Մատչելիության հղումներ

Երևանում ուղևորափոխադրման համար «նախընտրելի» սակագինը՝ 200 դրամ


Քաղաքապետարանում ձևավորված տրանսպորտային հանձնաժողովի նիստի ընթացքում ուղևորափոխադրող ընկերությունների ներկայացուցիչները կրկին պնդում էին, որ իրենք սնանկանում են:

Քաղաքապետարանի պատվիրած Ուղևորատրանսպորտային հետազոտության արդյունքում տեղական և միջազգային փորձագետներից կազմված աշխատանքային խումբը եզրակացրել է՝ Երևանում հասարակական տրանսպորտով ուղևորափոխադրման նախընտրելի միջին սակագինը պետք է կազմի 200 դրամ։

Ուղևորատրանսպորտային հետազոտությունների աշխատանքային խմբի ղեկավար Սերժի Տիոն այս մասին հայտարարեց այսօր քաղաքապետարանում ձևավորված տրանսպորտային հանձնաժողովի նիստում։

Հետազոտողները միկրոավտոբուսների համար օպտիմալ գին են համարում 207 դրամը, դիզվառելիքով աշխատող ավտոբուսների համար՝ 252 դրամը, իսկ բնական գազով աշխատող ավտոբուսների համար՝ 196 դրամը։

Սակագների հրապարակումից հետո հանձնաժողովի մի քանի անդամներ անհամաձայնություն հայտնեցին: Փոխքաղաքապետ, հանձնաժողովի նախագահ Վահե Նիկոյանն էլ շտապեց հայտնել, որ սրանք առայժմ ընդամենը առաջարկներ են։

Այսօր «Ազատության» հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Վահե Նիկոյանն ասաց, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այս ուսումնասիրության արդյունքներից և ներկայացված գնային առաջարկներից դեռ տեղյակ չէ, բայց և ընդգծեց՝ քաղաքապետարանի համար ներկայացված սակագները ընդունելի չեն։ ՄԵր հարցին, թե արդյոք այս գործընթացը չի՞ տանում թանկացման՝ փոխքաղաքապետը պատասխանեց․ - «Մենք ամեն ինչ պիտի անենք, որպեսզի այդ արժեքը էապես նվազեցվի: Շեմ չի կարող լինել, որովհետև ծախսերի նվազեցումը կախված է նաև այն չափորոշիչներից, թե մենք ինչ ենք պահանջում»:

Տրանսպորտային հանձնաժողովի ստեղծման ժամանակ դրա աշխատանքները բոյկոտեցին «Վճարում ենք 100 դրամ» շարժման ակտիվիստները, ինչպես նաև Երևանի ավագանու «Բարև Երևան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները։ Նրանք պնդում էին, որ հանձնաժողովն իրականում ստեղծվել է ուղեվարձի բարձրացումը հիմնավորելու համար: Կարծիքներ էին հնչում նաև, որ որպես օպտիմալ սակագին հայտարարվելու է 200 դրամը, իսկ հետո որոշում է կայացվելու 150 դրամով բավարարվելու մասին։

«Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանն այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց՝ իրենց կանխատեսումները, փաստորեն, իրականանում են։

Ի դեպ, նիստի ընթացքում ուղևորափոխադրող ընկերությունների ներկայացուցիչները կրկին պնդում էին, որ իրենք սնանկանում են և խնդրում էին սակագնի շուրջ աշխատանքներն ավելի արագ ավարտել։ Հաջորդ նիստը տեղի կունենա 15 օր անց: Փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը խորհուրդ տվեց այսօրվա՝ 200 դրամ առաջարկող ուսումնասիրությունից դժգոհ մարդկանց մինչ այդ օր սեփական առաջարկները ներկայացնել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG