Մատչելիության հղումներ

Հրմշտոցը առիթ էր «Դ!եմ եմ»-ի պահանջի երթը «ճնշելու համար»


Հրմշտոցը առիթ էր «Դ!եմ եմ»-ի պահանջի երթը «ճնշելու համար»
please wait

No media source currently available

0:00 0:05:32 0:00
Հրմշտոցը առիթ էր ոստիկանության համար, որպեսզի ճնշի պահանջի երթը, ասում է «Դ!եմ եմ»-ի անդամ Դավիթ Մանուկյանը՝ մեկնաբանելով երեկվա երթի ընթացքում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում բախում տեղի ունեցավ ոստիկանության և երթի մասնակիցների միջև. որոշ դեպքերում հայհոյանքները զուգորդվեցին հարվածներով:

Ոստիկանության լրատվական բաժնից «Ազատությանը» հայտնեցին, որ միջադեպի պատճառով բերման ենթարկվածների չկան։ Ոստիկանության պնդմամբ՝ հրմշտոցի պատճառը սադրիչներն են եղել: «Դ!եմ եմ»-ի անդամ Դավիթ Մանուկյանը թեև անձամբ չի տեսել, թե ով առաջինը սկսեց բռնի գործողությունները, այդուհանդերձ, կարծում է, որ ոստիկանների շարքում կային մարդիկ, ովքեր չափից դուրս զգացմունքային վարքագիծ դրսևորեցին:

Նա հիշեց՝ անգամ ոստիկաններն էին փորձում էին կարգի հրավիրել ագրեսիվ վարքագծով աչքի ընկնող գործընկերներին: Հարկ է նշել, որ բողոքի ակցիայի ընթացքում ակտիվիստները պարբերաբար հայտարարում էին, որ երթը կրում է խաղաղ բնույթ:

Պահանջի երթը շատ կարճ ժամանակով վերածվեց նստացույցի, ինչը անակնկալ էր ոչ միայն ոստիկանների, այլ նաև ակցիայի մասնակիցների համար: «Մոսկվա» կինոթատրոնի հարակից հրապարակից շարժվելով դեպի Սայաթ-Նովա-Մաշտոց-Բաղրամյան խաչմերուկը, «Դ!եմ եմ» թիմը անսպասելիորեն շրջափակեց փողոցը՝ միառժամանակ կաթվածահար անելով երթևեկությունը։

Ֆրանսիայի հրապարակում Ռոդենի արձանը շրջապատած ակտիվիստները հայտարարեցին, որ այլևս իշխանության խոստումներին չեն հավատում և մտադիր են միայն հանրային ճնշման միջոցով հասնել ցանկալի հաղթանակին:

«Պահանջի երթը վերածվեց պահանջի նստացույցի, մենք պահանջում ենք իշխանություններից, որպեսզի անհապաղ կատարեն մեր պահանջները։ Դրանք արդեն վաղուց հրապարակվել են և մի քանի անգամ շեշտվել են։ Այս շարժման հիմնական անդամները երիտասարդներ են և կրեատիվ մտքերը շատ են, ութ ամիսների ընթացքում արդեն տեսել եք։ Զինանոցում շատ միջոցներ դեռ կան, բայց մենք միևնույն է կոչ ենք անում, որ իշխանությունները ուշքի գան և թույլ չտան, որ դրանք բոլորը կիրառենք»,- ասաց շարժման անդամներից մեկը։

«Կլինեն ավելի լայնածավալ բողոքի ակցիաներ, եթե իշխանությունները կոնկրետ գործողություն չձեռնարկեն, որպեսզի կասեցնեն այս թալանը։ Չենք կարող թողնել, որ ժողովրդին թալանեն և գնանք ինչ-որ նոր օրենքի վերաբերյալ քննարկումների»,- ասաց մեկ այլ ակտիվիստ։

Իշխանության ներկայացուցիչներից ոչ մեկն այս անգամ չայցելեց բողոքի ակցիայի մասնակիցներին։ Ոստիկանները պարբերաբար հորդորում էին քաղաքացիներին ազատել փողոցը, սակայն ապարդյուն: Ավելին՝ ցույցը ոգևորեցին երգ ու պարով, զուռնա-դհոլով: Կարճատև նստացույցին հաջորդեց նորից երթը:

Հաջորդ շաբաթ քաղաքական ուժերը ԱԺ-ում արտահերթ նիստով նորից կանդրադառնան կուտակայինի խնդրին։ Իր հերթին քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարում է, որ մշակում է սեփական օրակարգը՝ նորից անակնկալներով:
XS
SM
MD
LG