Մատչելիության հղումներ

WSJ. Ուկրաինայի տնտեսությունը ԱԳ երկրների շարքում ամենավատ վիճակում է


Ուկրաինայում հակամարտությունը աշխարհի ուշադրությունը բևեռել է նախկին խորհրդային երկրների վրա, թե ինչպես են նրանք փորձում հավասարակշռություն պահպանել Եվրոպայի և Ռուսաստանի միջև, իր վերջին հոդվածներից մեկում գրում է «Ուոլ Սթրիթ Ջորնալը» և ուշագրավ մի հետազոտություն ներկայացնում, որը վերաբերում է Արևելյան գործընկերության ծրագրի վեց երկրների` Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Բելառուսի և Մոլդովայի տնտեսություններին։

Պարբերականը հոդվածում ներկայացնում է այդ երկրների տնտեսական աճը սկսած 1994 թվականից և պարզաբանում՝ Եվրամիության, թե՝ Ռուսաստանի հետ են գերադասում առևտուր անել այդ երկրները:

Պարբերականի կատարած համեմատությունը ցույց է տալիս, որ 1994 թվականից սկսած ամենից վատ վիճակում է Ուկրաինայի տնտեսությունը: Արևելյան գործընկերության երկրներից ամենամեծ պետությունը` 600 հազար քառակուսի կիլոմետրից ավելի տարածք և 45 միլիոնից ավելի բնակչություն ունեցող Ուկրաինայի ներքին համախառն արդյունքը անկախացումից ի վեր ամենափոքր աճն է արձանագրել մյուս պետությունների համեմատությամբ:

Այդ երկրի տնտեսությունը միայն 2004 թվականից է սկսել աճել` 4 տարի անց ցավալիորեն արձագանքելով նաև 2008-ի տնտեսական ճգնաժամին, և մինչ այժմ դեռ չի վերականգնել 2008 թվականի ծավալները:

Ամենալավ տնտեսական վիճակը, ըստ գրաֆիկի, Ադրբեջանում է. 1994 թվականից ի վեր այդ երկրի համախառն ներքին արդյունքն աճել է 4 անգամ` իր սրընթաց վերելքը սկսելով 2004 թվականից` Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի շինարարության հետ համատեղ:

Ադրբեջանը այս վեց պետություններից միակն է, որ գրեթե չի զգացել 2008 տնտեսական ճգնաժամը։ Այն տարիներին, երբ մյուս տնտեսությունները անկում էին ապրում, ադրբեջանական տնտեսությունը աճ է գրանցել, փոքր-ինչ հապաղելով միայն 2010-11 թվականներին, սակայն դրանից հետո ադրբեջանական տնտեսական աճի ցուցանիշը շարունակել է իր վերելքը:

Փոխարենը Հայաստանի տնտեսությունն ամենից ցավոտն է արձագանքել համաշխարհային տնտեսական ճգնաժամին, և մյուս երկրների հետ համեմատած՝ ճգնաժամի տարիներին մեր երկրում համեմատած ամենամեծ տնտեսական անկումն է գրանցվել։ Հայաստանը միայն այժմ է վերականգնում ճգնաժամից առաջ ունեցած դիրքը: 1994 թվականից սկսած Հայաստանի տնտեսությունն աճել է 2.5 անգամ և տնտեսական աճի առումով Ադրբեջանից հետո երկրորդն է:

Երրորդ տեղում Վրաստանն է։ Վրացական տնտեսությունը ներկայացնող գրաֆիկը ցույց է տալիս, որ մինչ օրս այդ երկրի համախառն ներքին արդյունքը աճել է երկու անգամ:

Չորրորդ տեղում Բելառուսի տնտեսությունն է։ Այդ երկիրը 1994-ին մի քանի տարի տևած տնտեսական անկումից հետո 1997 թվականից արդեն կայուն աճ է արձանագրել և միայն 2008 թվականի ճգնաժամի ընթացքում է մեկ տարի տեղում դոփել, որից հետո Բելառուսում տնտեսական աճը շարունակվում է մինչ օրս: 1994 թվականից ի վեր Բելառուսի տնտեսությունն աճել է շուրջ 1.8 անգամ:

Նախավերջին տեղում Մոլդովայի տնտեսությունն է.1994 թվականից ի այդ երկրի համախառն ներքին արդյունքը կիսով չափ էլ չի աճել: Մոլդովայի տնտեսական աճի գրաֆիկը գրեթե կրկնում է ուկրաինականը` միայն մեկ տարբերությամբ. Մոլդովայում 2008-ի ճգնաժամին տնտեսության անկումն այդքան ցավոտ չի եղել, և Մոլդովան այս ընթացքում կարողացել է վերականգնել և անգամ գերազանցել տնտեսության իր մինչճգնաժամյան ծավալները:

Ինչ վերաբերում է այն հարցին թե ո՞ւմ հետ են Արևելյան գործընկերության վեց երկրները ավելի շատ առևտուր անում` Եվրամիությա՞ն, թե՞ Ռուսաստանի Դաշնության, ապա «Ուոլ Սթրիթ Ջորնալը» ներկայացնում է 2012 թվականի տվյալները, որոնց համաձայն պատկերը հետևյալն է. միայն Բելառուսի դեպքում է, որ Ռուսաստանի հետ առևտրի ծավալները գերազանցել են Եվրամիության հետ առևտրի ծավալներին, մյուս բոլոր երկրների պարագայում Եվրամիության հետ առևտրի ծավալներն ավելի մեծ են եղել, քան Ռուսաստանի հետ առևտրի ծավալները:

Հայաստանն այս վեց երկրների շարքում ամենահավասարակշռված վիճակում է գտնվել։ Այնուամենայնիվ Եվրամիության հետ առևտուրը փոքր-ինչ գերակշռել է մեր երկրի դեպքում: Հայաստանի առևտրաշրջանառության 23.5 տոկոսը Ռուսաստանի հետ է եղել, իսկ 29.6 տոկոսը՝ Եվրամիության:

Ուկրաինայի դեպքում կշեռքի նժարը ավելի է շեղված դեպի Եվրամիություն` գրեթե 34 տոկոս առևտուրը Եվրամիության հետ է և միայն մոտ 22 տոկոսը Ռուսաստանի:

Ռուսաստանի հետ ամենափոքր առևտրի ծավալներն ունի Ադրբեջանը՝ միայն 6 տոկոսից մի փոքր ավելի, իսկ Եվրամիության հետ շրջանառությունը 36 տոկոս է կազմում:

Ռուսաստանի հետ նկատելիորեն ավելի սառը, իսկ Եվրոպայի հետ ավելի ջերմ հարաբերություններ ունեցող Վրաստանը, սակայն, Ադրբեջանից ավելի շատ է առևտուր անում Ռուսաստանի հետ՝ 6.7 տոկոս, իսկ Եվրամիության հետ առևտրի ծավալները ավելի պակաս են թե Ադրբեջանից, թե նաև Հայաստանից և կազմում են 28.5 տոկոս:

Մոլդովայի ողջ առևտրի կեսից ավելին Եվրոպայի հետ է և միայն մոտ 12 տոկոսը Ռուսաստանի։ Բելառուսի պարագայում հակառակ պատկերն է` այդ երկրի առևտրի 47.5 տոկոսը Ռուսաստանի հետ է, իսկ 29 տոկոսը՝ Եվրամիության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG