Մատչելիության հղումներ

Ղարիբաշվիլի. 2008-ի պատերազմը նախկին իշխանությունների գործունեության հետևանք էր


Վրաստան, Ցխինվալի շրջան, Հարավային Օսիա
Վրաստան, Ցխինվալի շրջան, Հարավային Օսիա
Վրաստանում հունիսին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ Մոսկվայի հետ հարաբերություններն ու 2008-ի օգոստոսյան պատերազմը կրկին վերածվում են քաղաքական օրակարգի առանցքային թեմաներից մեկը:

Այս անգամ հնգօրյա պատերազմում Վրաստանի կրած ծանր պարտության թեման քաղաքական օրակարգ են ներմուծում իշխող «Վրացական երազանք» դաշինքի ղեկավարները:

«Այն, որ Վրաստանը ներքաշվեց այդ պատերազմի մեջ, այն, որ մեր տարածքներն այսօր ժամանակավորապես կորսված են ու օկուպացված, այն, որ հազարավոր մարդիկ իրենց իսկ հայրենիքում փախստական են դարձել, այդ ամենը նախկին իշխանությունների ոչ խելամիտ և վատ հաշվարկված քաղաքականության արդյունք էր»,- երկուշաբթի երեկոյան Գորիում կազմակերպված հանրահավաքի ժամանակ հայտարարեց վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Հարկ է նկատել, որ Գորին՝ որպես նման հայտարարություն հնչեցնելու վայր, պատահական չէր ընտրված: Ավելի քան 50 հազար բնակիչ ունեցող այս քաղաքը 2008-ին ռուսական զորքերի հսկողության տակ հայտնված ամենախոշոր վրացական բնակավայրերից մեկն էր:

Իրակլի Ղարիբաշվիլիի այս հայտարարությունը, սակայն, Թբիլիսիում ընկալեցին ոչ միայն որպես ընդդիմադիր «Ազգային միացյալ շարժման» դեմ ուղղված հերթական քարոզչական գործողություն, այլև անուղղակի քննադատություն կառավարության ամենաարևմտամետ անդամի համբավը վայելող պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի հասցեին:

Անցած շաբաթ Ալասանիան «Մաեստրո» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր.- «Ո՞վ է սկսել 2008-ի պատերազմը. այդ հարցն այլևս փակված են համարում ոչ միայն Վրաստանն, այլև ողջ միջազգային հանրությունը: Պատերազմը սկսել է Ռուսաստանը և վերջ»:

Ալասանիայի այս հայտարարությանը նախորդեց նրա մեկ այլ աղմկալի նախաձեռնությունը, որով պաշտպանության նախարարը կոչ էր անում Հյուսիսատլանտյան դաշինքին ռազմական օգնություն ցուցաբերել Վրաստանին: Ալասանիան չէր բացառում անգամ հակաօդային պաշտպանության համակարգերի տեղակայման հեռանկարը Վրաստանի տարածքում:

Նրա համոզմամբ` Ուկրաինայում ծավալված իրադարձությունների ֆոնին Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է ավելի ակտիվ ներգրավվի իր հետ սերտորեն համագործակցող պետությունների պաշտպանության գործին: Այս թեման Ալասանիան քննարկել էր նաև ամերիկացի պաշտոնյաների հետ անցած շաբաթ Վաշինգտոն կատարած այցի ընթացքում: Այսօր արդեն պարզվում է, որ Ալասանիայի հայտարարությունները համաձայնեցված չէին Վրաստանի բարձրագույն ղեկավարության հետ:

«Նման հարցերը պետք է նախևառաջ քննարկվեն Ազգային անվտանգության խորհրդի նիստերի ժամանակ, նոր միայն հիմնվելով այդ քննարկումների արդյունքների վրա հայտարարություններ հնչեցվեն»,- լրագրողների հետ զրույցում ասել էր Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:

Անվտանգության խորհրդի քարտուղար Իրինա Իմերելիշվիլիի կարծիքով էլ` Ալասանիայի հայտարարությունը սխալ էր ոչ թե էության, այլ ձևի առումով:

«Կարծում եմ, որ այս հարցը լայն հանրության դատին ներկայացնելուց առաջ պաշտպանության նախարարը պարտավոր էր խորհրդակցել երկրի գերագույն գլխավոր հրամանատարի՝ նախագահի հետ։ Ընդհանուր առմամբ, իմ համոզմամբ՝ նման խնդիրները պետք է անպայման Անվտանգության խորհրդի նիստերի օրակարգում ընդգրկվեն»,- ասել է Իմերելիշվիլին։

Իրեն ուղղված քննադատությունը, սակայն, Իրակի Ալասանիան չի ընդունում: Նրա կարծիքով, իր գործընկերներից ոմանք, չցանկանալով կտրուկ հայտարարություններով սադրել ռուսական կողմին, հիմնվում են տարածաշրջանային զարգացումների մասին միանգամայն սխալ և հնացած պատկերացումների վրա:

«Ես չեմ բացառում, որ «Վրացական երազանքի» որոշ անդամներ լավ չեն պատկերացնում այն սպառնալիքները, որ այսօր ծառացել են ողջ Եվրոպայի, մասնավորաբար, Վրաստանի առջև»,- ասել է Իրակլի Ալասանիան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG