Մատչելիության հղումներ

Վոլոդյա Ավետիսյանը շարունակում է պայքարն անգամ դատարանի դահլիճում


Խարդախության մեղադրանքով ավելի քան ավելի քան կես տարի ազատազրկված ղարաբաղյան պատերազմի վետերան, պաշտոնաթող գնդապետ Վոլոդյա Ավետիսյանն այսօր դատարան էր եկել «Ռեժիմ, ես հայ եմ, սպանիր ինձ» գրությամբ վերնաշապիկով:

Դիմելով դահլիճում հավաքված մարտական ընկերներին ասաց՝ հատուկ գրությամբ պաստառով է ցանկացել դատական նիստին ներկայանալ, սակայն ոստիկանները թույլ չեն տվել։

«Վրան գրված էր՝ «Պատերազմի մասնակիցներին՝ արժանապատիվ կյանք»: Ներքևում խնդրեցին, որ ես այդ թուղթը այստեղ չբերեմ», - պատմեց Ավետիսյանը, - «Ասեմ՝ իմանաք, էլի, որ պայքարում ենք հանուն ազատամարտիկների, հանուն բարեկեցիկ կյանքի»:

Հիշեցնենք, Վոլոդյա Ավետիսյանի դեմ քրեական հետապնդումը սկսվեց այն բանից հետո, երբ Ավետիսյանը և նրա աջակիցները բողոքի ակցիաներ սկսեցին՝ իշխանություններից պահանջելով բարելավել ղարաբաղյան պատերազմի վետերանների սոցիալական պայմանները:

Դատարանում այսօր հարցաքննվեցին այն վկաները որոնց տված ցուցմունքով էլ հարուցվել է քրեական գործը։ Ալբերտ Մաթոսյանն ու նրա կինը՝ Անժելա Պողոսյանը, նախաքննական մարմին հայտնել էին, թե ցանկացել են, որ իրենց որդին Մատաղիսի զորամասից տեղափոխվի Ստեփանակերտ։ Վոլոդյա Ավետիսյանը, ըստ վկայի, ասել է, որ զորամասը փոխել չի կարող, բայց նկարող է նույն զորամասում ավելի լավ պայմաններով ծառայություն ապահովել։ Ալբերտ Մաթոսյանը ամեն կերպ փորձում էր խուսափել հստակ պատասխանից՝ Վոլոդյա Ավետիսյանը դրա դիմաց իրենից 500 դոլար պահանջել է, թե ոչ։ Ի վերջո՝ նա հայտարարեց, թե չի եղել նման բան:

Այս հայտարարությունից հետո մեղադրող կողմը հայտարարեց, թե նախաքննական ցուցմունքի հետ հակասություն կա և միջնորդեց դատարանին հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը, որտեղ Մաթոսյանն հստակ ասել է, թե Ավետիսյանն իրենից 500 դոլար գումար է պահանջել: Մեղադրողի հարցին, թե ինչպե՞ս կբացատրի առկա հակասությունը վկան պատասխանեց․ - «Ուղղակի հիմա ես ավելի հակիրճ եմ ասում դրա մասին, իսկ նախաքննության ժամանակ ավելի մանրամասն եմ ասել»:

Ըստ մեղադրանքի Վոլոդյա Ավետիսյանը նաև 2000 դոլար է վերցրել մեկ այլ քաղաքացուց՝ վերջինիս որդուն բանակից ազատելու հարցում օգնելու համար։ Թեև գործը դատարան է մտել, սակայն մեղադրանքի այս դրվագով տուժող այդպես էլ չի հայտնվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG