Մատչելիության հղումներ

14 մլն դրամ՝ դրոշակազարդարման ծառայությունների համար


Այսօր Երեւանի ավագանու հերթական նիստին հաստատվեց քաղաքային բյուջեի կատարման հաշվետվությունը 36 կողմ (ՀՀԿ ), 4 դեմ («Բարև Երևան») և 16 ձեռնպահ (ԲՀԿ) ձայների հարաբերակցությամբ: «Բարև Երևան» խմբակցությունը հայտարարեց, որ քաղաքային բյուջեի հաշվետվությունն արժանահավատ չի համարում:

Փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի հաշվետվությունը լսելուց հետո «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանն իր ելույթում անդրադարձավ այն ծախսերին, որոնք իր ձևակերպմամբ, հնարավոր չէ վերահսկել:

Նա մատնանշեց պետական դրոշների համար հատկացվող գումարները՝ նշելով, որ 2013-ին 14 մլն դրամ է հատկացվել օտարերկրյա նախագահների այցերի հետ կապված դրոշակազարդարման ծառայությունների համար, որից հետո 7200 դրոշները այրվել են:

«Կարող էիք 10000 էլ գրել, միեւնույնն է, ոչ ոք չէր կարող հաշվել դրանք, հատկապես եթե վերջում այրվել են: Քանի՞ նախագահ է անցյալ տարի Հայաստան եկել․ երկուսից ավել չեմ կարող հիշել, թող չորսը լինեն: Ոչ մեկի չեք կարող համոզել, որ այս գումարները նպատակին են ծառայել: Այս կարգի ուռճացնե՞լ թվերը», - ասաց «Բարև Երևան» խմբակցության ղեկավարը:

Խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը նշեց, որ «Բարև Երևանը» բյուջեյի կատարողականը չի կարող արժանահավատ համարել, դրանում արտացոլված ծախսերը՝ հավաստի: Նա թվարկեց այն ծախսերը, որոնց արդյունավետությունը իրենց մոտ հարցականներ է առաջացրել:

«Արտասահմանյան գործուղումների համար հատկացված է եղել 56 մլն դրամ: Չեմ կարծում, որ սա այսպիսի բազում պրոբլեմներ ունեցող քաղաքի համար արդարացված մեծության ծախս է: Ներկայացուցչական ծախսերը, այսինքն՝ այլ երկրներից ընդունված պատվիրակություններ, որոնց համար հուշանվերներ ենք գնել, նվիրել, հյուրանոցներում ենք տեղավորել, հյուրասիրություն ապահովել, կազմել են 108 մլն դրամ: Աջակցություն համայնքային կազմակերպություններին՝ հուղարկավորությունների հետ կապված անվճար ծառայությունների կապակցությամբ՝ 22 մլն դրամ: 22 մլն դրամ էլ հատկացվել է հարազատներ չունեցող և սոցիալապես անապահով ընտանիքների անդամների հուղարկավորությանն աջակցելու համար: Թափառող կենդանիների վնասազերծում՝ 219 մլն դրամ, կամարանցումների և այլ շինությունների վերանորոգում և գունազարդում՝ 109 մլն դրամ, Քաղաքապետարանի աշխատանքների լուսաբանում ՝ 35 մլն դրամ», - նշեց Սաֆարյանը:

Քաղաքապետարանի ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ռոզա Սիրունյանը կոչ արեց անընդհատ «վատը և նեգատիվը» չտեսնել․ - «Մենք մանրամասնորեն ուսումնասիրել ենք բյուջեի կատարողականը: Չեմ կարծում, որ կարելի է այդպես վատ ձևով ներկայացնել 2013 թվականի բյուջեն»:

Վահե Նիկոյանը, արձագանքելով քննադատությանը, նշեց, որ բոլոր հարցերը վերաբերում էին ոչ թե հաշվետվությանը, այլ բյուջեին, իսկ բոլոր ծրագրերը, որոնց համար ֆինանսավորում էր նախատեսված, մանրամասն հիմնավորված են եղել մասնագետների կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG