Մատչելիության հղումներ

Ռուսները պնդում են, թե ուկրաինացի ահաբեկիչների են ձերբակալել


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով

ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն հստակեցնում են քաղաքականությունը Մոսկվայի նկատմամբ։

«Պարոնայք, քաղաքներում ուկրաինացի շպիոններ են...»

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը երեկ երեկոյան հաղորդել է, թե ձերբակալել է Ուկրաինայի 25 քաղաքացիների, ովքեր մտադիր էին մարտի 14-17-ը Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Տվերում, Բելգորոդում, Կալմիկիայում և Թաթարստանում իրականացնել ահաբեկչական գործողություններ։

Պետության կողմից վերհսկվող «ԷՆՏԵՎԵ» ռուսական հեռուստակայանը պնդել է, թե ձերբակալվածներից երեքը «Աջ սեկտոր» ուկրաինական ազգայնական խմբից են, որը մեծ դեր է կատարել նախագահ Վիկտոր Յանուկովիչին գահընկեց անելու գործում։

Ըստ հեռուստակայանի, կասկածյալները գործել են Ուկրաինայի անվտանգության ծառայության հրահանգով։ Նրանք, իբրև թե, ցանկանում էին գաղտնաբար լուսանկարել Ուկրաինայի սահմանի մոտ գտնվող ռուսական ռազմական տեխնիկան, ինչպես նաև կապ հաստատել ռուսական ազգայնական խմբավորումների հետ։

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ռուսների այդ հաղորդագրությունն անվանել է «անհեթեթություն, որը մեկնաբանելու կարիք չկա»։

Ուկրաինացի «լրտեսների» ձերբակալության մասին ռուսների հաղորդագրությունը տարածվել է մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ ուկրաիացիները հայտարարել են, որ Մայդանում ցուցարարների վրա կրակ են բացել Վիկտոր Յանուկովիչի արձակած հրամանով և Ռուսաստանի անվտանգության ծառայության ներգրավմամբ։

Կիևում փետրվարի 18-20-ը տեղի ունեցած բախումների ընթացքում սպանվել է ավելի քան հարյուր մարդ։ Ինքը՝ Յանուկովիչը փախուստի է դիմել և Գերագույն ռադայի որոշմամբ պաշտոնանկ է արվել։

Ռուսները մեղադրում են ուկրաինացիներին և գազի «զենքն» են կիրառում

Երեկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն արձագանքել է Ուկրաինայի անվտանգության ծառայության հաղորդագրությանն՝ ասելով, որ չի ցանկանում քննարկել, թե որքանով են արժանահավատ այս պնդումները. համենայնդեպս, ըստ Լավրովի, կան դա հերքող հսկայական թվով տեղեկություններ։

Լավրովը նշել է, որ ճշմարտությունը դիպուկահարների մասին պետք է պարզվի թափանցիկ եղանակով։ Ռուսներն ավելի վաղ պնդել են, թե դիպուկահարները մարդկանց վրա կրակ են բացել ուկրաինացի ազգայնականների հրահանգով։

Մինչդեռ, «Գազպրոմը» 100 դոլարով ավելացրել է Ուկրաինա մատակարարվող վառելիքի գինը, պահանջելով, որ Ուկրաինան այս ամսվանից հազար խորանադր մետր գազի համար վճարի 485 դոլար։

Բացի այդ, «Գազպրոմը» «Նավտոգազ» ուկրաինական ընկերությունից պահանջել է «անհապաղ մարել 2 միլիարդ 200 միլիոն դոլարի պարտքը»։

«Դարի ամենամեծ վտանգը Խորհրդային Միության վերականգնումը կլինի»

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը դատապարտել է գազի գինը բարձրացնելու «Գազպրոմ»-ի որոշումն՝ ասելով, որ այն անընդունելի է և վկայում է էներգակիրը քաղաքական գործիքի վերածելու ռուսների մոտեցման մասին։
«Մենք ենթադրում ենք, որ ռուսները կշարունակեն իրենց այդ քաղաքականությունը և գուցե կսահմանափակեն գազի մատակարարումը»,- ասել է Յացենյուկը։

Այսօր Կիևում խոսելով Reuters գործակալության թղթակցի հետ, Յացենյուկն ասել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամից ակնկալվող օգնությունը չափազանց լուրջ առաջընթաց կլինի։

«Մենք կվերականգնենք վստահելի գործընկերոջ համբավը միջազգային ներդնողների շրջանում։ Ուկրաինայի քաղաքական գործիչների և խորհրդարանի «ճանապարհային քարտեզը» ենթադրում է ծանր, սակայն անհրաժեշտ և հրատապ օրենքների ընդունում»,- ասել է վարչապետը, ով այսօր խոսել է նաև աշխարհաքաղաքական հիմնախնդիրների մասին։

«Այս դարի ամենամեծ աղետը կլինի Խորհրդային Միության վերականգնումը, դա է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հստակ նպատակը և ցանկությունը։ Եվ խնդիրն այն է, որ ռուսաստանցիների, ռուս ժողովրդի մեծ մասը աջակցում է այդ վտանգավոր գաղափարը»,- ասել է Արսենի Յացենյուկը։

«Ռուսաստանն է խախտել յուրաքանչյուր սկզբունք»

Միևնույն ժամանակ շարունակում են սրվել նաև Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունները։ Ղրիմի բռնակցումից հետո Հյուսիսատլանտյան դաշինքը խզել է գործնական բոլոր կապերը ռուսների հետ և սկսել է քայլեր ձեռնարկել Արևելյան Եվրոպայի անդամ երկրների անվտանգությունը խթանելու ուղղությամբ։

Մոսկվան պատասխանել է, թե ՆԱՏՕ-ն, հզորացնելով դիրքերը Արևելյան Եվրոպայում, խախտում է Ռուսաստանի հետ պայմանավորվածությունները։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը ռուսների պնդումներն անվանել է «քարոզչություն և ապատեղեկատվություն»։

«Մենք չենք խախտել Հռոմի հռչակագիրը, և ես զարմանում եմ, որ Ռուսաստանը կարող է խոսել ՆԱՏՕ-ի կողմից արվող խախտումների մասին, որովհետև հենց Ռուսաստանն է խախտել իր ստանձնած յուրաքանչյուր սկզբունք և միջազգային պարտավորություն»,- ասել է Ռասմուսենը։

ԵՄ-ն չի ճանաչելու Ղրիմի բռնակցումը

Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին այսօր Աթենքում ԵՄ արտգործնախարարների ոչ պաշտոնական գագաթնաժողովում խոսել է նաև Եվրոպական միության արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Էշթոնը, որի լիազորությունների ժամկետն առաջիկայում կավարտվի։

«Ռուսաստանը մեր հսկա հարևանն է, և մենք այս իրավիճակներում փորձում ենք երկու բանի հասնել։ Նախ մենք փորձում ենք թուլացնել լարվածությունը։ Խոսքը ռազմական ստորաբաժանումների մասին է։ Բացի այդ, խոսքը նաև երկու կարևոր ճշմարտություն ըմբռնելու անհրաժեշտության մասին է` ա. երկրներն ունեն իրենց ընտրությունը կատարելու իրավունք, բ. մենք չենք ճանաչելու Ղրիմի բռնակցումը»,- ասել է Էշթոնը։

Նրա փոխանցմամբ, ԵՄ-ն հետայսու պետք է շատ ծանրութեթև անի Ռուսաստանի, ինչպես նաև արևելյան գործընկերների հետ հարաբերությունները կառուցելիս։

«Ավարտելով աշխատանքս, ես հույս եմ հայտնում, որ ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով նոր պատասխանատուն և ԵՄ արտգործնախարարները կվերլուծեն այս հարցերը, կորոշեն անելիքը` շարունակե՞լ նույն քաղաքականությունը, թե՞ նոր մոտեցումներ ընտրել։ Դա պետք է այստեղ քննարկվի։ Բայց ես կարծում եմ, որ Հարևանության ծրագիրը մեզ լավ է ծառայել որպես ձևաչափ, որի շրջանակներում մենք կարողացել ենք աշխատել մեր հարևանների հետ»,- ասել է Քեթրին Էշթոնը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG