Մատչելիության հղումներ

Գագիկ Ծառուկյանը հանդիպեց ՀԱԿ-ի ներկայացուցիչների հետ


Գագիկ Ծառուկյանը հանդիպեց ՀԱԿ ներկայացուցիչների հետ
please wait

No media source currently available

0:00 0:05:58 0:00

Հանդիպման և արդյունքների վերաբերյալ ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի տեսակետները հակասական են։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ այսօր կայացած հանդիպմանը ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչները խոսել են իշխանափոխության և նախագահի հրաժարականի անհրաժեշտության մասին, հանդիպումից հետո լրագրողներին տեղեկացրեց ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ ընդգծելով, որ արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացման մեջ են իրենք տեսնում երկրի առջև ծառացած խնդիրների լուծումը։

ԲՀԿ-ի կենտրոնական գրասենյակում փակ դռների հետևում մոտ մեկ ժամ տևած հանդիպմանը Կոնգրեսից մասնակցում էին Լևոն Զուրաբյանը, խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը և Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը, ԲՀԿ-ից՝ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանից բացի ներկա էին խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, պատգամավորներ Վարդան Օսկանյանն ու Ստեփան Մարգարյանը:

«Մենք կարծում ենք, որ երկիրը գտնվում է խորը ճգնաժամում, որի միակ լուծումը Սերժ Սարգսյանի ռեժիմի հեռացումն է և երկրում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որի արդյունքում պետք է ձևավորվի լեգիտիմ, ժողովրդի կողմից ընտրված իշխանություն, որը կլինի նրա առջև հաշվետու։ Սրա մեջ ենք մենք տեսնում երկրի խնդիրների լուծումը»,- ասաց Լևոն Զուրաբյանը.- «Դա մեր միանշանակ դիրքորոշումն է, որը մենք բաց միշտ հայտնել ենք և այս հանդիպման ժամանակ էլ հայտնեցինք, որ մենք այլ կերպ չենք տեսնում երկրի առջև ծառացած խնդիրների լուծումը»։

«Ազատության» հաջորդ հարցին, թե ինչպե՞ս է Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու մասին իրենց դիտարկմանն արձագանքել Գագիկ Ծառուկյանը, Լևոն Զուրաբյանը միայն պատասխանեց, որ ԲՀԿ-ի, ինչպես նաև մյուս երեք ընդդիմադիր ուժերի հետ առայժմ փոխըմբռնում կա Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցում։ Կոնգրեսը դա դիտարկում է որպես ամբողջական իշխանափոխության առաջին փուլ։

«Մենք Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը տեսնում ենք որպես ոչ թե հանգուցալուծում, այլ որպես քաղաքական ուժերի համախմբման գործիք, որը թույլ կտա լուծել ավելի կարևոր հարց՝ Սերժ Սարգսյանի իշխանության հեռացումը և երկրում դեմոկրատական իշխանությունների ձևավորումը»,- նշեց Զուրաբյանը։

«Ազատության» հարցին թե եթե ԲՀԿ-ն, այնուհանդերձ, բավարարվի Կառավարության հրաժարականի պահանջով, Կոնգրեսը կդադարեցնի՞ իր համագործակցությունն այս քաղաքական ուժի հետ, Կոնգրեսի խմբակցության ղեկավարը պատասխանեց.- «Բայց ինչո՞ւ եք Դուք այդքան վատատես, ես չեմ հասկանում, և ինչո՞ւ եք Դուք ուզում բոլոր սցենարները պատկերացնել։ Ես բացարձակապես վատատես չեմ, ես կարծում եմ, որ երկրում ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ բոլոր քաղաքական ուժերը ստիպված փորձում են գտնել հարցերի պատասխանները, և հարցերի պատասխանները չեն կարող տրվել միայն Կառավարության հրաժարականով։ Այսինքն, դա ինչ-որ սուբյեկտիվ ցանկություն չէ, որ միայն Կոնգրեսը ունի, դա երկրի հրամայականն է, որը բոլոր ուժերին տանելու է դեպի այդ լուծումը»,- նշեց նա։

Եվ Լևոն Զուրաբյանը, և Արամ Մանուկյանը Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումը որակեցին արդյունավետ։

«Սա հաջողված հանդիպում էր, հեռանկարային հանդիպում, գործնական հանդիպում, ծրագրային հանդիպում, որը կարող է առաջիկայում Հայաստանի քաղաքական դաշտում լուրջ ազդեցություն ունենալ»,- ասաց Մանուկյանը։

«Մենք գնահատում ենք այս հանդիպումը շատ արդյունավետ, շատ արդյունավետ»,- հավելեց Զուրաբյանը.- «Որովհետև շատ կարևոր հարցերում մենք եկել ենք համաձայնության, և մեզ համար երկուստեք հասկանալի է և ակնհայտ է, որ այս հանդիպումը սկիզբ է դնում համագործակցության շատ արդյունավետ խորացմանը։ Ես չեմ բացառում, որ կլինեն շատ ավելի հետաքրքիր հանդիպումներ ապագայում»։

«Ազատություն» հարցին, թե հնարավո՞ր է Գագիկ Ծառուկյան- Լևոն Տեր-Պետրոսյան հանդիպում լինի, Լևոն Զուրաբյանը պատասխանեց.- «Բայց ինչո՞ւ հնարավոր չէ։ Նման հարց չի քննարկվել, բայց ես ասում եմ՝ որևէ խոչընդոտ կամ խնդիր չեմ տեսնում, որ նման հանդիպում ապագայում ինչ-որ պահի, երբ դրա անհրաժեշտությունը լինի, կայանա»։

Այսօրվա հանդիպման և արդյունքների վերաբերյալ ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի տեսակետները հակասական են։ Քիչ առաջ տարածվեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի հաղորդագրությունը, որտեղ նշված է.- «Ակնհայտ է, որ այս պահին գոյություն ունեն երկու ուժերի միջև մոտեցումների և հարցերի լուծման վերաբերյալ տեսանելի տարբերություններ։ ԲՀԿ-ն գտնում է, որ կուսակցության քայլերը պետք է համահունչ լինեն ԲՀԿ համագումարում Գագիկ Ծառուկյանի ելույթին և ժողովրդի պահանջներին: ԲՀԿ-ի մոտեցումների հիմքում առաջին հերթին ընկած է կառավարության որդեգրած տնտեսական քաղաքականության անընդունելիությունը, որի արդյունքում ձևավորվել է այսօրվա իրականությունը»:

Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին երբևէ չի խոսել, իսկ ԲՀԿ վերջին համագումարում իր ելույթում «անպտուղ» որակելով հանրապետությունում իրականացվող տնտեսական ու սոցիալական քաղաքականությունը, երկրի հիմնական քաղաքական ուժերին, հասարակական ակտիվ շրջանակներին առաջարկել էր կազմել միասնական օրակարգ և դրան հասնելու հստակ ճանապարհային քարտեզ։ Նա չէր հստակեցրել, թե որ ուժերին նկատի ունի, բայց այժմ ԲՀԿ առաջնորդը կոնսուլտացիաներ է անցկացնում ընդդիմադիրների հետ։

ՀՅԴ-ի ղեկավարության հետ Ծառուկյանը առաջինն էր հանդիպել՝ ուրբաթ օրը։ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը «Ազատությանը» տեղեկացրեց, որ Ծառուկյանի հետ հանդիպման հրավեր «Ժառանգություն»-ը ևս ստացել է։ Թե երբ է նախատեսված հանդիպումը և ինչ կազմով է «Ժառանգություն»-ը մասնակցելու, առայժմ չի հրապարակվում։
XS
SM
MD
LG