Մատչելիության հղումներ

Օբաման հայտարարում է Մոսկվայի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին


Այսօր ԱՄՆ-ի նախագահը Վաշինգտոնում հայտարարեց Մոսկվայի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանման մասին:

«Մենք Ղրիմում անցկացված անօրինական հանրաքվեի և Ռուսաստանի կողմից ձեռնարկված ոչ լեգիտիմ քայլի` Ղրիմի բռնակցման ականատեսը դարձանք: Առկա են նաև իրավիճակի հետագա թեժացման ռիսկեր` այդ թվում վտանգներ Ղրիմում գտնվող ուկրաինացի զինվորականների, ինչպես նաև Ուկրաինայի հարավային ու արևելյան շրջանների համար», - նշեց Օբաման՝ հայտարարելով․. - «Սա մի ընտրություն է, որ ռուսներն իրենք են կատարել` ընտրություն, որ չի ընդունվել ո՛չ միջազգային հանրության և ո՛չ էլ Ուկրաինայի կառավարության կողմից: Ստեղծված իրավիճակում մենք, ինչպես և խոստացել էինք, ձեռնամուխ ենք լինում նոր պատժամիջոցների կիրառմանը: Հիմնվելով ռուսական ներխուժումից հետո իմ կողմից ստորագրված հրամանագրի դրույթների վրա` մենք ընդլայնում ենք ռուսական կառավարության այն բարձրաստիճան պաշտոնյաների շրջանակը, որոնց նկատմամբ այսուհետ պատժամիջոցներ են կիրառվելու: Բացի այդ, պատժամիջոցներ են սահմանվում զգալի ազդեցություն և ռեսուրսներ ունեցող մի շարք այլ անձանց նկատմամբ, ովքեր նյութական աջակցություն են ցուցաբերում ռուսական ղեկավարությանը: Պատժամիջոցներ կսահմանվեն նաև մի բանկի նկատմամբ, որը նյութական աջակցություն է ցուցաբերում այս անձանց»:

Օբաման շեշտեց, որ իրավիճակի հետագա վատթարացման դեպքում Մոսկվայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները է՛լ ավելի կոշտ բնույթ կկրեն:

«Այսօր ես ևս մեկ հրամանագիր եմ ստորագրել, որը իրավունք է տալիս ինձ պատժամիջոցներ կիրառել ոչ միայն անհատների, այլև Ռուսաստանի տնտեսության առանցքային ճյուղերի նկատմամբ: Հարկ է նկատել, որ այդ քայլը բացասական հետևանքներ կարող է ունենալ նաև ողջ համաշխարհային տնտեսության վրա», - նշեց Օբաման:

Սպիտակ տան ղեկավարը նաև նշեց, որ այսօր էլ Մոսկվայի հետ դիվանագիտական շփումները շարունակվում են, և խնդրի դիվանագիտական լուծման հավանականությունը վերջնականապես կորսված չէ:

«Ռուս ժողովուրդն ու պարոն Պուտինը պետք է հստակ ըմբռնեն, որ ուկրաինացի ժողովուրդը չպետք է ընտրություն կատարի Արևմուտքի և Ռուսաստանի միջև: Մեր ցանկությունն է, որ ուկրաինացի ժողովուրդն ինքը վճռի իր ճակատագիրը` լավ հարաբերություններ ունենալով Միացյալ Նահագների, Ռուսաստանի, Եվրոպայի հետ: Դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը ճանաչի ուկրաինացիների իրավունքը` ինքնուրույնաբար որոշելու սեփական ճակատագիրը` որպես ազատ քաղաքացիներ և անկախ, ինքնիշխան պետություն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG