Մատչելիության հղումներ

Հրադադարի 20 տարում շփման գծում ադրբեջանցի 610 զինծառայող է զոհվել


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինվորը դիրքերում, արխիվ
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինվորը դիրքերում, արխիվ

Ադրբեջանական կողմը այլ կորուստներ ևս ունեցել է, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում:

20 տարվա ընթացքում հայկական կողմի կրակոցների հետևանքով սպանվել է ադրբեջանցի 610 զինծառայող, ևս 710 մարդ վիրավորվել է: Այս տվյալներն են հրապարակված Լրագրողական հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնի հաշվետվությունում:

Ինչպես ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալությանը փոխանցել է կենտրոնի ղեկավար Ջասուր Սումերինլին, հաշվետվությունը պատրաստվել է տեղական լրատվամիջոցների հրապարակումների մշտադիտարկման, ռազմական աղբյուրների և զինվորների ծնողների հաղորդած տեղեկությունների հիման վրա: Վիճակագրությունը ընդգրկում է հայկական և ադրբեջանական զորքերի շփման գծում 1994 թվականի մայիսի 12-ին հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելուց հետո զոհված և վիրավորված ադրբեջանցի զինվորականների մասին ամբողջ տեղեկատվությունը:

Ըստ Սումերինլիի, բացի վերոհիշյալից՝ դիտարկվող ժամանակահատվածում 120 ադրբեջանցի զինծառայող զոհվել, ևս 200-ը վիրավորվել է ականների պայթյունի հետևանքով, հրազենային վիրավորումից մահացել է ադրբեջանցի 15 քաղաքացիական անձ, 40-ից ավելին վիրավորվել է, ականների պայթյունի հետևանքով զոհվել է 18 և վիրավորվել ադրբեջանցի 25 քաղաքացիական անձ:

Նույնպես դիտարկվող ժամանակահատվածում ադրբեջանցի 9 քաղաքացիական անձ պատանդառվել և հետագայում ազատ է արձակվել, 30 ադրբեջանցի զինծառայողներ գերեվարվել են, նրանցից 5-ը ուղարկվել են երրորդ երկրներ, մյուսները հայրենադարձվել են:

Հայկական կողմը Ադրբեջանին է մեղադրում շփման գծում հրադադարի խախտումների համար, մասնավորապես՝ դիպուկահարների կողմից, և վստահեցնում է, որ միայն պատասխան գործողությունների է դիմում դրանց դեմ: Պաշտոնական Բաքուն բազմիցս մերժել է դիպուկահարներին շփման գծից հետ քաշելու՝ հայկական կողմի և միջազգային հանրության, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների կոչերը:

Հրադադարի 20 տարիներին հայկական կողմի կորուստների մասին ամփոփ տեղեկատվություն առայժմ չի հրապարակվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG