Մատչելիության հղումներ

«Մարտի 1»-ի բախումներում վիրավորվածները մինչև հիմա հաշմանդամ են


«Մարտի 1»-ի բախումներում վիրավորվածները մինչև հիմա հաշմանդամ են
please wait

No media source currently available

0:00 0:06:30 0:00
2008-ի մարտի 1-ի դեպքերի ժամանակ վիրավորված մեր զրուցակիցները ո՛չ զարմացած էին այդ դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման նախաձեռնության տապալումից, ո՛չ էլ որևէ ակնկալիք ունեին, որ գործող իշխանությունների օրոք իրենք կիմանան, թե ովքեր են իրենց վրա կրակողն ու իրենց հաշմանդամ դարձնողը։

Արդարադատության նկատմամբ հավատը կորցրած վիրավորների թիվ մեկ խնդիրն այսօր սեփական կարիքները հոգալն է։

Արարատի մարզի Խոր Վիրապ գյուղի բնակիչ Խաչիկ Դավթյանի համար Մարտի 1-ից հետո միակ լուսավոր իրադարձությունը դստեր ծնունդն է եղել. 39-ամյա տղամարդը կորցրել է և՛ առողջությունը, և՛ աշխատանքը․ - «Տանջանքից բացի ուրիշ բան չտեսա Մարտի 1-ից էս կողմ. ոչ մի լավ բան, ու լավ բան չեմ էլ սպասում», - «Ազատությանն» ասաց նա: - «Հաշմանդամ եմ, ոտքս 16 սանտիմետր վնասված է, երեք անգամ օպերացիա են արել, ես մի ամիս քանի օր մեջքի վրա պառկած եմ եղել Մարգարյան երկրորդում, ո՛չ աջ, ո՛չ ձախ... դուռը կողքս է եղել, ես չեմ իմացել դռնից այն կողմ ինչ կա։ Հիմա ոտքս կարճացել է, թաթս ընդհանրապես չեմ զգում, պատկերացրեք՝ մի անգամ մեխը կոշիկի միջով մտել է ոտքս՝ չեմ զգացել»։

Խաչիկ Դավթյանը մարմնական վնասվածք է ստացել 2008 թվականի մարտի 1-ի գիշերը: Ինչպես ինքն է պատմում՝ այդ օրը վաղ առավոտյան Ազատության հրապարակում նստացույցը ցրելու` ոստիկանների օպերացիայի ժամանակ կոտրել են իր ատամնաշարը, հետո գիշերը կրակել են վրան․ «Չերյոմուխա 7»-ից արձակված փամփուշտը կպել է աջ ոտքին, ինչի հետևանքով արդեն 6 տարի չի կարողանում հրաժարվել ձեռնափայտից. - «Ինձ Ձկան խանութի մոտ են խփել, նայեցի տեսա՝ թաթս չկա, թաթս շրջվել էր հակառակ կողմի վրա։ Ընկա գետնին, պատահական մարդիկ ինձ վերցրել են, հասցրել հիվանդանոց... 3 օպերացիա են արել»։

Մինչև 2008-ի ապրիլի 17-ը Խաչիկ Դավթյանը հիվանդանոցում է եղել, ցանկացել են ոտքը կտրել, թույլ չի տվել: Հիվանդանոցից դուրս գալուց հետո առանց որևէ ծանուցագրի, տանից ձեռնափայտերով տարել են հարցաքննության։ Ոտքի երրորդ վիրահատության պատճառը, վիրավորի հավաստմամբ, եղել է հենց հարցաքննությունը, որը ուղեկցվել է սպառնալիքով ու խոշտանգումներով։ Քննիչը պահանջել է, որ ընդդիմադիրների դեմ ցուցմունք տա, ինչին Դավթյանը ոչ մի գնով չի համաձայնել:

«Եկան վերցրին տանից, թե՝ պիտի գնանք դատախազություն, հրաման է եկել վերևից, պիտի քեզ տանենք դատախազություն։ Տարան դատախազություն, այնտեղ ահավոր վատ վերաբերմունք Գոռ Հովակիմյանի կաբինետում։ Ասում է՝ ջարդած ոտդ սա ա՞, ասում եմ՝ հա, ասում է՝ եթե հարցերիս իմ ուզած ձև չպատասխանես, մյուս ոտդ էլ կջարդեմ, կկրակեմ մյուս ոտքիդ, կասեմ՝ փախնում էր՝ կրակեցի։ Ասում եմ՝ լսի, ես կաստիլներով եմ, հաշմանդամ եմ, տասներեք սանտիմ ոտքս տրաքած է, քո հավատը կգա՞ որ ես փախնեմ, դու էլ կրակես․.. Ասում է՝ ինձ հետաքրքիր չի, կլինի էնպես, ոնց ես եմ ուզում, կգրես այն, ինչ ես եմ ուզում։ Տեսան՝ չէ, ոչ մի բան չեմ գրում, ասեցի՝ կուզեք ճակատիցս խփեք, ոտքերս փրթեք էլ, նման բան չեմ կարող ես անել։ Մեկը կար Աշոտ անունով, բռնեց ոտքս գիպսի մեջ ֆռռացրեց, գիպսով ֆռռացրեց։ Քրեականից էդ տղան, էդ Վազգենը, որ ինձ տանից տարել էր դատախազություն, իմ գոռոցից մտավ ներս, հեռախոսը տվեց Գոռ Հովակիմյանին, թե՝ առ տես ինչ են ասում, մեր պետն է, նա էլ հեռախոսը բրդեց, թե՝ քո պետն է, իմ պետը չի, դուրս արի սենյակից, թե չէ՝ զոռով կհանենք։ Ուշաթափվեցի, հետո ուշքի եկա, դեղ ուզեցի, չտվեցին... Հետո նորից հիվանդանոց, նորից գիպս... », - պատմեց Խաչիկ Դավթյանը՝ հավելելով, որ ոչ միայն Մարտի 1-ին իր վրա կրակողը, այլև հետո իրեն սպառնացած ու խոշտանգած իրավապահներից որևէ մեկը այդպես էլ պատասխանատվության չենթարկվեց՝ չնայած այդ մասին իր ցուցմունքներին ու դիմում-բողոքներին։

Մարտի 1-ին հրազենից վիրավորված, հետագա հետապնդումներից խուսափելու համար արտերկիր մեկնած Ռոբերտ Բաղդասարյանը ևս «Ազատության» հետ զրույցում հարց էր տալիս. ինչպե՞ս կարող են իշխանությունները ստեղծել Մարտի 1-ի և հաջորդած հանցագործությունները բացահայտող մարմին կամ հանձնաժողով. - «Դա հավասարազոր է, ոնց որ դատախազին ասես՝ ինձ սանկցիա տուր, որ գամ քեզ կալանավորեմ․.. Ինձ չի թվում, որ մարդիկ, որոնք այդ սպանդի հեղինակներն են, իրենց կալանավորելու սանկցիա կտան»։

Ռոբերտ Բաղդասարյանը համոզված չէ, որ Մարտի 1-ի գիշերը Պարոնյան - Լեո խաչմերուկում իր վրա դիպուկահարը չի կրակել. նպատակը չգիտե, գուցե արտակարգ դրություն մտցնելու համար պե՞տք էին զոհեր ու վիրավորներ։ Ասում է․ - «Ինչպե՞ս կարող էի հավատս չկորցնել ու չհեռանալ Հայաստանից, չէ՞ որ իրական հանցագործներին գտնելու փոխարեն կարող էին վիրավորներին հետապնդել»։

Մարտի 1-ին վիրավորվելուց հետո երիտասարդ տղամարդուն քաղաքական շարժառիթներով ազատել են աշխատանքից, մինչև այդ Ռոբերտ Բաղդասարյանը բանկի աշխատող է եղել: «Մեր իշխանություններից, համենայն դեպս, ամեն ինչ սպասելի էր... Իմ անվտանգությունից ելնելով, նաեւ՝ հիասթափություն կար, որոշեցի լքել Հայաստանը», - ասաց նա։

2008-ի մարտի 1-ին վիրավորված ցուցարարների թիվը անցնում է 150-ից. մինչև օրս որևէ անձ հրազենային կամ բեկորային վնասվածք հասցնելու մեղադրանքով պատասխանատվության չի ենթարկվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG