Մատչելիության հղումներ

Ղրիմի ճանաչումը՝ «ղարաբաղյան պայքարի արժեզրկում»


Ալեքսանդր Արզումանյան
Ալեքսանդր Արզումանյան
Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը Ղարաբաղում Ղրիմի ինքնորոշմանը նվիրված տոնակատարության ետևում տեսնում է Ռուսաստանին:

Երեկ Ստեփանակերտի հրապարակում պետական մակարդակով տոնում էին Ղրիմի ինքորոշումը, որին մասնակցում էր նաև Ղարաբաղի նախագահը և այլ պաշտոնատար անձինք:

«Մի տոնախմբություն, մի այնպիսի իրավիճակ ստեղծվեց, որ, ասես թե, Լեռնային Ղարաբաղին ընդունել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ և արդեն այլևս մշտական անդամ է դարձել», - մեկնաբանեց Արզումանյանը, - «Սա մի քիչ զարմանալի էր, առավել ևս, որ, եթե հիշում եք, Կոսովոյի ալբանացիները նույնպես իրագործեցին իրենց ինքնորոշման իրավունքը և որևէ ծպտուն անգամ չեղավ մեր եղբայրների, քույրերի կողմից: Սա կասկածի տակ է դնում, որ դա ինքնուրույն արված քայլ էր, այլ Ռուսաստանի ցանկությամբ»:

Ալեքսանդր Արզումանյանը, ով նաև ՄԱԿ-ում Հայաստանի նախկին ներկայացուցիչն էր, վտանգավոր է համարում Ղրիմի բռնակցումը նախադեպ համարել Լեռնային Ղարաբաղի համար: Նրա համոզմամբ, նախադեպ պետք է համարել Շոտլանդիայում և Կատալոնիայում կայանալիք հանրաքվեները, կամ այս օրերին Վենետիկում ընթացող հանրաքվեն: Այսինքն, ըստ նախկին արտգործնախարարի, բնակչությունը ինքն է ազատ ինքնորոշվում, իր կամքով, առանց տանկերի և օտար սապոգի ներկայության: Մինչդեռ այն, ինչ տեղի ունեցավ Ղրիմում, ոչ թե ազատ ինքնորոշում էր, այլ բռնակցում:

«Ուկրաինայի բնակչությունը ազատ չի ինքնորոշվել, այլ այդ ակտը պարտադրվել է հարևան պետության կողմից: Այնպես որ, սա ավելի շատ բռնակցում է Ռուսաստանի կառավարության կողմից», - ասաց նա:

Ալեքսանդր Արզումանյանին հարցրեցինք, թե արդյոք վտանգ չի տեսնում, որ Ղարաբաղի դեպքում ևս նմանատիպ զարգացումներ ընթանան՝ նկատի ունենալով Ղրիմի նախադեպը, նաև Մերձդնեստրի իշխանությունների՝ Ռուսաստան մտնելու ցանկությունը: Հիշեցնենք, մի քանի ամիս առաջ հրապարակախոս Զորի Բալայանը բաց նամակ էր հղել Վլադիմիր Պուտինին, հիշեցնելով, որ Ղարաբաղը պատմականորեն Ռուսական Կայսրության մաս էր:

«Իհարկե, վտանգավոր համարում եմ, և ինչու ոչ՝ կարող են և մեր գլխին բերել նման ինքնորոշում, այսպես ասած՝ ռուսական ինքնորոշում: Հայաստանի ապագայով, Հայաստանի անկախությամբ մտահոգ յուրաքանչյուր քաղաքացու և քաղաքական ուժի պարտքն է ամեն ինչ անել, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանությունը չխաթարվի», - այս առնչությամբ մեկնաբանեց նախկին արտգործնախարարը:

Պարույր Հայրիկյան
Պարույր Հայրիկյան
Խորհրդային Միության տարիներին ինքնորոշման իրավունքի համար պայքարած և երկար ժամանակ անազատության մեջ անցկացրած Պարույր Հայրիկյանն «Ազատության» հետ զրույցում ցավով նշեց, որ Ղրիմի ինքնորոշման շուրջ արտահայտած իր դիրքորոշմամբ և կազմակերպած տոնախմբությամբ Ղարաբաղում պարզապես արժեզրկեցին իրենց պայքարը: ԱԻՄ նախագահն ասում է, թե ինքնորոշման սկզբունքի կարևորությունը ոչ միայն հասկացող, այլև այդ սկզբունքը Սովետական Միության մեջ ժողովրդին մատուցած մարդ, գիտի՝ այդ սկզբունքը անբեկանելի է, սակայն ինքնորոշումը պետք է ազատ լինի, հրանոթի փողերի ներքո ազատություն չի կարող լինել:

«Եթե Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը, և չճանաչեց Արցախի անկախությունը, ցանկացած հայ մարդ պիտի հասկանա, որ Ռուսաստանը առաջնորդվում է իր նկատառումներով ու շահերով: Հիմա այդ նույն Ռուսաստանը իր եղբայրական ուկրաինացի ժողովրդի նկատմամբ քայլ է կատարել, և հանկարծ սրանք խանդավառված ողջունում են: Դուք ողջունում եք բռնությամբ կայացված գործողության մասնակիցներին: Սարերո՞ւմ եք ապրում, աշխարհից կտրվա՞ծ եք․․․ չէ, այդպես չէ, չէ՞ որ կա համացանց: Գիտեք, ես այս երևույթին լավ ծանոթ եմ, սա նաև ողորմելի հայկական մտածելակերպն է, արցախցիներին դա պիտի հատուկ չլիներ, բայց երևի Զորի Բալայանի նամակից հետո խանդավառվեցին «նամակ ռուսաց թագավորին» ոգով: Հիմա արժեզրկեցին իրենց պայքարը», - ասում է նա:

Ղարաբաղում դրսևորած անարժանապատիվ կեցվածքը Պարույր Հայրիկյանի համոզմամբ ծիծաղելի չէ, այն ավելի քան վտանգավոր է, քանի որ կարող ոչ միայն Ղարաբաղի, այլև ողջ հայության համար լուրջ հետևանքներ ունենալ․ - «Ի վերջո ամեն մարդ արժանանում է այնպիսի վերաբերմունքի, ինչպիսի պահվածք որ ինքը դրսևորում է: Նույնը վերաբերում է նաև ազգին՝ հայերը սրանք են, վաղը եկեք հայերին էլ սեղմենք՝ ասենք ադրբեջանցիք մի քանի տեղից ռմբակոծեն, որ հայերն էլ հանրաքվե անեն ու միանան Ռուսաստանին: Արցախցիներ, դուք պայքարի ընդունակ մարդիկ եք, ի՞նչ եք գլուխներդ կորցրել, ուզում եք անպայման որպես ռուսի ճո՞րտ կոտորվել: Կոտորվեք որպես ազատասեր հայեր, այդ դեպքում Աստված էլ ձեր հանդեպ բարեհաճ կլինի»:

Արտակ Զաքարյան
Արտակ Զաքարյան
Մինչդեռ Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության անդամ, խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը մեզ հետ զրույցում վստահություն հայտնեց, թե միջազգային հանրությունը ըմբռնումով կմոտենա Ղարաբաղի դիրքորոշմանը:

«Ղարաբաղի խորհրդարանը բազմաթիվ հայտարարություններ արել է, որի հիմքում եղել է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման և միջազգային ճանաչման գործընթացը, և ես կարծում եմ, որ Ղարաբաղի խորհրդարանի այս հայտարարությունը միջազգային հանրության մոտ ըմբռնումով կընկալվի և մեծ նորություն, որպես այդպիսին, չպետք է տեսնել», - նշեց նա:

Ի պատասխան մեր հարցի, թե նորմա՞լ է, երբ աշխարհը դատապարտում է Ղրիմի բռնակցումը, իսկ Ղարաբաղում տոնակատարություն են կազմակերպում, Արտակ Զաքարյանը պատասխանեց․ - «Երբ Հայաստանի սահմանին զինվոր է զոհվում այդ վայրերում ևս հրավառություններ էր լինում»:
XS
SM
MD
LG