Մատչելիության հղումներ

Գլազևը արևմտյան պատժամիջոցների ազդեցությունը նվազեցնելու ծրագիր է առաջարկում


Ռուսաստանի նախագահ Սերգեյ Գլազև, արխիվ
Ռուսաստանի նախագահ Սերգեյ Գլազև, արխիվ

Ռուսաստանի ֆինանսների նախկին նախարարը, մինչդեռ, հայտարարում է, թե այն, ինչ առաջարկում է Պուտինի խորհրդականը, պատժամիջոցներից վնասակար է:

Արևմտյան առաջնորդները Ռուսաստանի իշխանություններին սպառնում են նոր պատժամիջոցներով, իսկ ռուսաստանցի պաշտոնյաները հայտարարում են, որ հանգիստ կարող են ապրել առանց Արևմուտքի, առանց դոլարի, եվրոյի, արտասահմանյան ապրանքների:

Պետք է պարզապես առևտրատնտեսական հարաբերությունները ավելի զարգացնել չեզոք երկրների հետ, պետք է նոր եկամտահարկ սահմանել հարուստ ռուսաստանցիների համար, մի խոսքով՝ նոր Խորհրդային Միություն կառուցել՝ երկաթե վարագույրով, դոլար պահելու համար քրեական գործի սպառնալիքով և ոչ զարգացած երկրների հետ բարեկամական հարաբերություններով․ Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը հենց նման սցենար է առաջարկում:

Գլազևի ծրագիրը երկու նպատակ է հետապնդում՝ մեղմացնել նոր պատժամիջոցների ազդեցությունը Ռուսաստանի վրա և ընդհանրապես՝ հնարավորինս նվազեցնել Ռուսաստանի վրա արտաքին աշխարհի ազդեցությունը, այսինքն՝ մեկուսացնել երկիրը:

Պետք է առավելագույնս նվազեցնել ամերիկյան տարադրամի շրջանառությունը Ռուսաստանում՝ ինչպես պետական կառույցներում, այնպես էլ մասնավոր ընկերություններում և ընդհանրապես բնակչության շրջանում, ասում է Գլազևը:

Բացի այդ, նա առաջարկում է ռուսական բոլոր ակտիվները հանել ՆԱՏՕ-ի անդամ երկրներից և տեղափոխել ավելի չեզոք երկրներ, իսկ Մաքսային միության երկրների հետ առևտրատնտեսական հարաբերություններում էլ, ըստ նրա, պետք է ամբողջովին հրաժարվել դոլարից և եվրոյից, բոլոր հաշվարկները կատարել ազգային տարադրամներով:

Հիշեցնենք՝ որպես Եվրասիական միության ապագա տարադրամ արդեն առաջարկվել է «ալթըն»-ը:

Ռուսաստանի նախագահի խորհրդականի այս անհավանական թվացող ծրագրին առաջիններից մեկը արձագանքել է երկրի ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը: Նա քննադատել է Գլազևին և Թվիթերում իր բլոգում գրել․ - «Այն, ինչ առաջարկում է Գլազևը, ավելի վնասակար է, քան արևմտյան պատժամիջոցները»:

Իսկ որպես տնտեսական աճի միջոց՝ Վլադիմիր Պուտինի խորհրդականը առաջարկում է 40 տոկոսի չափով նոր եկամտահարկ սահմանել շատ հարուստ ռուսների նկատմամբ:

Սերգեյ Գլազևը համոզված է, որ սա Ռուսաստանի զարգացման հոյակապ ծրագիր է, մնում է, որ այն հավանության արժանացնի Պուտինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG