Մատչելիության հղումներ

Նախագահն ու ԱՄՀ-ի առաքելության ղեկավարը քննարկել են կենսաթոշակային բարեփոխումը


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին և նրան ուղեկցող Հայաստանում ԱՄՀ ներկայացուցչության ղեկավար Թերեզա Դաբան Սանչեսին:

Նախագահի աշխատակազմի տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը կարևորել է հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարի այցը Հայաստան հատկապես ՀՀ-ում նոր կառավարության ձևավորումից կարճ ժամանակ հետո, ինչը, նրա խոսքով, հարմար առիթ է կառավարության հետ քննարկելու առաջիկա տարիների համագործակցության ծրագիրը:

«ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը նախագահին ներկայացրել է նոր կառավարության ղեկավարի հետ արդեն ունեցած հանդիպման արդյունքները և գոհունակությամբ խոսել հիմնադրամի հետ համատեղ ծրագրերն ու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերը քննարկելու կառավարության պատրաստակամության մասին, ինչը, նրա համոզմամբ, վկայում է նախկինում եղած ակտիվ երկխոսությունը շարունակելու՝ նոր կառավարության նպատակադրման մասին»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Իրականացվող բարեփոխումների համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են նաև կենսաթոշակային բարեփոխումներին: ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը նշել է, որ հիմնադրամն աջակցում է և առաջիկայում էլ շարունակելու է իր աջակցությունն այդ բարեփոխումներին, որոնք Հայաստանի տնտեսական զարգացման հնարավորությունների տեսանկյունից ևս էական նշանակություն ունեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG