Մատչելիության հղումներ

Լավրովը և Դավութօղլուն քննարկել են Ղարաբաղի հարցը


Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Ահմեթ Դավութօղլուի հանդիպումը Մոսկվայում, արխիվ
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Ահմեթ Դավութօղլուի հանդիպումը Մոսկվայում, արխիվ
Այսօր Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն:

Հանդիպումից հետո մամուլի համատեղ ասուլիսում Դավութօղլուն ասել է․ - «Ուկրաինայի իրադարձությունները ցույց են տալիս, որ կարևոր է շուտափույթ կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Անհրաժեշտ է կոնկրետ քայլեր կատարել այդ հակամարտությունը լուծելու համար»:

Հայտնելով, որ Մոսկվա է ժամանել Բաքվից, Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ռուսաստանցի պաշտոնակցի հետ հանդիպման մասին ասել է․- «Այսօրվա բանակցություններում մենք հարգարժան Սերգեյ Լավրովի հետ քննարկեցինք Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը: Թուրքիան հանդես է գալիս տարածաշրջանում «սառեցված» հակամարտությունները կարգավորելու օգտին: Այդ տարածաշրջանը շատ մոտ է Թուրքիային և Ռուսաստանին, «սառեցված» հակամարտությունները վտանգներ են ստեղծում տարածաշրջանի երկրների համար»: Դավութօղլուն հույս է հայտնել, որ Ռուսաստանը կօգնի կարգավորելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ինչպես նաև ջանքեր չի խնայի տարածաշրջանում մյուս սառեցված հակամարտությունները լուծելու համար:

Թուրքիայի արտգործնախարարի խոսքերով՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու համար, մենք կարծում ենք, որ հիմա շատ լավ հարթակ է ստեղծվել»:

Այս լուրերը Մոսկվայից փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Դավութօղլուն ասել է․ - «Մեր համատեղ ջանքերը ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորմանն ու Հարավային Կովկասի մյուս խնդիրների լուծմանը: Մտադիր ենք հետագայում ևս զարգացնել առևտրատնտեսական հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ, համատեղ ջանքեր կգործադրենք՝ լուծելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, նորմալացնելու հայ - թուրքական և հայ - ադրբեջանական հարաբերությունները»:

Թուրքիայի արտգործնախարարը նաև ասել է, թե ռուսաստանցի պաշտոնակցի հետ քննարկել են Ղրիմի թաթարների իրավիճակը: Լավրովը ասել է, թե Ղրիմի թաթարների կարծիքները Ռուսաստանը հաշվի է առնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG