Մատչելիության հղումներ

​Արևմուտքը Մոսկվայի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանեց


Ռուս ակտիվիստները Դոնեցկում պետական շենքի տանիքից ցած են նետում Ուկրաինայի դրոշը, 28 ապրիլի, 2014թ.
Ռուս ակտիվիստները Դոնեցկում պետական շենքի տանիքից ցած են նետում Ուկրաինայի դրոշը, 28 ապրիլի, 2014թ.

Ռուսաստանը պնդում է, որ պատասխան կտա։

Ամերիկայի Միացյալ Նահանգներն այսօրվանից նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի պաշտոնյաների և 17 ընկերությունների նկատմամբ։

Բարձրաստիճան պաշտոնյաների թվում են «Ռոսնեֆտ»-ի նախագահ Իգոր Սեչինը, «Ռոստեխ»-ի նախագահ Սերգեյ Չեմեզովը, Ղրիմում նախագահի լիազոր ներկայացուցիչ Օլեգ Բելավենցևը, փոխվարչապետ Դմիտրի Կոզակը, Պահպանության դաշնային ծառայության ղեկավար Եվգենի Մուրովը, նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վյաչեսլավ Վոլոդինը, Պետական դումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը։

Պատժամիջոցները ենթադրում են վիզաների արգելք և այդ անձանց հաշվեհամարների սառեցում։ Իսկ ընկերությունների ցանկում են «Տրանսօյլը», «Սախարտրանսը», «Ակվանիկան», «Ստրոյտրանսգազը», «Ավիագրուպը» և Պուտինի նեղ շրևապատի հետ առնչությունն ունեցող այլ հիմնարկներ։ Այդ ընկերությունների հանդեպ կգործադրվեն լիցենզավորման սահմանափակումներ։

Առավոտյան ելույթ ունենալով Ֆիլիպիններում՝ նախագահ Բարաք Օբաման ասել է, որ նոր պատժամիջոցները վերաբերվում են բարձր տեխնոլոգիաների արտադրանքը Ռուսաստան փոխադրող ընկերություններին։

«Պատժամիջոցները թիրախային են, ներառում են պաշտպանության բնագավառի բարձր տեխնոլոգիաների ապրանքատեսակներ, որոնց վաճառքը Ռուսաստանին այս հանգամանքներում նպատակահարմար չէ», - ասել է Օբաման։

Եվրոպական միության դիվանագետներն այսօր, իրենց հերթին, ժողով են գումարել Բրյուսելում և նոր պատժամիջոցների ցանկում ընդգրկել են 15 պաշտոնյաների անուններ։

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը քիչ առաջ ասել է, թե Ռուսաստանն անպայման պատասխան կտա։

«Ոչ ոք չունի Ռուսաստանի հետ պատժամիջոցների լեզվով խոսելու իրավունք։ Մեր երկրին ինչ-որ բան պարտադրելու, մեզ վերջնագրեր ներկայացնելու փորձերը բումերանգի նման կվերադառնանք-կհարվածեն նրանց», - ասել է Ռյաբկովը։

Այսօր արձագանքել է նաև նախագահ Վլադիմիր Պուտինը, ով Պետրոզավոդսկում Դաշնային խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե Արևմուտքի նպատակն է ռուսական ռազմաարդյունաբերական համալիրը զրկել ուկրաինական գործարանների մատակարարած արտադրանքից։ Պուտինը համոզված է, որ Ռուսաստանը այդ բացը կլրացնի։

«Դա ժամանակի և փողի հարց է, մի քիչ ավելի թանկ կլինի, բայց մենք կվերապրենք և առաջ կգնանք, իսկ մեր գործընկերները` ոչ, դա է իրականությունը»,- հավաստիացրել է Պուտինը։

Մինչդեռ, իրավիճակը Ուկրաինայի արևելյան շրջաններում խիստ լարված է, ռուս անջատողականները գրավել են Դոնեցկի մարզի Կոստյանտինիվկա ավանի ոստիկանության բաժանմունքը։

Դոնեցկի շրջանային վարչակազմի խոսնակ Իլյա Սուզդալյովը հաղորդել է, որ Կոստյանտինիվկայում անջատողականները ներկայացնում են նույն պահանջները, որոնք հրապարակվել են ռուսների կողմից գրավված արևելյան մնացած քաղաքներում` անցկացնել հանրաքվե, որի միջոցով տարածքը կանջատվի Ուկրաինայից, կամ կստեղծվի դաշնային հանրապետություն և ռուսերենին կտրվի պետական լեզվի կարգավիճակ։

Ռուս անջատողականները շարունակում են գերության մեջ պահել ԵԱՀԿ-ից գործուղված անզեն զինվորական դիտորդների, որոնց անվանում են «ՆԱՏՕ-ի լրտեսներ»։

Ռուսներն ասել են, թե պատրաստ են պատանդներին փոխանակել ուկրաինացիների կողմից ձերբակալված անջատողական ակտիվիստների հետ։ Դիտորդներից մեկին առողջական վիճակի վատթարացման կապակցությամբ ազատ են արձակել։

Գերմանիան այսօր Ռուսաստանին կոչ է արել օգտագործել ազդեցությունը անջատողականների վրա և նպաստել պատանդների ազատ արձակմանը։

Այսօր Փարիզում Եվրամիության տնտեսապես առավել խոշոր 5 երկրների ֆինանսների նախարարները քննարկել են Ռուսաստանի հետ հարաբերությունների խնդիրը։

Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոբլեն ասել է, թե Եվրոպան միասնական է և ոչ ոք չպետք է թերագնահատի Եվրոպայի վճռականությունը։

«Մենք լարվածություն չենք ուզում, մենք համագործակցության կողմնակից ենք, բայց երբ մեզ մարտահրավեր են նետում, մենք այն ընդունում ենք»,- ասել է Շոբլեն։
XS
SM
MD
LG