Մատչելիության հղումներ

Լրագրողական կազմակերպությունը կոչ է անում ետ կանչել «ֆեյքերի» օրինագիծը


«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում հայ պատգամավորներին հետ կանչել «ֆեյքերի դեմ պայքարի» օրենքի նախագիծը։

Պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ կազմակերպությունն իր մտահոգությունն է հայտնում օրինագծի վերաբերյալ.- «Օրենքի նախագծի հեղինակները պնդում են, որ իրենց նպատակը համացանցում առկա զրպարտանք կամ վիրավորանք պարունակող անանուն մեկնաբանությունների դեմ պայքարն է»։

«Թեպետ խորհրդարանականների ներկայացրած նպատակ ողջունելի է, օրինագիծը, սակայն, լուրջ սպառնալիք է ներկայացնում համացանցում տեղեկատվության ազատության համար»,- ասում է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Կենտրոնական Ասիայի և Արևելյան Եվրոպայի հարցերով բաժնի ղեկավար Յոհան Բիրը։

Ըստ իրավապաշտպան կազմակերպության՝ օրինագծում առկա անորոշ ու ոչ ճշգրիտ ձևակերպումները չափազանց լայն հնարավորություններ են տալիս դատավորներին՝ դրա դրույթները մեկնաբանելու համար։

«Սակայն, խնդիրը, միայն ձևակերպումների մեջ չէ. զանգվածային լրատվամիջոցները չեն կարող պատասխանատվություն կրել այն բովանդակության համար, որի հեղինակներն իրենք չեն, իսկ առցանց անանունությունը համացանցի հիմնարար՝ սկզբունքներից է որպես քննարկումների և տեղեկատվության ազատության տարածություն»,- նշում է իրավապաշտպանը՝ կոչ անելով պատգամավորներին հետ կանչել օրինագիծը։

Բացի այդ, հայտարարությունում նշվում է նաև, որ օրինագծի ձևակերպումների անճշտությունների արդյունքում բոլոր ցանցային ռեսուրսները կարող են նույնականացվել ԶԼՄ ձևակերպման հետ՝ ներառյալ անձնական բլոգներն ու սոցիալական ցանցերը։

«Եթե ԶԼՄ-ները չեն ուզում պատասխանատվություն կրել իրենց կայքերում տեղ գտած մեկնաբանությունների համար, ապա նրանք ստիպված կլինեն «բացահայտել իրենց աղբյուրներին», ինչն անիրատեսական է և անօրինական»,- նշված է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հայտարարությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG