Մատչելիության հղումներ

Ջոն Քերրին և Սերգեյ Լավրովը այսօր կհանդիպեն Լոնդոնում


ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, արխիվ, Հռոմ, 6 մարտի, 2014թ.
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, արխիվ, Հռոմ, 6 մարտի, 2014թ.

Ուկրաինան կարող է Ղրիմի հարցով դիմել ՄԱԿ-ին։

Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչությունների ղեկավարներն այսօր Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում քննարկելու են Ուկրաինայի իրավիճակը։

«Նախագահ Օբաման ինձ գործուղել է Լոնդոն, որտեղ ես ուրբաթ օրը հանդիպելու եմ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին։ Մենք նրա հետ մի քանի անգամ արդեն զրուցել ենք, նախագահն էլ Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ է զրուցել։ Ես ևս մեկ անգամ հստակ կպնդեմ` այո, մենք գիտենք, որ Ռուսաստանն Ուկրաինայում և հատկապես Ղրիմում ունի պատմական, մշակութային և այլ շահեր, սակայն դա որևէ կերպ չի արդարացնում ագրեսիան, որի ականատեսն ամբողջ աշխարհն է դարձել»,- ասել է Քերրին։

Այս կիրակի օրը Ղրիմում նախատեսված է Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեն։ Արևմուտքը հայտնել է, որ ոչ մի դեպքում չի ճանաչի դրա արդյունքները, քանի որ այն հակասում է Ուկրաինայի սահմանադրությանը։ Ռուսաստանը պնդում է, որ Ղրիմի ժողովրդի ինքնորոշման ձգտումը միանգամայն օրինական է։

Ջոն Քերրիի փոխանցմամբ, ամերիկյան կողմը պատրաստ է Լավրովի միջոցով Պուտինին ներկայացնել որոշակի առաջարկներ։

«Մենք և ամբողջ աշխարհը հուսով ենք, որ կկարողանանք գտնել այս կացությունը կարգավորելու և Ուկրաինայի ինքնիշխանությունն ու ամբողջականությունը պահպանելու ուղիներ»,- ասել է Ամերիկայի պետքարտուղարը։

Մինչդեռ, Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը Գերագույն ռադային առաջարկել է Ղրիմի հարցով դիմել ՄԱԿ-ին։

Ուկրաինան ՄԱԿ-ի Կանոնադրության 51 հոդվածի համաձայն, կարող է օգնության խնդրանքով դիմել ցանկացած պետության կամ անվտանգության տարածաշրջանային կառույցին։

51 հոդվածը տալիս է այդ հնարավորությունն այն դեպքում, եթե տվյալ պետության ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը վտանգվել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG