Մատչելիության հղումներ

ՀԷԿ-ի կառուցման դեմ բողոքող գյուղացիներն այսօր ակցիա չանցկացրեցին


Այս ամիս արդեն երկու անգամ Վանաձոր-Երևան ավտոճանապարհը փակած Օհանավան ու հարակից գյուղերի բնակիչներն այսօր բողոքի ակցիա չանցկացրեցին։

«Ազատությանը» նրանք փոխանցեցին, որ երեկ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը այցելել է իրենց ու վստահեցրել, թե կառավարությունը խրախուսել է համայնքային զարգացման միայն այն ծրագրերը, որոնք գյուղատնտեսությամբ զբաղվելու հարցում խոչընդոտներ չեն ստեղծում։

Հայաստանի նախագահի հանձնարարությամբ գյուղացիներին հանդիպած մարզպետը նաև հայտնել էր, թե հաշվի առնելով ծրագրի արդյունավետության վերաբերյալ բնակիչների մտահոգությունները՝ որոշվել է կասեցնել արագահոս դոտացիոն ջրատարի վրա շինարարական աշխատանքները։

Մինչդեռ այս հարցով ձևավորված կառավարական հանձնաժողովը մինչև այսօր չհրապարակեց իր եզրակացությունը այդ շրջանի ոռոգման համակարգի խնդիրների, այդ թվում և համակարգի վրա փոքր ՀԷԿ-ի ազդեցության մասին։

Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Զոյա Բարսեղյանն «Ազատությանը» փոխանցեց, որ տարածքային կառավարման փոխնախարար Արտաշես Բախշյանի ղեկավարությամբ գործող հանձնաժողովն արդեն ունի նախնական եզրակացությունը, և այն ուղարկվել է փոխվարչապետին: Վերջնական եզրակացությունը ստանալուն պես այն կհրապարակվի:

Հիշեցնենք, որ ԳԱՀԱ Էներջի ընկերությունը, որը այդ շրջանում ջրատարի նորոգման նպատակ ուներ՝ հետագայում այդտեղ փոքր ՀԷԿ կառուցելու վերջնաարդյունքով, կասեցրել է շինարարությունը՝ փորձելով հաշվի առնել գյուղացիների ու այս հարցով մտահոգ քաղաքացիների տեսակետները։

Տարածքային կառավարման նախարարության հաղորդագրության համաձայն, նախագահ Սարգսյանը փոխվարչապետ Արմեն Գևորգյանին հանձնարարել է համապատասխան աշխատանքներ իրականացնել տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ` ոռոգման համակարգին առնչվող մտահոգությունները համապարփակ կերպով քննարկելու և, անհրաժեշտության դեպքում, համապատասխան լուծումներ առաջարկելու համար:

«Գևորգյանն առաջիկա օրերին հանդիպումներ կունենա համայնքների ղեկավարների հետ, որոնց ընթացքում կքննարկվեն Կարբի և Օհանավան համայնքների ոռոգման համակարգի ուսումնասիրման նպատակով ստեղծված հանձնաժողովի կողմից բացահայտված խնդիրները, ներկայացված առաջարկությունները, ինչպես նաև կստեղծվի հանձնաժողով` Ապարանի ջրամբարի ջրային ռեսուրսների կառավարման ընթացակարգերն ուսումնասիրելու և, հնարավորության դեպքում, դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար»,- ասված է հաղորդագրությունում:


Նաիրա Բուլղադարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG