Մատչելիության հղումներ

«Վրացական մայդանի» մասին շահարկումները՝ «առավելապես ներքաղաքական պայքարի դրսևորումներ»


Վրաստանի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Ճիքաիձե, արխիվ

Այդուհանդերձ, վրաց վերլուծաբանները չեն բացառում, որ ընդդիմությունը կարող է ակտիվացնել իր գործողությունները:

«Սաակաշվիլիի կողմնակիցները պատրաստվում են ապակայունացնել ներքաղաքական իրավիճակը Վրաստանում»: Շաբաթասկզբին՝ Թբիլիսիում լույս տեսնող «Փրայմ-Թայմ» թերթին տված հացազրույցում նման բացահայտում էր արել Վրաստանի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Ճիքաիձեն:

«Մեր տեղեկություններով՝ Ազգային միացյալ շարժման կողմնակիցները ակտիվորեն անվադողեր են գնում: Նրանք նույնիսկ Եվրոմայդանից որոշ ակտիվիստների են հրավիրել Թբիլիսի` հատուկ վարժանքներ անցկացնելու նպատակով: Այդ մարդիկ ցանկանում են ժողովրդին փողոց դուրս բերել և անկարգություններ հրահրել», - հայտարարում էր ներքին գործերի նախարարը:

Վրացական ընդդիմությունը, սակայն, ներկայացվող մեղադրանքը կտրականապես հերքում է:

Նախկին նախագահի մերձավոր զինակիցներից մեկը` պատգամավոր Գեորգի Բարամիձեն հայտարարեց․ - «Նախարարը հանդես է գալիս անլուրջ հայտարարություններով»:

Ազգային միացյալ շարժման խորհրդարանական խմբակցության անդամ Իրմա Նադիրաշվիլին ավելի կտրուկ էր: «Իմ տպավորությամբ՝ նախարարը պարզապես զառանցում է», - հայտարարեց նա:

Կին պատգամավորից հետ չմնաց նաև Ազգային միացյալ շարժման խորհրդարանականներից ևս մեկը` Զուրաբ Ջափարիձեն: «Իմ խորին համոզմամբ, ներքին գործերի նախարարին անհրաժեշտ է հատուկ բժշկական զննության ենթարկել` պարզելու համար՝ արդյոք նա թեթև թմրանյութերի ազդեցության տա՞կ է գտնվում, թե՞ ոչ: Իրականում, Մայդան կազմակերպելու կարիք չկա: Այս իշխանություններն առանց կողմնակի օգնության էլ արագ տեմպով ցած են գլորվում», - հայտարարում էր ընդդիմադիր պատգամավորը:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր ենթակա նախարարի բացահայտումներին անդրադարձավ երեկ` արդարադատության նախարարություն կատարած այցի ժամանակ:

«Որևէ մեկը որևէ ձևով չի կարող ապակայունացնել իրավիճակը մեր երկրում: Եթե ինչ-որ մեկն էլ ցանկանա դա անել` խստորեն կպատժվի: Ես կոչ են անում չանհանգստանալ և հավատացնում եմ ձեզ` գործող իշխանությունների օրոք որևէ մեկը ի վիճակի չի լինի ապակայունացնել ներքին իրադրությունը», - ասաց Վրաստանի վարչապետը:

Թբիլիսցի քաղաքագետների կարծիքով էլ՝ «վրացական մայդանի» մասին շահարկումները առավելապես ներքաղաքական պայքարի դրսևորումներ են: Դրա հետ մեկտեղ, այն, որ ընդդիմությունը կարող է ակտիվացնել իր գործողությունները, վերլուծաբանները չեն բացառում:

«Նախկինում էլ վրացական մամուլում նման տեղեկատվություն շրջանառվում էր: Բայց որևէ համոզիչ հերքում Ազգային միացյալ շարժման շարքերից այդպես էլ չհնչեց», - պնդում է թբիլիսցի քաղաքագետ Սոսո Ցիսկարեիշվիլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG