Մատչելիության հղումներ

Լևոն Բարսեղյան․ «Ոստիկանությունը պիտի գա և ապացուցի իր գրած լոլոները»


Գյումրիի վարչական դատարանում այսօր սկսվեց ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի դեմ՝ դեկտեմբերի 2-ի բողոքի ակցիայի ժամանակ «ոստիկանի օրինական պահանջին» չենթարկվելու հայցով դատաքննությունը:

«Հայցի մեջ իմ դեմ, օրինակ, գրել են, որ մենք փակել ենք փողոցը, իրենք բացել են փողոցը, այնինչ տեսագրություններ կան, ֆոտոներ, որտեղ ոստիկանությունն է փակում Ամիրյան փողոցը, ես ենթադրում եմ՝ այն նպատակով, որ մեր երթը չհասնի Մաշտոցի պողոտա», - պատմում է Բարսեղյանը, - «Ոստիկանությունը պիտի գա և ապացուցի իր բոլոր այդ գրած լոլոները, հեքիաթները, թե՝ մենք օրենք ենք խախտել, ոստիկանության օրինական պահանջը չենք կատարել, ոստիկանության պահանջը եղել է օրինական և այլն: Փողոց փակելը դեռ օրինազանցություն չէ, այնինչ, կրկնում եմ, մենք չենք փակել՝ ոստիկանությունն է փակել: Ամիրյանում որոշեցին արդեն բերման ենթարկել, սկսեցին ձերբակալել»:

Այսօրվա նիստում պատասխանող կողմը միջնորդեց դատարանին հետաձգել դատաքննությունը, քանի որ իր պաշտպանները ներկա չէին, սակայն հայցվոր կողմը՝ ոստիկանության Կենտրոնականի բաժնի ավագ իրավախորհրդատու Սոնա Մելիքյանը առարկեց, թե ծանրաբեռնված աշխատակարգ ունի: Դատարանը, սակայն, հայցվորի առարկությունը չընդունեց: Նիստը հետաձգվեց:

Հիշեցնենք՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան այցի և Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության դեմ Երևանի կենտրոնում անցկացված բողոքի ակցիայի մասնակիցներից 110 մարդ «հավաքի խաղաղ և բնականոն ընթացքի ապահովման վերաբերյալ ոստիկանության` օրենքով սահմանված պահանջները չկատարելու համար» բերման էր ենթարկվել ոստիկանության տարածքային մարմիններ, նրանցից շատերի նկատմամբ վարչական վարույթներ էին հարուցվել: Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ևս այդ օրվա ակցիայի՝ բերման ենթարկված մասնակիցներից էր: Նրա նկատմամբ վարչական վարույթ էին հարուցել: Հիմա վարչական դատարաններում այս գործերը քննվում են, և շատ դեպքերում ոստիկանությունը հայցը ետ է վերցնում:

«Ես չգիտեմ ինչ սկզբունքով են իրենք ընտրել նրանց, ում պիտի դատի տան, և ինչ սկզբունքով են թեթևացրել այդ ցուցակը», - ասում է Լևոն Բարսեղյանը:

«Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահն ասաց, որ իրենք խմբով հակընդդեմ հայց են ներկայացրել ոստիկանության գործողությունների դեմ:

«Հայց ենք ներկայացրել, որպեսզի ճանաչվի մեր սահմանադրական իրավունքների ոտնահարումը: Այդ հայցը մասամբ մերժել է վարույթ ընդունել, մասամբ վերադարձվել է: Հիմա այդ հայցը նորից վերամշակվում է, որպեսզի ներկայացվի», - մանրամասնեց նա:

Բարսեղյանը կրկնեց ակցիայի ժամանակ իրենց հնչեցրած կոչերը՝ «Հայաստանը Ռուսաստանի մաս չէ», «Սերժիկ տամոժեննիկ», «Հայաստանի անկախությունը չոտնձգեք», ասելով, թե դրանցում անօրինական ոչինչ չկա:

Նա հիշեցրեց, որ վերջերս նմանատիպ մի գործով՝ Երևանում ռուսական զորքի մասնակցությամբ շքերթ անցկացնելու դեմ բողոքի ակցիայի ժամանակ իրեն վարչական պատասխանատվության ենթարկելու գործը շահել է, իսկ 2008 թվականի մարտի 2-ին Գյումրիում իրեն Թատերական հրապարակից բերման ենթարկելու գործը հասել է Եվրոդատարան: Եթե դեկտեմբերի 2-ի գործով էլ Լևոն Բարսեղյանը օրինազանց ճանաչվի, ապա այս գործն էլ Եվրոդատարան կհասնի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG