Մատչելիության հղումներ

Երևանում տրանսպորտի սակագնի վերաբերյալ հստակություն չկա


Վաղը լրանում է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտային հանձնաժողովին ուղեվարձի սակագնի հաշվարկ ներկայացնելու վերջնաժամկետը։ Մինչ այս պահը հաշվարկ է ներկայացրել միայն Ուղևորափոխադրողների միությունը, որը պնդում է, որ գինը պետք է բարձրանա։

Ուղևորափոխադրողների միության կարծիքով Երևանում որակյալ տրանսպորտային համակարգ ունենալու համար ուղևորափոխադրման սակագինը պետք է 250 դրամ սահմանվի։ Այսօր «Ազատության» հետ զրույցում այդ մասին ասաց Ուղևորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը։

Երկու շաբաթ առաջ Երևանի քաղաքապետարանում տրանսպորտի սակագինը քննարկող հանձնաժողովին ներկայացվեց միջազգային փորձագետների եզրակացությունը, որի համաձայն միկրոավտոբուսների համար օպտիմալ գին էր սահմանվել 207 դրամը, բնական գազով աշխատող ավտոբուսների համար՝ 196 դրամը, իսկ դիզվառելիքով աշխատող ավտոբուսների համար՝ 252 դրամը։

Եղիազարյանը ասաց, որ իրենք հիմք են վերցրել ամենաբարձր գինը, քանի որ այլապես համակարգը չի կարող գործել։

«Այս պայմաններում այն ձեռնարկությունները, որոնք դիզելային շարժիչով են աշխատում դատապարտված են ոչնչացման, ուրեմն պետք է ընտրել բարձրագույն թիվը», - մեկնաբանեց Ուղևորափոխադրողների միության նախագահը:

Եղիազարյանի այս պնդումը «պարզապես անընդունելի» է որակում «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը, ում կարծիքով, եթե այդպես է՝ ապա դիզվառելիքով աշխատող ավտոբուսների փոխարեն կարելի է սպասարկել 56 դրամով ավելի էժան աշխատող գազով ավտոբուսներով։

Քաղաքապետարանում ստեղծված տրանսպորտային հանձնաժողովի նախագահը երկու շաբաթ առաջ փորձագետների ներկայացրած թվերից հետո հայտարարեց, որ 15-օրյա ժամկետում հանձնաժողովի անդամները կարող են սակագնի այլ հաշվարկներ ներկայացնել, իսկ եթե այդպիսիք չլինեն, ապա կքննարկեն միջազգային փորձագետների հաշվարկները։ Վաղը այս ժամկետը լրանում է։ Բաբկեն Պիպոյանի կարծիքով միջազգային փորձագետները իրենց ուսումնասիրությունների արդյունքում պարզապես ուռճացրել են սակագինը։ Օրինակ՝ հաշվարկները կատարվել են դեկտեմբերին, երբ տրանսպորտը քիչ է եղել, հետևաբար և ուղևորները, արդյունքում՝ մուտքերի և ծախսերի համադրությամբ կատարվող հաշվարկներում մուտքերը քիչ են եղել, և սա միակ խնդիրը չէ։

«Անգամ միջազգային փորձագետը ասում է, որ ցանցը վերանայման ենթակա է, քանի որ ոչ արդյունավետ գծեր կան։ Ես հասկանում եմ, որ դա ժամանակատար պրոցես է, բայց այն կարող է բերել գնի նվազեցման, հիմա եթե ցանցի վերանայումը բերելու է գնի նվազեցման, սպառողը վատ ցանցի համար պետք է վճարի՞», - հարցնում է նա:

Քաղաքապետարանում գործող հանձնաժողովին ներկայացրած հաշվարկների հետ համաձայն չէ նաև Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը, ով պնդում է, թե փաստաթուղթը ուսումնասիրել է և ոչ մի էական նորություն չի տեսել, որոշ տեղերում փորձագետները կրկնվում են, մինչդեռ գինը որոշելիս նրա կարծիքով ավելի լուրջ հետազոտություն է պետք անցկացնել։

Փորձագետների հաշվարկների հետ համաձայն է Ուղևորափոխադրողների միության նախագահը, ով ասաց, որ պատրաստվում են առաջարկով հանդես գալ, ըստ որի Երևանում տրանսպորտի գին սահմանվի 200 դրամը, որից 150-ը վճարի քաղաքացին, իսկ 50-ը սուբսիդավորվի բյուջեի հաշվին։ Իջեցումը, ըստ Եղիազարյանի կարող է կատարվել որակի հաշվին։ Այս կարծիքի հետ սպառողների պաշտպանությամբ զբաղվող հկ-ների ղեկավարները համաձայն չեն, նրանք հայտարարում են, որ դեմ են սխալ հաշվարկների միջոցով սակագին որոշելուն:

Տրանսպորտային հանձնաժողովի նիստը տեղի կունենա առաջիկա օրերին, հկ-ների ղեկավարների կարծիքով քաղաքապետարանը պետք է նոր հաշվարկ պատվիրի, քանի որ առկա հաշվարկում սխալները շատ են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG