Մատչելիության հղումներ

Հայաստանում լուրջ խնդիր են դարձել կիսված ընտանիքները


Դրա հիմնական պատճառը աշխատանքային միգրացիան է:

Հայաստանում, որտեղ ապահարզանների թիվը աշխարհի շատ երկրների հետ համեմատած համեստ է, առաջին հայացքից թվում է՝ ընտանիքներն ամուր են և կայուն, այնինչ երկրի անկախացումից հետո մասնագետները նկատում են ընտանիքին վերաբերող լուրջ խնդիրներ:

Գործազրկությունը շատերին է ստիպել հարազատների հետ հեռվից շփվել: Հնագիտության և ազգագրության ինստիտուտի վերջին տարիների հետազոտությունները փաստում են՝ Հայաստանում դիստանցիոն ընտանիքները զգալի թիվ են կազմում: Էթնոսոցիոլոգ Միհրան Գալստյանը նշում է, որ դա ազդում է ընտանիքների ամրության վրա:

«Դուք կարող եք հանդիպել բազմաթիվ ընտանիքների, երբ, ասենք, ընտանիքի մի մասը՝ ամուսինը կամ ամուսինը և կինը, գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում, երեխաները տատիկների, պապիկների հետ գտնվում են Հայաստանում, կամ ամուսինը այնտեղ է, կինը երեխաների հետ այստեղ է, և այլն, երբեմն ամռան ընթացքում են երեխաները գնում, կամ չեն գնում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գալստյանը, շարունակելով․ - «Այսինքն՝ այդ կիսված ընտանիքների թվաքանակը բավականին մեծ է հիմա»:

Հարցումները ցույց են տալիս, որ միգրանտների մեծ մասը արտագնա աշխատանքի է մեկնում սոցիալական խնդիրների պատճառով՝ երեխաների կրթության կամ հարազատների առողջական հարցերը լուծելու, իրենց խոսքով՝ ընտանիք պահելու համար, սակայն հաճախ այդ իսկ ընտանիքի ամբողջականությունը վտանգելով:

Միհրան Գալստյանն ասում է, որ շատերը, ի վերջո, Ռուսաստանում երկրորդ ընտանիք են ստեղծում:
«Բայց շատ հետաքրքիր է, որ այս երևույթի մասին երբեմն գիտեն նաև միգրանտի այստեղ գտնվող ընտանիքները՝ կինը, երեխաները և այլն, և պետք է ասեմ, որ որոշակի արժեքային համակարգի փոփոխություն է տեղի ունեցել այդ առումով ընտանիքում, նույնիսկ հասարակական կարծիքը այդպես շատ չի դատապարտում նման վարքագիծ ունեցող միգրանտներին, որովհետև այստեղ մի հոգեբանական մեխանիզմ է գործում՝ թող ընտանիքին նյութապես այստեղ ապահովի՝ ինչ ուզում է թող անի», - ասաց էթնոսոցիոլոգը՝ շարունակելով․ - «Նույնիսկ կանայք երբեմն տալիս են այնպիսի պատասխաններ, բա՝ տղամարդ է, երբ ինքը երկար տարիներ գնում է այնտեղ, իրեն խնամող է պետք, կերակրող, և այլն»:

Տարիներ շարունակ դրսում ապրող միգրանտներից շատերն էլ, ըստ ուսումնասիրությունների, ընդհանրապես չեն վերադառնում և ի վերջո լքում են հայաստանյան ընտանիքը:

Ուսումնասիրությունները նաև փաստում են, որ աշխատանքային միգրացիայի հետևանքով տարեցտարի ավելանում է ամուսնալուծությունների թիվը:

Հոգեբան Աննա Բադալյանի խոսքով՝ աշխատանքային միգրացիան խարխլել է ընտանիքի մոդելը: «Կապ չունի, որ քաղաքացիական ակտերի կացության գրասենյակում նրանք գրանցված են, դեռ չեն բաժանվել, ամուսնալուծված չեն․ նրանք հոգեբանորեն արդեն ամուսնալուծված ընտանիքներ են համարվում», - նշեց հոգեբանը՝ պարզաբանելով․ - «Որովհետև ընտանեկան մոդելը՝ որպես էդպիսին, ինքը գոյություն չունի՝ համերաշխության, ջերմության, հարազատների կողք-կողքի ապրելու, և ամենակարևորը՝ դերակատարումների խնդիրը չկա, չէ՞՝ հայրը իր դերակատարումն ունի, մայրը՝ իր, չկա, խախտվել է»:

Շատ ընտանիքներ տուժում են նաև առողջական տեսանկյունից: Եթե այլ երկրներում ՄԻԱՎ֊-ով վարակման հիմնական խումբը մարմնավաճառներն են, թմրամոլները կամ միասեռականները, ապա Հայաստանը բացառիկ է այն առումով, որ վերջին տարիներին վարակակիրները առաջին հերթին աշխատանքային միգրանտներն են և նրանց կանայք, ասում է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը:

«Վերլուծությունը վկայում է, որ մոտ 80 տոկոս դեպքերը ՄԻԱՎ-վարակի՝ գրանցված վերջին երկու տարիներին, կապված են միգրացիոն գործոնի հետ: Դրանք աշխատանքային միգրատներն են՝ մոտ 62 տոկոս, և նրանց զուգընկերները, կանայք, որոնք միասին կազմում են 75-80 տոկոս», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գրիգորյանը:

«Սա մեր իրավիճակի առանձնահատկությունն է, որով մենք նման չենք որևէ այլ երկրի տարածաշրջանում: Իհարկե, ընդհանուր միտումներ կան, որ միգրացիան գերակշռում է կամ զգալի գործոն է հանդիսանում, բայց այս տեսակ շեշտադրում, այս տեսակ առանձնահատկություն միայն Հայաստանի դեպքում եք տեսնում», - շեշտեց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրենը:

Մայիսի 15-ին ՄԱԿ-ը նշում է Ընտանիքի միջազգային օրը: ՄԱԿ-ի տոնացույցի առաջին նպատակը նման օրերին աշխարհի երկրների և բնակիչների ուշադրությունը առանձին խմբերի խնդիրների վրա սևեռելն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG