Մատչելիության հղումներ

Մեր բալետի ասպարեզում «ամեն ինչը պետք է փոխվի»


Armenia - the ballet master Rudolf Kharatyan, who is also a painter, undated
Armenia - the ballet master Rudolf Kharatyan, who is also a painter, undated
Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի արդեն նախկին գլխավոր բալետմեյստեր Ռուդոլֆ Խառատյանի համոզմամբ՝ բալետի ասպարեզում «ամեն ինչը պետք է թարմացվի, փոխվի»:

Երկար տարիներ Միացյալ Նահանգներում աշխատած Խառատյանը չորս տարի պաշտոնավարեց որպես Սպենդիարյանի անվան թատրոնի գլխավոր բալետմեյստեր: Խոստացված պատշաճ ֆինանսավորման բացակայությունը թույլ չտվեց լիարժեքորեն օգտագործել առկա ներուժը, իրականացնել բոլոր ծրագրերը: Իսկ մոտ երկու ամիս առաջ պարախումբն ըմբոստացավ Խառատյանի դեմ, կազմակերպեց ստորագրահավաք, և օրերս գլխավոր բալետմեյստեր նշանակվեց բալետի մեկ այլ անվանի արտիստ՝ Վիլեն Գալստյանը:

«Ազատության» հետ զրույցում Ռուդոլֆ Խառատյանը, անդրադառնալով պարախմբի ըմբոստությանը, ասաց, թե բալետի արտիստները չեն ուզում աշխատել, փորձեր անել օրական 6 ժամ, ուզում են բավարարվել օրական 2 ժամով:

Նա, մինչդեռ, համոզված է, որ մենք լավ ներուժ ունենք այս ասպարեզում․ - «Նրանք կայացել են: Մեր ներուժը Հայաստանն է, որը աղբյուրի նման ծնում է․․․ բայց ճիշտ ուղղության մեջ չի դրվում: Այսինքն մեր դպրոցը հնացած է՝ իր ամեն ինչով, իր մտածելակերպով, իր տեխնիկաներով, իր մեթոդներով: Ամեն ինչը պետք է թարմացվի, փոխվի»:

Խառատյանի խոսքով, չկա ամենակարևորը՝ կարգ ու կանոնը․ - «Ամեն ինչի մեջ է դա, ամբողջ երկրի մեջ է: Հենց կարգ ու կանոն հաստատվեց, ամեն ինչ կընկնի իր տեղը»:

Բալետի ասպարեզը նա համեմատեց սպորտի հետ․ - «Պատկերացրեք մի սպորտաձև, որը միլիմետրերի կամ վայրկյանների հետ է կապված․ մի միլիմետր ավելի չթռար, հետ ես մնում, դու արդեն հաղթող չես: Մի վայրկյան հետ մնացիր, մյուսը հաղթում է: Մենք անընդհատ հետ ենք մնում»:

Նրա համոզմամբ, բալետի արտիստը համաշխարհային բալետային ընտանիքի անդամ է, ու կարևոր չէ, թե որտեղ է ապրում․ - «Վաշինգտոնում երբ աշխատում է, ես գիտեի, որ իմ պարողը գնաց Փարիզ, հետո մյուս օրը պետք է Լոնդոն թռնի, հետո մյուս օրը Ճապոնիա, հետ է գալու: Ու բոլորը շարժման մեջ են: Իմ ամբողջ միտքը սա էր, որ գամ, Հայաստանի այդ ներուժը, որի մասին խոսում եմ, իրենք էլ միանային դրան»:

Հարցին, թե ինչու իր այդ ծրագիրը չիրականացավ, Խառատյանը պատասխանեց․ - «Խնդիր կար՝ եղածների հետ աշխատել, և հեռուն տեսնելով՝ 2-3 տարի հետո պատրաստել․․․ Բալետի պարողը պետք է ամեն օր 6 ժամ աշխատի»:

Ավելորդ չի լինի նշել, որ մեր բալետային արտիստների աշխատավարձը, եզակի բացառություններով, 60-80 հազար դրամ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG