Մատչելիության հղումներ

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը բողոքի ավտոերթ կանցկացնի


«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը բողոքի ավտոերթ կանցկացնի
please wait

No media source currently available

0:00 0:02:48 0:00
«Դուրս մեր գրպանից» նոր ստեղծված նախաձեռնությունը, որին, ըստ ղեկավարների, արդեն հազարավոր մարդիկ են միացել, իշխանություններին 5 պահանջ են ներկայացնում՝ վերացնել կարմիր գծերը, տուգանքները հնգապատիկ նվազեցնել, մինչ այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում, ինչպես նաև դադարեցնել տուգանքները, մինչև կհստակեցվեն օրենսդրական բացերը։

«Օրինակ, դիրքավորվելու համար գծանշանները կարճացնել, որ մարդը մինչև լուսարձակ հասնելը կարողանա դիրքավորվի, խաչմերուկները, նշանները և այդ ամենը... ոստիկանությունը պետք է օրենսգրքի մեջ փոփոխություններ իրականացնի։ Բոլոր տաքսու վարորդները կայանատեղիի բացակայության պատճառով 5000 դրամ տուգանվել են, օրինակ տաքսու վարորդ կա 200 հատ 5000 դրամ տուգանք ունի՝ 1 միլիոն դրամ, նրան ընդհանուր ազատել բոլոր տուգանքներից»,- ասաց «Ավտովարորդների պաշտպանության լիգա» կազմակերպության նախագահ, նախաձեռնության հիմնադիր անդամ Տիգրան Հովհաննիսյանը։

Վարորդներն ասում են, կողմ են ոլորտի բարեփոխմանը՝ թող լինեն տեսախցիկներ, ճիշտ ու խելամիտ տուգանքներ, իրենք պատրաստ են պարտաճանաչ մուծել ու ավելի զգոն լինել, սակայն իրականում, ըստ վարորդների պետությունն այսօր ոչ թե երթևեկությունն է կանոնակարգում, այլ մարդկանց գրպանները թալանում։

«Կանգառում կանգնում, պատվիրատուին իջեցնում ես, կամեռան նկարում ա տուգանք, խի՞, ի՞նչի համար, կամ մարդ ա, կանգնեցնում է, տրանսպորտ չկա կանգնի, քշեմ հասնեմ մի կիլոմետր վերև էլ ոտքով կբարձրանա՞, չի բարձրանա պատվիրատուն երբեք։ Հազիվ կարողանում եք մեր տունը պահենք, փլավ ուտելով, վերմիշել ուտելով, դե կարաք ապրեք։ Սենց (տրցակներով) ուղարկում են, վերցնում են էդ գումարները մեր գրպանից ու տանում են»,- «Ազատության» հետ զրույցում դժգոհեց նախաձեռնությանը միացած տաքսու վարորդը։

Դժգոհ վարորդներն ասում են՝ անընդունելի տուգանքները վերացնելու հարցով թե քաղաքապետարան են դիմել, թե ոստիկանություն, թե գծանշումներ իրականացնող «Փարքինգ սիթի» ընկերություն, բայց այդպես էլ սպառիչ պատասխան չեն ստացել։

«Մեկը մյուսի վրա է գցում, թե «Փարքինգ սիթի»-ին ես հարցնում, ասում ա՝ դե ես պետք է նկարեմ ու տամ ճանապարհային ոստիկանությանը, ոստիկանությանն ասում ես, ասում է՝ դե ես ինչ, քաղաքապետարանը, քաղաքապետարանին ասում ես, ասում է՝ ես ընդհանրապես կապ չունեմ։ Բա էս փողերն ո՞ւր ա էթում, բա ո՞ւմ ենք էս տալիս, դե ուրեմն չենք տալիս, հանում ենք ու սենց ճղում ենք, մենք չենք պատրաստվում վճարել, նորից եմ ասում, անցած անգամ էլ ճղեցի ու էլի եմ ճղելու»,- ասաց վարորդը։

Կիրակի ժամը 2-ին Թբիլիսյան խճուղուց նախաձեռնությունը կսկսի իր առաջին բողոքի ավտոերթը, իշխանություններից արձագանք չստանալու դեպքում խոստանում են պայքարն ավելի խստացնել։

«Քաղաքացիական անհնազանդությունը մեր միակ զենքն է մնացել»,- նշեց նախաձեռնության անդամ, դիրիժոր Վարդան Հակոբյանը։
XS
SM
MD
LG