Մատչելիության հղումներ

«Դ!եմ եմ» թիմը բողոքի ակցիա կանցկացնի նախագահականի մոտ


«Դ!եմ եմ» շարժման բողոքի ակցիան Հանրապետության հրապարակում: 9-ը ապրիլի, 2014 թ․
«Դ!եմ եմ» շարժման բողոքի ակցիան Հանրապետության հրապարակում: 9-ը ապրիլի, 2014 թ․
«Դ!եմ եմ» թիմը բողոքի սլաքն ուղղում է նախագահ Սերժ Սարգսյանի ուղղությամբ և վաղը երեկոյան որոշել է բողոքի ակցիան անցկացնել հենց նախագահական նստավայրի առջև:

Թիմի անդամ Դավիթ Մանուկյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իրենց պահանջը անձին չէ ուղղված, այլ՝ «այս կառույցին»: Շարժումը նախագահին ուղղված նամակի ձևաչափ է պատրաստել և հանրությանը կոչ է անում նամակներով հեղեղել նախագահականը:

«Այնտեղ այնպես չէ, որ հնչելու է ուղղակի պահանջ՝ պարոն նախագահ, իջեք ցած: Ինքը՝ լինելով Սահմանադրության պահպանման երաշխավորև և սահմանադրական կարգի պահպանման երաշխավորը, ինքը պարտավոր է քայլեր ձեռնարկել, որովհետև ով չի ալարում իշխանության ներկայացուցիչներից, այս օրերին Սահմանադրությունն ուղղակի տրորում է, Սահմանադրական դատարանի որոշումն ուղղակի արհամարհում է: Այս պարագայում ուղղակի նախագահը պիտի իսկապես Սահմանադրությամբ իրեն վերապահված պարտականությունները կատարի և կարգ ու կանոն հաստատի: Եվ նրա ֆիզիկապես ներկայությունը բացարձակապես չի պայմանավորում այս մեսիջի նրան հասցնելը»:

«Դ!եմ եմ» թիմը, հիշեցնենք, անակնկալ է խոստացել վաղը կայանալիք բողոքի ակցիային: Միջոցառման մանրամասներն այսօր էլ չեն բացահայտում:

«Ազատության» հարցին, թե դիմելու են արդյոք քաղաքացիական անհնազանդության միջոցների, Մանուկյանը պատասխանեց, թե դա ինքնանպատակ չպետք է լինի․ - «Կարևորը՝ լինի հանրային պահանջ և ճնշում: Հանրային պահանջն ու ճնշումը միայն փողոց փակելով չի արտահայտվում: Ամեն քայլը պիտի չլինի ինքնանպատակ: Պիտի լինի տեղին»:

Հանրային ճնշման տարբերակներից մեկն էլ բանկոմատներից գումարների ամբողջական կանխիկացումն է: Այս քայլին արդեն դիմել են «Դ!եմ եմ»-ի որոշ աջակիցներ: Մանուկյանը չբացառեց, որ հետագայում սա շղթայական ռեակցիա առաջացնի․ - «Յուրաքանչյուր քաղաքացի սա կարող է անել․․․ Համակարգն է այդ իրավիճակը ստեղծել»:

Իշխող կոալիցիայից դուրս գալ պատրաստվող «Օրինաց երկիր» կուսակցությունը, որը 2010 թվականին կողմ էր քվեարկել կուտակային կենսաթոշակների մասին օրենքին, իսկ անցած դեկտեմբերին ՀՀԿ-ի հետ միասին տապալել ԱԺ ոչ իշխանական ուժերի՝ արտահերթ նիստ անցկացնելու առաջարկը, երեկ հայտարարել է, թե աջակցելու է «Դ!եմ եմ» շարժմանը:

Այս կապակցությամբ Մանուկյանն ասաց․ - «Եթե «Օրինաց երկրի» անդամները կամ կուսակցականները գտնում են, որ իրենք էլ պետք է պայքարեն այս օրենքի դեմ, ու գալու են մեզ հետ, օրինակ, հրապարակ, թող գան: Ոչ ոք նրանց չի ասելու՝ դուք մի եկեք»:

«Ես ենթադրությում եմ անում՝ եթե «Օրինաց երկիր»-ը, մտածելով, որ սա երևի հաղթական ավարտ է ունենալու, միանանք այս հաղթանակին, մոտիվացիան իրենց գործն է․․․ Յուրաքանչյուր մարդ ինքը կորակի, կտա դրա գնահատականը», - եզրափակեց Դավիթ Մանուկյանը:
XS
SM
MD
LG