Մատչելիության հղումներ

​«Նոր սառը պատերազմի» յոթ տարբերությունները


Ռուս անջատականները Օդեսայում հանրահավաքի ընթացքում պարզել են ԽՍՀՄ-ի դրոշը, 14-ը մարտի, 2014թ.
Ռուս անջատականները Օդեսայում հանրահավաքի ընթացքում պարզել են ԽՍՀՄ-ի դրոշը, 14-ը մարտի, 2014թ.

Վերլուծաբանի կարծիքով՝ «նոր սառը պատերազմը» կլինի ոչ երկարատև, բայց շատ թանկ։

Իրավիճակը Ուկրաինայում հետզհետե սրվում է, վերլուծաբանները խոսում են նոր «սառը պատերազմի» մասին, մինչդեռ «Ազգային շահեր» ամերիկյան վերլուծական կենտրոնի գործադիր տնօրեն և նույնանուն պարբերականի հրատարակիչ Փոլ Սանդերսի կարծիքով՝ այդ «նոր սառը պատերազմը» կունենա առնվազն յոթ տարբերություն Խորհրդային Միության և Արևմուտքի միջև ժամանակին եղած «հին սառը պատերազմից»։


Արևմուտքի և Ռուսաստանի տնտեսական տարբերությունը 16-1

Տարբերություններից մի քանիսը ձեռնտու են Ամերիկային, մի քանիսը` ոչ, մեկն էլ՝ ամերիկացիների համար չափազանց տհաճ։

Առաջին «դրական» տարբերությունն այն է, որ ներկայիս Ռուսաստանը գերտերություն չէ։ Ամերիկայի տնտեսությունը ռուսաստանյանի համեմատությամբ ութ անգամ ավելի հզոր է։ Եվրամիության տնտեսությունը դրան գումարելու դեպքում հարաբերակցությունը կհասնի 16-ը 1-ի։

Միացյալ Նահանգների ռազմական բյուջեն յոթ անգամ է գերազանցում Ռուսաստանինը։ Միացյալ Նահանգների տնտեսությունն աճում է, Ռուսաստանինը մտել է ռեցեսիայի փուլ։

Ռուսաստանը Արևմուտքի հետ երկարատև առճակատման պարզապես չի դիմանա։ Եվ նոր «սառը պատերազմն» էլ յոթ տասնամյակ չի տևի։


Կապիտալիզմի և կոմունիզմի պայքար արդեն չկա

Երկրորդ տարբերությունը գաղափարախոսական մրցակցության բացակայությունն է։ Խորհրդային Միությունը աշխարհում ուներ աջակիցներ, որոնց էժան զենք էր մատակարարում։

Նոր գաղափարախոսության փորձը պահպանողական սոցիալական արժեքներն արևմտյան ազատական արժեքներից պաշտպանելն է, ինչը կարող է հոգեհարազատ լինել որոշ ոչ արևմտյան հասարակարգերի համար, բայց հիմա դա մեծ նշանակություն չունի։


Նոր տեխնոլոգիաները օգուտ են տալիս ռուսներին

Երրորդ տարբերությունն Արևմուտքի օգտին չէ։ Գլոբալացումն ու տեխնոլոգիաները ձեռնտու են բոլորին, այդ թվում՝ թույլերին, բայց նրանց շրջանում կարող է հայտնվել մեկը, ով կփորձի ոչնչացնել ուրիշների ստեղծածը։

Օրինակ, կիբերհարձակման կարողությունը ռուսներին հզորություն է հաղորդում Արևմուտքի հետ հարաբերություններում։


ԱՄՆ-ը ստիպված է աշխարհով զբաղվել, ռուսները` հարևաններով

Չորրորդ տարբերությունն այն է, որ Ռուսաստանը այսօր տարածաշրջանային դերակատար է, բայց թույլ չէ։

Ի տարբերություն Խորհրդային Միության, Ռուսաստանն այսօր համաշխարհային նպատակներ չի հետապնդում, հետևաբար՝ կարող է ուժերը կենտրոնացնել հարևանների հետ հարաբերությունների վրա։

Իսկ Ամերիկան, լինելով համաշխարհային դերակատար, ստիպված է աշխարհի հարցերին հատկացնել մեծ ուշադրություն, հավասարակշռություն ապահովել Ասիայում և միշտ պատրաստ լինել ներգրավվելու Մերձավոր Արևելքի կամ այլ տարածաշրջանների խնդիրներում։

Եվրոպայում տեղակայված ամերիկյան ստորաբաժանումների համեմատությամբ, Ռուսաստանի արևմտյան շրջանների զինտարածքներն ավելի մոտ են Կենտրոնական Եվրոպային, որտեղ հնարավոր են հակամարտություններ։


Այսօր կանոններ չկան

Հինգերորդ տարբերությունն այն է, որ «հին սառը պատերազմի» ժամանակ եղել են որոշակի կանոններ, որոնք հիմա չկան։

Ամերիկայի Միացյալ Նահանգները և Խորհրդային Միությունը մշակել և հաստատել են իրենց մրցակցությունը կարգավորելու և վտանգավոր իրավիճակներից խուսափելու ընթացակարգեր։ Եվ եթե հիմա սկսվի նոր «սառը օպատերազմ», ապա դա կլինի վերադարձ 1945, այլ ոչ թե 1985 թվականին։

Հազարավոր միջուկային ռումբերին, կիբերզենքին և նոր այլ զինատեսակներին գումարվում են պատժամիջոցների, էներգետիկ կախվածության և հարևան երկրներում ռուսալեզու բնակիչների զայրույթի գործոնները։

24-ժամյա հեռուստատեսության և ինտերնետի պայմաններում այդ բոլոր հանգամանքները կարող են միաժամանակ սկսել գործել։ Կառավարությունները ստիպված կլինեն կարգավորել գործընթացները և հանրային կարծիքը մի իրավիճակում, որը նախկինում պարզապես չի եղել։

Դա կարող է երկրների ներսում կառավարությունների վրա գործել այնպիսի ճնշում, որը երբևէ չեն զգացել «հին սառը պատերազմի» լիդերները։


ԱՄՆ - Եվրոպա - Ռուսաստան - Չինաստան

Վեցերորդն աշխարհքաղաքական նոր պատկերն է։ «Հին սառը պատերազմում» եղել է երկու բևեռ` Խորհրդային Միություն և Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Ամերիկայի կողքին է եղել դաշնակիցների երկրորդ խումբը` Եվրոպան, Ճապոնիան և որոշ պահից սկսած` Չինաստանը։

«Նոր սառը պատերազմի» դեպքում Եվրոպան և Չինաստանը կհայտնվեն դժվար ընտրության առաջ։ Պեկինը տեսականորեն կարող է սկսել ճնշում բանեցնել Ամերիկայի վրա։

Եվրոպայում կան հզոր` առավելապես արևմտյան տնտեսություններ և թույլ` արևելյան, որոնք գուցեև կցանկանան միանալ Ռուսաստանի վերաբերյալ Վաշինգտոնի կոշտ քաղաքականությանը, բայց պետք է ծանրութեթև անեն նման որոշում ընդունելիս։


Ամենամեծ վտանգը միջուկային աղետն է

Եվ վերջապես յոթերորդ` ամենավատ տարբերությունը։

Խորհրդային Միությունն ու Միացյալ Նահանգները գիտեին, որ կարող են միմյանց ոչնչացնել։ Ժամանակին Խորհրդային Միությունը չի համարձակվել Ֆուլդա քաղաքի ուղղությամբ ներխուժել Արևմտյան Գերմանիա, քանի որ խորհրդային հրամանատարները գիտեին, որ ամերիկացիներն առանց վարանելու մարտավարական ատոմային ռումբեր կօգտագործեն սովետական տանկային դիվիզիաների հզոր գրոհը կասեցնելու համար։

Հիմա կա պարզ հարց` հավատու՞մ են արդյոք Վլադիմիր Պուտինը և նրա շրջապատը, որ ամերիկացիներն այդքան վճռական կլինեն, եթե տակտիկական ատոմային զենքի մեծ առավելություն ունեցող ռուսական բանակը շարժվի դեպի Բալթյան հանրապետություններ կամ եվրոպական այլ երկրներ։

Այդ հարցի սխալ պատասխանը կարող է Ռուսաստանի ղեկավարներին հուշել, որ հնարավոր է առանց մեծ ռիսկի հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Եվ այդ դեպքում իսկապես կլինեն բոլորի համար աներևակայելի ծանր հետևանքներ։

Վերլուծաբան Փոլ Սանդերսի համոզմամբ՝ «նոր սառը պատերազմը» կլինի կարճատև, բայց շատ թանկ, և, կախված Չինաստանի դիրքորոշումից, Ամերիկայի համար կունենա լուրջ հետևանքներ։ Ամերիկացիներն էլ պետք է շատ երկար մտածեն այդ ճանապարհն ընտրելուց առաջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG