Մատչելիության հղումներ

Բաքուն Ջեյմս Ուորլիքին մեղադրում է քաղաքական կանխակալության մեջ


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիք
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիք
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի շուրջ Ադրբեջանում կրքերը չեն հանդարտվում։

Մինսկի խմբի գործունեությունից մշտապես դժգոհ պաշտոնական Բաքուն Ջեյմս Ուորլիքին մեղադրում է քաղաքական կանխակալության մեջ։ Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը, փոքր-ինչ ուշացումով մեկնաբանելով Ուորլիքի մարտի 23-ի գրառումը այն մասին, որ «ղարաբաղյան հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև է», հայտարարել է, թե Ջեյմս Ուորլիքը պետք է ավելի լավ ծանոթանա, տեղեկանա և ուսումնասիրի Մինսկի խմբի փաստաթղթերը և հետո միայն բանավեճի մեջ մտնի՝ հավելելով, որ նման հայտարարություններում քաղաքական կանխակալություն է դիտարկվում։

«Հակամարտության կողմերը Հայաստանն ու Ադրբեջանն են, իսկ ոչ մեծ՝ 30-հազարանոց էթնիկ խմբի բնակվելը ինչ-որ տարածքում նրան այդ տարածքին հավակնելու իրավունքներ և հիմքեր չի տալիս»,- ասել է Ազիմովը և ենթադրել՝ Ուորլիքը այդ հայտարարությունն արել է Հայաստանին հանգստացնելու համար, քանի որ «Հայաստանը փորձում է ԼՂ-ն ներկայացնել որպես պետական միավոր»:

Ազիմովը իր խոսքը եզրափակել է՝ կոչ անելով Ուորլիքի խոսքերին լուրջ չվերաբերվել։

Սակայն ամերիկացի համանախագահի այս գրառման շուրջ կրքերը դեռ չհանդարտված նոր աղմուկ է բարձրացել նրա երեկվա գրառման շուրջ։ Երեկ ամերիկացի համանախագահը «Թվիթեր»-ում գրել է, թե հանդիպել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանի հետ՝ հավելելով, որ Խաչիկյանը «ամերիկահայերի հստակ ձայնն է»:

Գրառման տակ մեկնաբանություններ թողած բազմաթիվ ադրբեջանցի օգտատերերը իրենց վրդովմունքն են արտահայտել ինչպես հայ համայնքի ներկայացուցչի, այնպես էլ հայամետ տարբեր գործիչների հետ հանդիպումների մասին Ուորլիքի հաղորդումների կապակցությամբ՝ համանախագահին մեղադրելով «միջնորդության գործընթացից բացի ամեն ինչով զբաղվելու մեջ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG