Մատչելիության հղումներ

Փորձագետ. «Մոսկվայում Հայաստանը դիտարկվում է որպես պատանդ»


Փորձագետ. «Մոսկվայում Հայաստանը դիտարկվում է որպես պատանդ»
please wait

No media source currently available

0:00 0:03:15 0:00
Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով` Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական հարաբերությունները ընդլայնելու ուղղությամբ Ռուսաստանի քայլերը վկայում են, որ Մոսկվայում Հայաստանը դիտարկվում է ոչ թե որպես դաշնակից, այլ՝ պատանդ:

«Ազատության» հետ զրույցում Մեհրաբյանը այսպիսի գնահատական տվեց Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի` ապրիլի 7-ին Բաքվում արված հայտարարությանը, թե «[ռուս-ադրբեջանական] ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման համար հեռանկարներ կան»:

«Ռուսաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև հարաբերությունների զարգացումը հաջող է ընթանում: Ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում Ռուսաստանը մեր գլխավոր գործընկերն է: Շարունակվում է մեծ գործարքների իրականացումը: Մենք համագործակցում ենք շատ ոլորտներում, և այդ համագործակցությունը հաջող է ընթանում»,- իր հերթին հայտարարել էր Ադրբեջանի գլխավոր շտաբի պետ Նաջմեդին Սադիկովը:

«Ռուսաստանը տարածաշրջանում, օգտագործելով Հայաստանի այս պատանդային վիճակը, փաստորեն առաջնորդվում է միայն և բացառապես իր կայսերապաշտական տրամաբանությամբ: Եվ Ռուսաստանը տարածաշրջանը տարածաշրջանում ունի կա'մ ագենտները, կա'մ թշնամիներ», - նշեց Ռուբեն Մեհրաբյանը:

«Անշուշտ, այս գործարքների հետևում տնտեսական կողմ կա, սակայն վճռորոշն այստեղ աշխարհաքաղաքական կողմն է»,- շարունակեց Մեհրաբյանը: - «Ռուսաստանի նպատակն այլևս որևէ մեկի մոտ կասկած չպետք է հարուցի: Ռուսաստանն ուզում է այսպես ասենք` թեթևացված տարբերակով վերականգնել Ռուսական կայսրությունը Խորհրդային Միության սահմաններում և, ելնելով այդ տրամաբանությունից, նա փորձում է իր հենակետերը հետխորհրդային տարածքում չկորցնել»:

Անցած տարվա ամռանը հայտնի դարձավ, որ Մոսկվան Բաքվին է վաճառել մի քանի միլիարդ դոլարի` այդ թվում հարձակողական նշանակության, սպառազինություն: 2013 թվականի օգոստոսի 13-ին Բաքվում Պուտինի հետ համատեղ ասուլիսում Իլհամ Ալիևը հայտարարեց՝ ադրբեջանա-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության ծավալները հասել են 4 միլիարդ դոլարի:

Այս շաբաթ ևս մեկ ուշագրավ իրադրաձություն տեղի ունեցավ․ Ադրբեջանը վերջին պահին արգելեց հայկական պատվիրակությանը մասնակցել Բաքվում ապրիլի 7-ին մեկնարկած ԱՊՀ երկրների Գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի հերթական նիստին, չնայած հայկական կողմն ուներ միջոցառումը կազմակերպող ԱՊՀ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարի հրավերը: Ուշադրություն դարձրեք՝ նիստը ոչ միայն կայացավ, այլև ՀԱՊԿ գծով Հայաստանի դաշնակիցներից և ոչ մեկը չբողոքեց կամ չհետաքրքրվեց, թե ինչո՞ւ է արգելվել հայաստանյան ներկայացուցչության ժամանումը Բաքու:
Ռիչարդ Կիրակոսյան
Ռիչարդ Կիրակոսյան
Լսենք Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանին․ - «Մենք դեռ չգիտենք, թե հատկապես ի՞նչ նոր սպառազինություն են ադրբեջանցիները գնելու ռուսներից: Ուստի մենք չգիտենք՝ ինչպե՞ս դա կազդի [տարածաշրջանում] ուժերի փխրուն հավասարակշռության վրա: Սակայն մի բան հստակ է՝ Ռուսաստանը, կարելի է ասել, շահագործում է ստեղծված իրավիճակը՝ օգուտներ քաղելով Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունից: Չնայած Հայաստանի հետ ունեցած իր ռազմավարական գործընկերությանը, Ռուսաստանը երկու կողմի հետ էլ հարաբերություններ է զարգացնում»:

Վերջում հավելենք՝ գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր տարի հայ-ադրբեջանական շփման գծում հակառակորդի հարձակումների հետևանքով հայկական կողմից զոհվում ու վիրավորվում է մի քանի տասնյակ մարդ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ:
XS
SM
MD
LG