Մատչելիության հղումներ

Փորձագետ․ Միջազգային մեկուսացումը շատ ծանր կնստի Ռուսաստանի վրա


Ուկրաինա -- Կինը անվճար թերթեր է բաժանում՝ «Ղրիմը ընտրել է Ռուսաստանը» վերնագրով, Սիմֆերոպոլ, 17-ը մարտի, 2014
Ուկրաինա -- Կինը անվճար թերթեր է բաժանում՝ «Ղրիմը ընտրել է Ռուսաստանը» վերնագրով, Սիմֆերոպոլ, 17-ը մարտի, 2014
Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը «Ազատության» հետ զրույցում գնահատելով Ղրիմում կիրակի օրը տեղի ունեցած հանրաքվեն, «բռնակցում» որակեց Ռուսաստանի քայլերը:

«Երեկվա հանրաքվեն, որ Ղրիմում տեղի ունեցավ, ոչ այլ ինչ էր, քան փորձ Ռուսաստանի կողմից հրազենի փողերի ներքո իրավաբանորեն ամրագրել այն բռնակցումը, որը փորձում է անել Պուտինի ռեժիմը Ղրիմում: Այդ իսկ պատճառով բացի Հյուսիսային Կորեայից և Սիրիայից աշխարհում չգտնվեց որևէ երկիր, որը սատարեր Ռուսաստանին, նույնիսկ Ռուսաստանի մերձավոր դաշնակիցները թե ՀԱՊԿ-ի, թե Մաքսային միության շրջանակում՝ հանձինս Ղազախստանի և Բելառուսի»,- ասաց փորձագետը:

Հարցին, թե ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել առաջիկայում, Մեհրաբյանը պատասխանեց․- «Ես կարծում եմ՝ Ռուսաստանը հատեց անթույլատրելի այն կարմիր գիծը, որին հետևելու է Ռուսաստանի միջազգային մեկուսացման ուղղված քայլեր»:

Փորձագետն ասում է՝ բաժանարար գիծը, որն այժմ առաջացել է Ռուսաստանի և Արևմուտքի միջև, վտանգավոր է նաև Հայաստանի համար:

«Միջազգային մեկուսացումը շատ ծանր կնստի Ռուսաստանի վրա, և Հայաստանը՝ որպես տարածաշրջանում Ռուսաստանի գլխավոր դաշնակիցը, իր վրա կկրի այդ բեռի զգալի մասը, եթե չվերանայի իր մոտեցումը: Մյուս կողմից էլ, պետք է նաև վերանայման առումով ինչ-որ սպասելիքներ ունենանք Արևմուտքից»,- ասաց փորձագետը:
XS
SM
MD
LG