դիտարկման և ժողովրդավարության ուսուցման կենտրոնը հետևում էր Ադրբեջանում 2013 թվականի աշնանն անցկացված նախագահական ընտրություններին և արձանագրել է ընտրախախտումներ թե՛ քվեարկության, թե՛ ձայների հաշվարկի ժամանակ:

Մամեդլիի կողմնակիցները համարում են, որ նրա ու գործընկերների ազատազրկումը քաղաքական ենթատեքստ ունի: Այս աղմկահարույց գործի առնչությամբ քաղաքացիական ակտիվիստների ձերբակալության առաջին իսկ օրվանից միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները հանդես են եկել բազմաթիվ հայտարարություններով։

Human Rights Watch-ը Մամեդլիի կալանքը տագնապալի ազդանշան է համարել։ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը նույնպես քննադատությամբ էր հանդես եկել։ Իրենց մտահոգությունն էին հայտնել նաև Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները։

Շուրջ 130 քաղբանտարկյալ ունեցող Ադրբեջանում երկուշաբթի Անկախության օրվա կապակցությամբ նախագահ Իլհամ Ալիևը համաներում անցկացնելու մասին հրամանագիր է ստորագրել, որը սակայն տարածվել է ընդամենը երկու քաղբանտարկյալի վրա։

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության փոխանցմամբ՝ Ադրբեջանի իշխանությունները արհամարհել են միջազգային իրավապաշտպան մի շարք կազմակերպությունների՝ քաղբանտարկյալներին ազատ արձակելու կոչերը։

Եվ մինչ միջազգային հանրությունն Ադրբեջանից պահանջում է հետևել եվրոպական չափանիշներին, այսօր այդ երկրի իրավապահները բերման են ենթարկել ևս մեկ քաղաքացիական ակտիվիստի և հինգ ժամից ավելի հարցաքննել։ «Ադրբեջանի եվրոպական շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Ռամին Հաջիլը լրատվամիջոցների հետ զրույցում պատմել է, որ իրեն հարցաքննել են նախանցած տարի Հայաստան կատարած իր այցի շուրջ։

«Ես չեմ բացառում, որ ինձ կարող են ձերբակալել։ Ես ժողովրդական դիվանագիտության շարունակության կողմնակից եմ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին հարցաքննությունների կանչելը լուրջ վնաս է հասցնում խաղաղ գործընթացին»,- լրագրողների հետ զրույցում ասել է երիտասարդ ակտիվիստը։
XS
SM
MD
LG