Մատչելիության հղումներ

Արաղն ու տեկիլան՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում


«Ռոյթերզ» գործակալությունը նյութ է պատրաստել Իրանի Իսլամական Հանրապետությունում ոգելից խմիչքների օգտագործման մասին՝ առանձնացնելով երեք կետ․ Իրանը պաշտոնապես հանդուրժում է ալկոհոլը միայն ազգային, կրոնական փոքրամասնությունների շրջանում, խմողները ընտրություն ունեն, բայց պետք է զգույշ լինեն, և հնարավոր է խմիչք պատվիրել ու շուտ ստանալ:

«Չնայած ալկոհոլի վաճառքի արգելքին ու ոստիկանական ստուգումներին՝ Իրանում խմելը լայնորեն տարածված է, մասնավորապես, հարուստների շրջանում, ու քանի որ շիա մահմեդական մեծամասնություն ունեցող Իրանում դիսկոտեկներ ու գիշերային ակումբեր չկան, ամեն ինչը տեղի է ունենում տներում, փակ դռների հետևում», - փաստում է նյութի հեղինակը՝ ներկայացնելով Թեհրանի հարուստ տներից մեկում անցկացվող հավաքույթը, որի տանտերն ու նրա ընկերուհին հեռախոսով ասում են, թե յուրաքանչյուր շաբաթավերջին հավաքույթ են կազմակերպում ու խմում մինչև առավոտ:

Իրանում ոգելից խմիչքները բերում են մաքսանենգ ճանապարհով, բայց խմիչքի մեծ մասը հիմնականում պատրաստվում է տեղում: Հրապարակման մեջ նշվում է, որ խաղողից տանը պատրաստված էժան սպիրտի, լայնորեն հայտնի արաղի հիմնական աղբյուրը Իրանի հայկական համայնքն է:

Սպահանից 36-ամյա Մուսան ասել է, թե ընկերներ ունի, որոնք տանը խմիչք են պատրաստում ու ամեն տարի մոտավորապես 30 շիշ իրեն են տալիս: Իսկ Թեհրանից 28-ամյա Հասանը պատմել է, որ ընկերներով խաղող են հավաքում ու ճզմում իր տան լոգարանում: «Դա ուրախ է, համարյա արարողություն է», - նկարագրել է նա:

Գինի պատրաստելու հազարամյակների ավանդույթ ունեցող Իրանում հիմա միայն քրիստոնյաները, հրեաները և զրադաշտականներն օրինական իրավունք ունեն իրենց տներում գինի պատրաստել միայն սեփական օգտագործման համար, իսկ հոգևորականները՝ նաև կրոնական արարողությունների համար:

Ոգելից խմիչքների առևտուրը Իրանում խստորեն արգելված է: Չնայած արգելքին՝ ընդհատակյա, անօրինական առևտուր կա: Ալկոհոլի մատչելիությունը մտահոգություն է առաջացրել Իրանի հոգևոր առաջնորդների մոտ: Նրանք Արևմուտքին մեղադրում են դավադիր գործողությունների մեջ, որոնց նպատակը իրանցիներին կրոնական բարեպաշտ վարքից կտրելով՝ գայթակղելն է:

Ամեն դեպքում ալկոհոլի չարաշահումը և ալկոհոլային թունավորումները Իրանում իսկապես խնդիր են դառնում: Ըստ տեղական լրատվամիջոցների, երկրում ավելի քան 200 հազար ալկոհոլիկ կա:

Անցյալ տարի Իրանում թույլատրվել է բացել խմիչքի նկատմամբ թուլություն ունեցողներին բուժելու առաջին բժշկական կենտրոնը:

Առողջապահության նախարարության պաշտոնյան «Ռոյերզ»-ին ասել է, որ կենտրոնը ստեղծվել է Թեհրանում՝ «օգնելու համար մեր քաղաքացիներին»: «Դուք չեք կարող լուծել խնդիրն այն անտեսելու միջոցով», - նշել է պաշտոնյան, սակայն չի հայտնել ո՛չ բուժվողների քանակը, ո՛չ կենտրոնի կոնկրետ հասցեն:

Անցյալ տարի Իրանի առողջապահական համակարգի պաշտոնյաները կառավարությանը զգուշացրել էին, որ աճում է տանը պատրաստված խմիչքից թունավորվելու և մահանալու դեպքերը և հորդորել էին միջոցներ ձեռնարկել:

Իրանական մամուլը հաճախ է հաղորդում տանը պատրաստած խմիչքներից կամ տեխնիկական նշանակության սպիրտից կուրանալու կամ մահանալու մասին: Սուպերմարկետներում ընդամենը 3․5 դոլարով կարելի է տեխնիկական սպիրտ ձեռք բերել:

Մեծ բիզնես է ոգելից խմիչքների մաքսանենգությունը: Իրանի արդարադատության համակարգը սահմանապահ ծառայությանը մեղադրում է մաքսանենգ առևտրին մասնակցելու մեջ: Ըստ ընդդիմադիր կայքերի, սահմանների հսկողությունը իրականացնող Հեղափոխության պահապանների կորպուսը տարեկան 12 միլիարդ դոլարի անօրինական եկամուտ է ունենում ալկոհոլի մաքսանենգ ներկրումից:

Այս անօրինական բիզնեսում Հեղափոխության պահապանների ներգրավվածության մասին ասել է նաև Իրանի նախկին փոխվարչապետ Մոհսեն Սազեջարան, ով հիմա ապրում է Միացյալ Նահանգներում: Պահապանների կորպուսը հրաժարվել է մեկնաբանել այս պնդումները:

Գործարանային արտադրության նորմալ խմիչքները մաքսանենգ ճանապարհով Իրան են բերվում հարևան Թուրքիայից և Իրաքի քրդական շրջաններից: Ոգելից խմիչքի մեկ շիշը վաճառվում է 70 դոլարով, տեկիլա կամ ֆրանսիական կոնյակ սև շուկայում կարելի է ձեռք բերել 100 դոլարով, իսկ գարեջուրը՝ 8 դոլարի սահմաններում: Մաքսանենգ օղին Իրան է բերվում նաև Ռուսաստանից ու Վրաստանից:

«Ռոյերզ»-ն իր նյութը ավարտում է այնտեղ, որտեղից սկսել էր՝ վերադառնալով թեհրանաբնակ հարուստ գործարարի տանը կազմակերպվող խնջույքներին: Տանտերն ասում է, թե հավաքույթները օգնում են շրջանցելու մահմեդական վերնախավի ստեղծած սոցիալական արգելքները:

«Մենք խմում ենք՝ մոռանալու համար մեր խնդիրները: Հակառակ դեպքում կգժվենք երիտասարդների վրա Իրանում դրված բոլոր սահմանափակումների պատճառով», - բացատրել է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG