Մատչելիության հղումներ

Օբաման տեղին չի համարում Կոսովոյի և Ղրիմի համեմատությունը


Բարաք Օբաման կրկին զգուշացնում է` Ուկրաինայում իրավիճակի հետագա վատթարացման դեպքում Մոսկվայի նկատմամաբ կսահմանվեն նոր պատժամիջոցներ:

Այս մասին Միացյալ Նահանգների նախագահը հայտարարեց երեկ ուշ երեկոյան` Բրյուսելի Արվեստների պալատում կազմակերպված բազմամարդ ընդունելության ժամանակ, որին մասնակցում էին Բելգիայի թագավորական ընտանիքը, Եվրամիության և ՆԱՏՕ-ի ղեկավարները:

«Եթե Ռուսաստանի ղեկավարները շարունակեն գործել նույն այս ոճով, մենք միասնաբար կհասնենք նրան, որ կիրառվող պատժամիջոցները խստացվեն: Այդ պատժամիջոցները կազդեն ինչպես Ռուսաստանի տնտեսության, այնպես էլ այն դիրքերի վրա, որ զբաղեցնում է այդ պետությունն արտաքին աշխարհում»,- նշում էր Օբաման:

Սպիտակ Տան ղեկավարը, սակայն, խորհուրդ է տալիս զերծ մնալ ձևակերպումներից, թե Ուկրաինայի շուրջ ծագած այս ճգնաժամը կարող է հանգեցնել նոր բաժանարար գծերի և երկաթե նոր վարագույրի ի հայտ գալուն:

«Սա նոր սառը պատերազմի մեկնարկ չէ: Ի տարբերություն Խորհրդային Միության` Ռուսաստանն այսօր ոչ պետությունների բլոկ է առաջնորդում, ոչ էլ առաջնորդվում է ինչ-որ գլոբալ գաղափարախոսությամբ: Բացի այդ ոչ Միացյալ Նահանգները, և ոչ էլ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ կոնֆլիկտի չեն ձգտում»,- նշում էր Օբաման՝ հույս հայտնելով, որ ի վերջո Մոսկվայի հետ առկա հակամարտությունները հնարավոր կլինի լուծել գործընկերային մթնոլորտում:

«Այս ճգնաժամի ընթացքում մենք Ռուսաստանի դեմ գործադրվող էական ճնշմանը հետ մեկտեղ չենք պատրաստվում փակել դռները դիվանագիտության առջև»,- հայտարարում էր Օբաման՝ հավելելով.- «Ես հավատացած եմ, որ թե Ռուսաստանի, և թե Ուկրաինայի համար կայուն խաղաղությունը հնարավոր կդառնա լարվածության հետագա խորացումը թույլ չտալու միջոցով»:

Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա պաշտոնական Վաշինգտոնը պատրաստվում է Եվրամիության հետ միասին մասնակցել այդ երկրի տնտեսության կայունացմանը` զգալի աջակցություն ցուցաբերելով Կիևին: Դրա հետ մեկտեղ Օբաման պնդում է, որ Ուկրաինայի հանդեպ քաղաքական վերահսկողության հաստատումը ամերիկյան դիվանագիտության նպատակների թվում չէ. - «Սխալվելու կարիք չկա: Ոչ Միացյալ Նահանգները, և ոչ էլ Եվրամիությունը շահագրգռված չեն Ուկրաինան վերահսկելու մեջ: Մենք այդ երկիր զորքեր չենք ուղարկել: Մեր միակ ցանկությունն է, որպեսզի ուկրաինացի ժողովուրդը ինքնուրույն որոշումներ կայացնի»:

Բրյուսելյան իր ելույթում Սպիտակ տան ղեկավարը բավական մանրամասնորեն անդրադարձավ նաև այն զուգահեռներին, որ անցկացվում են Ղրիմի և Կոսովոյի միջև: Ինչպես և կարելի էր ակնկալել, Օբաման կտրականապես դեմ է նման համեմատություններին:

«Պաշտպանելով իրենց գործողությունները` Ռուսաստանի ղեկավարները Կոսովոն են մատնանշում որպես նախադեպ: Բայց ՆԱՏՕ-ն միջամտեց այն բանից հետո, երբ Կոսովոյի բնակչությունը տարիներ շարունակ ենթարկվում էր պարբերական բռնությունների, սպանություններ էին տեղի ունենում: Կոսովոն դուրս եկավ Սերբիայի կազմից ոչ թե միջազգային իրավունքի նորմերին չհամապատասխանող հանրաքվեի միջոցով, այլ Միավորված ազգերի կազմակերպության և իր հարևանների հետ շատ մանրակրկիտ համագործակցության շնորհիվ»,- պնդում է Բարաք Օբաման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG