Մատչելիության հղումներ

Գնաճը վերջին մեկ տարվա ընթացքում կազմել է 4.4 տոկոս


Գնաճը վերջին մեկ տարվա ընթացքում կազմել է 4.4 տոկոս
please wait

No media source currently available

0:00 0:03:28 0:00

Գնաճը վերջին մեկ տարվա ընթացքում կազմել է 4.4 տոկոս

Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում, ըստ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ), գներն աճել են 4.4 տոկոսով:

Ամենամեծ գնաճը, ԱՎԾ-ի վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանի խոսքով, նկատվել է ծառայությունների ոլորտում` պայմանավորված անցած տարվա կեսից գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացմամբ:

«Պարենային ապրանքները գներն աճել են 2.6 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը` 1.8 տոկոսով, իսկ ծառայությունների սակագների աճը կազմել է 8.5 տոկոս», - այսօր փոխանցեց Մարտիրոսյանը և հավելեց, որ ընթացիկ տարվա 4 ամիսների ընթացքում գնաճը կազմել է 1.7 տոկոս: - «Չորս ամիսների ընթացքում գնաճ է արձանագրվել միաժամանակ կաթնամթերքի գծով` 4.8 տոկոս, մրգի գները աճել են 4.7 տոկոսով: Առավել բարձր գնաճ արձանագրվել է բանջարեղենի «կարտոֆիլ» ապրանքային խմբում` 29. 2 տոկոս: Իսկ ոգելից խմիչքի, ծխախոտի գները աճել են նշված ժամանակահատվածում 5.8 տոկոսով»:

Վերջին մեկ ամսվա ընթացքում զգալիորեն աճել են բանջարեղենի, հատկապես՝ կարտոֆիլի, կաղամբի ու գազարի գները:

Գուրգեն Մարտիրոսյանը նշում է, որ վերջին 3 տարիներին ապրիլին մշտապես գնանկում է նկատվել և փաստորեն այս տարի բանջարեղենի այս 3 տեսակները այնքան են թանկացել, որ դա ազդել է ընդհանուր գնաճի վրա. - «Ընդհանուր գնաճը այդ երեք ապրանքատեսակների գծով կազմել է 32.6 տոկոս»:

Առևտրի կետերում վաճառողներն ու գնորդները նշում էին, որ բանջարեղենը, հատկապես կարտոֆիլը մեծ պահանջարկ ունի: Շատերը պարզապես չեն կարող իրենց թույլ տալ ավելի թանկ սննդամթերք` մսեղեն, կաթնամթերք:

«Եթե բյուջեի վրա չազդեր, միս կգնեինք, մյուս բաները, որ թե գազարն ու կաղամբը: Բնականաբար, հազիվ դա ենք հասցնում: Դա էլ թանկացել է, նույնիսկ դա էլ լիարժեք չենք կարողանում առնել, որ երեխաները դրանից գոնե օգտվեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց միջին տարիքի մի կին:

Հատկանշական է , որ այս ընթացքում աշխատավարձերը չեն բարձրացել, և, ըստ փորձագետների, նվազագույն աշխատավարձի և սպառողական զամբյուղի միջև անհամապատասխանությունն ավելի է խորացել: Այսօր Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղը կազմում է 56 հազար դրամ, իսկ նվազագույն աշխատավարձը` 45 հազար դրամ:

«168 ժամ» թերթի տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանի խոսքով` սա Սահմանադրության խախտում է, որտեղ ամրագրված է, որ Հայաստանը սոցիալական պետություն է. - «Եթե ասում ենք իրավական, մեկը կարող է ասել` մեր երկրում իրավունքը աշխատում է, օրենքը աշխատում է, մեկը կարող է համաձայն չլինել: Բայց սոցիալականի դեպքում չափելի է, չէ՞: Որովհետև, եթե դու տեսնում ես, չափելի թիվ կա, թե մարդուն ինչքան է պետք ապրելու համար, ու դու նրան այդ թիվը չես բավարարում, դա նշանակում է պետությո'ւն, դու քո պարտականությունը մարդու նկատմամբ չես կատարում, քո սեփական քաղաքացու նկատմամբ: Նվազագույն աշխատավարձը 56 հազարից պակաս պետք է չլինի: Եթե մենք սոցիալական պետություն ենք ըստ Սահմանադրության, ուրեմն մենք պարտավոր ենք թոշակների ու գոնե պետական աշխատավարձերը չափերը այնքան սահմանել, որ սոցիալական բաղադրիչը ապահովվի, այսինքն` մարդը ապրելու փող ունենա»:

Կառավարության բացատրությունը, թե աշխատավարձերը հնարավոր չէ բարձրացնել, քանի որ բյուջեյում բավարար գումար չկա, Թունյանը արժանահավատ չի համարում. - «Եթե բյուջեն դնեն ու հոդված առ հոդված նայեն, իմ կարծիքով, բավարար միջոցներ կգտնվեն: Ասենք, գործուղումներ կամ անիմաստ (որոնց վրա միլիոնավոր դոլարներ են ծախսվում) դասախոսություններ, կոնֆերանսներ, որոնց արդյունքը այդպես էլ ոչ ոք չի հասկանում... Ցանկություն լինելու դեպքում միջոցներ կարելի է ազատել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG