Մատչելիության հղումներ

Պոեզիայի միջազգային օրը լայնորեն կնշվի Հայաստանում


Մարտի 21-ին նշվող Պոեզիայի միջազգային օրվա կապակցությամբ, ինչպես «Ազատության» հետ զրույցում փոխանցեց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Հայաստանում կանցկացվեն մի շարք միջոցառումներ:

«Բանաստեղծները տարբեր հարթակներում պիտի հանդիպեն ընթերցողների հետ», - ասաց Միլիտոնյանը` հավելելով, որ Ազգային գրադարանում հանդիպումը կազմակերպելու է Վառլեն Ալեքսանյանը, Իսահակյանի անվան գրադարանում ընթերցողների հետ կհանդիպի Ղուկաս Սիրունյանը, Հայաստանի գրողների միության դահլիճում 7 բանաստեղծների հետ հանդիպում է լինելու:

Գրողների միությունում վաղը ներկայացմամբ հանդես կգա մայրաքաղաքի Կենտրոն թաղապետարանի նախաձեռնությամբ ստեղծված Պոեզիայի թատրոնը:

Վաղը կմեկնարկեն նաև Համո Սահյանի 100-անյակին նվիրված միջոցառումները: Միջոցառումների մեծ ծրագիր է նախատեսել Խնկո Ապոր անվան գրադարանը:

Գյումրիում գրողների հետ հանդիպումները կանցկացվեն Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում: Հանդիպումներ են նախատեսված նաև Լոռու մարզում:

Վաղը, ի դեպ, առաջին անգամ Լոռու մարզում կհանձնվի Հովհաննես Թումանյանի անվան մրցանակ: Ուշագրավ է, որ մինչև այժմ Ամենայն հայոց բանաստեղծի անունով մրցանակ չի եղել: «Ահա փորձում ենք լրացրել այս բացը», - ասաց ՀԳՄ նախագահը:

«Գրական թերթ»-ի գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանը տեղեկացրեց, որ վաղվա համարը ամբողջովին նվիրված է լինելու պոեզիայի տոնին:

Էդվարդ Միլիտոնյանը հարկ համարեց բարձրաձայնել իր մտահոգությունը՝ կապված անընդմեջ ինքնահրատարակվող գրականության քանակի ու որակի հետ․ - «Կարող է հանկարծ պոեզիայի գլխին էլ դա ջարդվի․ վեր բարձրանա աշուղականությունը, և պարզամիտ ոտանավորչիությունը դառնա մեր հասարակության գլխին պատիժ, որպիսին եղել է 30-ական թվականներին և 40-ականների մինչև վերջը: Մտածում եմ, որ բոլորիս հոգսն է լավագույն ժամանակակից աշխարհի բանաստեղծներին թարգմանաբար ներկայացնելը: Որովհետև եթե մշակութային դաշտը աշխարհի չգիտենք, մենք մեր բանաստեղծներին չենք կարող գնահատել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG