Մատչելիության հղումներ

Ուկրաինացի ազգայնականների և Արսեն Ավակովի հարաբերությունները սրվել են


Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակով
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակով
Ուկրաինացի ծայրահեղ ազգայնականների և երկրի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի հարաբերությունները սրվում են ժամ առ ժամ:

«Աջ սեկտորի» առաջնորդ Դմիտրի Յարոշը երեքշաբթի օրվա երկրորդ կեսին Կիևում հրավիրած ասուլիսի ընթացքում պահանջեց Ավակովի հրաժարականը` նրան անվանելով իր մերձավորագույն զինակցի` Ալեքսանդր Մուզիչկոյի սպանության գլխավոր պատասխանատու:

«Մենք պահանջում ենք ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի անհապաղ հրաժարականը: Մենք պահանջում ենք նաև ձերբակալել ներքին գործերի նախարարության կազմում գործող հատուկ նշանակության «Սոկոլ» ջոկատի այն մարտիկներին, ովքեր Ռովնոյում իրականացված հատուկ գործողության ժամանակ սպանեցին մեր ընկերոջը»,- հայտարարեց Յարոշը` Ավակովի գործողությունները որակելով որպես «հակահեղափոխական»:

«Աջ սեկտորի» Արևմտյան Ուկրաինայի տարածաշրջանային համակարգող Մուզիչկոն, որն ուկրաինական հանրությանը ավելի հայտնի էր որպես Սաշա Բելի, սպանվեց երեքշաբթի գիշերը ոստիկանական գործողության արդյունքում: Ոստիկանությունը պնդում էր, որ Մուզիչկոն սպանվել է ձերբակալության ժամանակ դիմադրություն ցուցաբերելու պահին:

Նրա զինակիցների համոզմամբ` Մուզչիկոյին պարզապես սառնասրտորեն սպանել են ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի հետ ունեցած սուր կոնֆլիկտի պատճառով: «Աջ սեկտորի» ակտիվիստները նույնիսկ հայտարարեցին թե վրեժ են լուծելու Ավակովից՝ իրենց ընկերոջ սպանության համար:

Սրան ի պատասխան ներքին գործերի նախարարը հայտարարեց.- «Եթե հանցագործները սպառնում են նախարարին, ես ընդունում եմ այդ մարտահրավերը: Այսուհետ ևս իմ մոտեցումը շատ կոշտ է լինելու բոլոր այն հանցագործների հանդեպ, ովքեր խախտում են հասարակական անդորրը: Այդ մարդիկ իրենց կարող են անվանել «Աջ սեկտոր», Մայդանի ինքնապաշտպանություն կամ «Բատկիվշինա» կուսակցություն, միևնույն է ես համոզված եմ՝ իրական հայրենասերները այժմ զենքը ձեռքին պաշտպանում են Ուկրաինայի սահմանները, այլ ոչ թե զբաղված են այս կամ այն արդյունաբերական ձեռնարկության վրա հարձակվելով կամ էլ մասնավոր սեփականություն հանդիսացող բնակարանների առգրավմամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG