Մատչելիության հղումներ

«Ամերիկայի ձայն»-ը Ռուսաստանում այլևս չի հեռարձակվի


«Ամերիկայի ձայն»-ի լոգոն
«Ամերիկայի ձայն»-ի լոգոն

«Մենք չենք պատրաստվում համագործակցել», - ԱՄՆ-ի Հեռարձակողների կառավարիչների խորհրդին այսպես է պատասխանել Դմիտրի Կիսելյովը:

«Ամերիկայի ձայն» ռադիոկայանը դադարեցնում է իր հեռարձակումները Ռուսաստանում՝ այդ երկրի համապատասխան կառույցը ռադիոկայանի հետ պայմանագիրը չի երկարացրել: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը:

Ըստ նույն աղբյուրի՝ «Ռոսիա սեգոդնյա» գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը ԱՄՆ-ի Հեռարձակողների կառավարիչների խորհրդին (Broadcasting Board of Governors - BBG) ուղղված նամակում ծանուցել է «Ամերիկայի ձայն»-ի՝ Մոսկվայում 810 AM հաճախականությամբ ռադիոհեռարձակման վերաբերյալ նախկինում գործող պայմանագրի դադարեցման մասին։

Կառավարիչների խորհրդի՝ մարտի 21-ին Ռուսաստանում հեռարձակման պայմանագրի երկարացման վերաբերյալ հարցմանը Կիսելյովը միայն մեկ նախադասությամբ է պատասխանել․ - «Մենք չենք պատրաստվում համագործակցել»:

Այնուհետև ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության հետ զրույցում Կիսելյովը հայտարարել է, թե այնպիսի տպավորություն է, կարծես այդ հեռարձակումները այլ մոլորակից լինեն: «Համենայն դեպս, այնպիսի մոլորակից, որն արդեն գոյություն չունի: Դրանք ձանձրալի ռադիոկայաններ են», - ասել է Կիսելյովը:

Միացյալ Նահանգների Հեռարձակողների կառավարիչների խորհուրդը, մինչդեռ, պայմանագրի դադարեցումը համարում է խոսքի ազատության սահմանափակում:

«Մոսկվան սխալ ճանապարհ է ընտրել և որոշել է սահմանափակել խոսքի ազատությունը», - հայտարարել է Կառավարիչների խորհրդի նախագահ Ջեֆ Շելը՝ շարունակելով․ - «Դա հիմնարար արժեք է, որը կիսում են աշխարհի շատ երկրներ։ Մեր կառույցը կշարունակի աշխատել ռուսաստանյան լսարանի համար օնլայն հարթակի և տվյալների արբանյակային փոխանցման օգնությամբ»։

Կառավարիչների խորհուրդը Կիսելյովին և Ռուսաստանի իշխանություններին կոչ է արել բացել ռուսական եթերը ամերիկյան և միջազգային այլ լրատվամիջոցների ծրագրերի համար։

Եվրամիության պատժամիջոցների ցուցակում ընդգրկված Կիսելյովը, սակայն, իր հերթին, պնդել է, որ ռադիոկայանի հեռարձակման դադարեցումը «խոսքի ազատության հետ որևէ կապ չունի», և որ «Ամերիկայի ձայն»-ում յուրահատուկ ոչ մի բան չի ասվում»։

«Ամերիկայի ձայն» ռադիոկայանը ստեղծվել է 1942 թվականին և 1947-ից ունի ռուսալեզու բաժին: Խորհրդային տարիներին՝ մինչև վերակառուցման սկզբնական շրջանը, ռադիոկայանի եթերը խլացվում էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG