Մատչելիության հղումներ

Լրագրողական կազմակերպությունը սպառնալիք է տեսնում Դատախազության հաղորդագրության մեջ


Ինֆորմացիայի ազատության կենտրոնը մտահոգություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազության` 2014թ.-ի մայիսի 22-ին տարածած «Նախաքննական տվյալների հրապարակումը քրեորեն պատժելի է» հաղորդագրության վերաբերյալ:

Կազմակերպութունը գտնում է, որ այն խիստ խնդրահարույց է, չի բխում լրատվամիջոցների ազատության և լրատվության աղբյուրի գաղտնիության իրավունքներից, վտանգի տակ է դնում յուրաքանչյուր լրագրողի մասնագիտական պատշաճ գործունեության իրականացումը, արդյունքում նաև` հասարակության տեղեկություն ստանալու իրավունքը:

Հիշեցնենք՝ վերոհիշյալ հաղորդագրության մեջ ասվում է, որ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ, հսկողություն իրականացնող դատախազները, զանգվածային լրատվության միջոցներում նախնական քննության ընթացքում ձեռք բերված ապացույցների կամ ստուգման ենթակա հանգամանքների վերաբերյալ հրապարակումների յուրաքանչյուր դեպքում, ձեռնարկելու են օրենքով սահմանված քրեադատավարական ներգործության միջոցներ, ապահովելու այդ տվյալների՝ լրատվության միջոցին հայտնի դառնալու աղբյուրի, հանգամանքների պարզումը և այդ կապակցությամբ անհրաժեշտ քննչական ու դատավարական գործողությունների իրականացումը:

ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածը սահմանում է պատասխանատվություն առանց դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի թույլտվության՝ նախաքննության կամ հետաքննության տվյալները հրապարակելու համար` տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը գտնում է, որ ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրությունն ընկալվում է ոչ թե որպես օրինականության ապահովմանն ուղղված գործողություն, այլ ուղղակի սպառնալիք ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների մասնագիտական գործունեության իրականացմանը և առաջարկում է ՀՀ գլխավոր դատախազությանը վերանայել նշված հաղորդագրությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG