Մատչելիության հղումներ

Շանթ Հարությունյանի որդուն մեղադրանք է առաջադրվել


Շանթ Հարությունյանի որդուն մեղադրանք առաջադրվեց
please wait

No media source currently available

0:00 0:04:05 0:00
«Ես սկսում եմ հեղափոխություն» կարգախոսով նոյեմբերի 5-ին Երևանի կենտրոնում տեղի ունեցած դեպքերի հետևանքով 14 անձանց դեմ հարուցված քրեական գործն այսօրվանից դարձավ «14+1»-ի գործ:

Այսօր Ոստիկանության քննչական գլխավոր վարչություն հրավիրված Շանթ Հարությունյանի որդուն՝ 15-ամյա Շահեն Հարությունյանին ևս առաջադրվել է մեղադրանք Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով՝ խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, պատժվում է 4-7 տարվա ազատազրկմամբ։

Շահեն Հարությունյանին մինչ այդ երկու անգամ որպես վկա էին հրավիրել հարցաքննության, նա հրաժարվել է ցուցմունք տալ:

Ըստ մեղադրանքի, ստացվում է՝ որպես զենք գործադրված առարկան Շահեն Հարությունյանի ձեռքին եղած բարձրախոսն է: Նախաքննական մարմնի պնդմամբ, 15-ամյա Շահենը բարձրախոսով հարվածել է ոստիկանության Երևան քաղաքի պարեկապահակային ծառայության գնդի 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար Գեղամ Խաչատրյանին՝ առողջությանը պատճառելով թեթև վնաս: Ոստիկանը, ըստ նախաքննական նյութերի, ստացել է ուղեղի ցնցում:

Շահեն Հարությունյանը «Ազատության» հետ զրույցում անհիմն որակեց մեղադրանքը, այն բացատրելով որպես հոր նկատմամբ ճնշում՝ նոյեմբերի 5-ի գործի դատաքննությանն ընդառաջ։

«Հորս վրա ճնշում գործադրելու նպատակով իմ վրա հոդված դրեցին»,- կարծում է պատանին։

Շանթ Հարությունյանի որդին նոյեմբերի 5-ի դեպքերից մոտ 6 ամիս անց էլ նկարագրում է ոստիկանների՝ այդ օրվա գործունեությունը.- «Բռնություն էին կիրառում հորս և իր ընկերների նկատմամբ։ Մենք ցանկացել ենք իրականացնել բացառապես խաղաղ երթ, տեղի է ունեցել ոստիկանների սադրանք»։

Շահեն Հարությունյանը մանրամասն հիշում է, թե իր հետ ինչպես են վարվել ոստիկանները՝ նոյեմբերի 5-ին.- «Ինձ գցել էին գետին ու հարվածում էին ոտքերով, այդ ամբողջ բախումների ընթացքում ծեծի են ենթարկել, տաքսու մեջ հայհոյել են ու հարվածել»։

Անչափահաս Շահեն Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ծնողի հսկողությանը հանձնելը: Ոստիկանությունը, փաստորեն, պատանու հսկողությունը հանձնել է մորը, քանի որ հայրը կալանավորված է:

«Հիմա էլ որոշում են, որ իմ հսկողության տակ պետք է դնեն։ Առանց այն էլ նա դաստիարակվում էր և իմ հսկողության տակ էր, ինքը երբեք էլ ապօրինի գործողությունների չի արել, նորմալ հայ երեխա է»,- «Ազատությանը» ասաց Շահենի մայրը՝ Ռուզան Բադալյանը.- «Նոյեմբերի 5-ից հետո ինքը տարաբնույթ իրադարձությունների կենտրոնում է հայտնվում, որը ինձ մտահոգում է՝ մետրոյի դեպքը, երբ անհայտ քաղաքացին փորձել էր բռնություն կիրառել, առայսօր ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, հետո դպրոցում տեղի ունեցավ ուսուցչի հետ միջադեպը, ճիշտը գործը փակվեց, ես՝ ինքս ուզեցի փակել՝ դատական քաշքշուկներից խուսափելու համար։ Սակայն իշխանությունները Շանթի նկատմամբ ճնշումները երևի թե միայն կարող են տղայի միջոցով իրականացնել»։

Նոյեմբերի 5-ի գործով կալանավորվածների հարազատներին տեղյակ են պահել, որ նախաքննությունը կավարտվի երկու օրից։
XS
SM
MD
LG