Մատչելիության հղումներ

Հարցումներ․ Պուտինի նկատմամբ դրական վերաբերմունքը Ռուսաստանում աճում է


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին

Երկրի ղեկավարի նկատմամբ վստահության մասին են հայտնել «Լևադա» կենտրոնի անցկացրած հարցման մասնակից ռուսաստանցիների երկու երրորդից ավելին:

Հասարակական կարծիքի ուսումնասիրության «Լևադա» կենտրոնը ներկայացրել է Ռուսաստանում նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշի, նրա նկատմամբ ժողովրդի վստահության աստիճանի և նրա գործունեության գնահատականի վերաբերյալ մարտի վերջին անցկացրած երկու հարցումների արդյունքները: Դրանք ցույց են տալիս, որ բավական տևական անկումից հետո Վլադիմիր Պուտինի նկատմամբ դրական վերաբերմունքը անցած տարվանից անխախտ աճում է:

Պուտինի հանդեպ վստահության զգացում ունենալու մասին է հայտնել հարցվածների 71 տոկոսը: Նախորդ տարվա համեմատությամբ ավելացել է Պուտինով հիացողների թիվը՝ եթե 2013-ին միայն 2 տոկոսն էր նման պատասխան տվել, ապա այս մարտին Պուտինով հիացողներն արդեն հարցվածների 6 տոկոսն են կազմել: Դրա հետ մեկտեղ, նվազել է Պուտինի նկատմամբ ընդգծված բացասական վերաբերմունք ունեցողների թիվը․ այս տարվա հարցման մասնակիցների միայն 2 տոկոսն են իրենց վերաբերմունքը որպես հակակրանք ձևակերպել՝ նախորդ տարվա 5 տոկոսի փոխարեն:

Ամենատարածված վերաբերմունքը ռուսաստանցիների մոտ համակրանքն է Պուտինի նկատմամբ. 31 տոկոսն է այս տարի ասել, որ Պուտինին համակրում է՝ նախորդ տարվա 18 տոկոսի փոխարեն: Հարցվածներին առավել գրավում են Պուտինի փորձառությունը` 35 տոկոսն է նման կարծիք հայտնել, 32 տոկոսը նկատել է նրա եռանդն ու վճռականությունը, իսկ մոտ 20 տոկոսը շեշտել է առաջնորդի հատկությունները:

Միևնույն ժամանակ, հարցվածներին դուր չի գալիս այն հանգամանքը, որ Պուտինը կապված է մեծ փողերի և կոռումպացված պաշտոնյաների հետ․ երկու դեպքում էլ մոտ 20 տոկոսն է նման կարծիք հայտնել:

«Ո՞ւմ շահերն է ներկայացնում Պուտինը» հարցին այս տարի ամենաշատը պատասխանել են, թե ուժային կառույցների, այսինքն` հատուկ ծառայությունների, բանակի և ներքին գործերի նախարարության․ նախորդ տարվա համեմատությամբ այդ պատասխանը տվողների թիվն աճել է 9 տոկոսով և կազմել է 46 տոկոս: Երկրորդ տեղում, ըստ հարցվածների, օլիգարխներն ու խոշոր գործարարներն են: Միայն 12 տոկոսն են համոզված, որ Պուտինը ներկայացնում է սովորական մարդկանց շահերը․ վերջին տասնամյակի ընթացքում սա ամենափոքր ցուցանիշն է: Միևնույն ժամանակ, պատասխանը, թե Պուտինը առանց բացառության բոլորի շահերն է ներկայացնում, այս տարի տվել է հարցվածների 14 տոկոսը՝ կրկնակի ավելի, քան նախորդ տարի:

Հարցվածների կեսից մի փոքր ավելին` 51 տոկոսը համարում է, որ Պուտինի հիմնական ձեռքբերումը իր իշխանության տարիներին Ռուսաստանին հզոր և հարգված տերության կարգավիճակը վերադարձնելն է: Նախորդ տարվա համեմատությամբ այդ կարծիքը ունեցողների թիվը կտրուկ աճել է` 15 տոկոսով: Միաժամանակ, նվազել են առանց այն էլ բավական փոքր տոկոս կազմող պատասխանները, թե Պուտինի ձեռքբերումը օրենքի և կարգուկանունի ամրապնդում է եղել՝ նախորդ տարվա 11 տոկոսի փոխարեն այս տարի նման կարծիք է հայտնել հարցվածների միայն 9 տոկոսը:

Իսկ «ի՞նչ չի հաջողվել Պուտինին իր իշխանության ժամանակ» հարցին մեկ երրորդը պատասխանել է, որ Ռուսաստանի նախագահին չի հաջողվել արդար բաշխել եկամուտները՝ նախորդ տարվա համեմատությամբ նման կարծիք արտահայտողների թիվը նվազել է 8 տոկոսով:

Ի պատասխան հարցի, թե ինչ խնդիրների լուծման վրա պետք է կենտրոնանա Պուտինը, 62 տոկոսը նշել է երկրի տնտեսական վիճակի բարելավումը, նախորդ տարվա համենատությամբ նախագահից տնտեսական խնդիրների շուտափույթ լուծում ակնկալողների թիվը աճել է 9 տոկոսով:

Նախորդ տարվա համեմատությամբ նվազել է նրանց թիվը, ովքեր կարծում են, որ Պուտինը այժմ պետք է կենտրոնանա երկրի ներսում կարգուկանոն հաստատելու գործի վրա․ եթե նախորդ տարի նման պատասխան էր տվել հարցվածների 42 տոկոսը, ապա այս մարտին՝ միայն 28 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG