Մատչելիության հղումներ

Կոտայքի նախկին մարզպետն ասում է՝ «պլաններ ունի»


Կոտայքի արդեն նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյան, արխիվ
Կոտայքի արդեն նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյան, արխիվ
Կոտայքի արդեն նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանը հավաքել է իրերն աշխատասենյակից, աշխատանքային վերջին օրն էլ անցկացրել աշխատակիցներին հրաժեշտ տալով։

Մարզպետի պաշտոնը 13 տարի զբաղեցրած Շահգալդյանը պնդում է, թե նոր վարչապետի հետ խնդիր չունի, պարզապես տարիքն արդեն մեծ է, որոշել է երիտասարդներին ճանապարհ տալ:

«Այնպես չէ, որ կմնամ անգործ: Պլաններ ունեմ, ծրագրեր ունեմ», - ասում է նախկին մարզպետը:

Հրազդանի քաղաքապետի նախկին թեկնածու, ընդդիմադիր հայացքներ ունեցող Մեսրոպ Մեսրոպյանի կարծիքով, իրականում պաշտոնից ազատվելու մասին որոշումը Շահգալդյանինը չէր, նոր Կառավարությունը որոշեց ու ազատեց, ինչու՝ դեռ պարզ չէ։ Մեսրոպյանի պնդմամբ, Շահգալդյանի պաշտոնավարման տարիներին մարզում ամենաթողության մթնոլորտ է եղել, նախկին մարզպետն էլ հարստացել է պետական միջոցների հաշվին։

«Թող մեկնումեկը գնա, փորձի ճշտել մարզպետի ունեցվածքը մինչև մարզպետ նշանակվելը այս 13 տարվա ընթացքում ունեցվածքը ինչ դինամիկ աճ է ունեցել և այդ ինչպես եղավ», - ասում է նա:

Բնապահպանների համոզմամբ էլ, ոչ միայն նախկին, այլև ներկայիս մարզպետը պետք է պատասխանատվության ենթարկվի. Ինգա Զարաֆյանը թվարկում է Սևանի, Արարատյան դաշտի ստորգետնյա ջրերի դեմ նախկին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի աղմկահարույց որոշումներն ու հանքարդյունաբերության չլուծված խնդիրները, ասում է՝ դա «բավական է, որ իրեն պատասխանատվության կանչենք, և մենք ուզում ենք պահանջով դուրս գալ»:

Հրազդանցի բնապահպանները առայժմ չեն շտապում սվիններով դիմավորել նոր մարզպետին։ Թե՛ Հրազդանը, թե՛ Կոտայքի մարզի այլ բնակավայրեր հարուստ են բնապահպանական խնդիրներով, որոնց մեջ իր մեղքի բաժինն ունի նաև նախկին նախարար Հարությունյանը։ Բայց իրենք առայժմ կսպասեն, ասում է «Առողջ Հրազդան» բնապահպանական քաղաքացիական նախաձեռնության անդամ Մովսես Մանուկյանը․ - «Կփորձենք սկզբնական շրջանում դնել, քննարկել և միասին ինչ-որ բաների հասնել: Եթե տեսնենք դիրքորոշումը նույնն է՝ նույն կրավորական դիրքորոշումն է, ինչ նախկին մարզպետի կողմից էր, մենք, բանականաբար նորից կսրենք մեր շարժումը»:

Կոտայքի մարզկենտրոն Հրազդանի բնակիչների համար մարզպետի փոփոխությունը մեծ նշանակություն չունի։ Մի մասը նույնիսկ տեղյակ չի փոփոխությանը, մյուս մասը չգիտի։ Կենտրոնական հրապարակում հավաքված հրազդանցիները, ովքեր դատարկ ժամերը լցնում էին զրույցներով ու խաղերով, շեշտում են, թե ով էլ լինի մարզի ղեկավարը, դրանից իրենց կյանքը չի լավանա։ Կարևորն աշխատանքն է, որը չունեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG