Մատչելիության հղումներ

ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները ազդեցություն կունենան Հայաստանի տնտեսության վրա


Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն այսօր նշեց, որ Միացյալ Նահանգների ու եվրոպական երկրների կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները իրենց ազդեցությունը կունենան նաև Հայաստանի տնտեսության վրա:

Ղրիմում շարունակվող ճգնաժամի ֆոնին արևմտյան երկրները խոսում են Ռուսաստանի դեմ ավելի խիստ պատժամիջոցների կիրառման մասին: Միացյալ Նահանգներն արդեն իսկ դադարեցրել է ներդրումների ու առևտրի հարցերով բանակցությունները Ռուսաստանի հետ: Արդյունքում նախորդ մեկ ամսվա ընթացքում Մոսկովյան բորսան գրանցել է ամենամեծ անկումը 2013-ի հունիսից ի վեր:

«Ցանկացած դեպքում պատժամիջոցները եթե ազդում են մեր գործընկեր երկրների տնտեսության վրա, լինի դա Ռուսաստանը, թե Եվրոպական միությունը, թե Ամերիկան (ավելի շատ նրանց հետ, որոնց հետ մենք ունենք ավելի մեծ առևտրատնտեսական շրջանառություն)․․․ իհարկե դա չի կարող լինել լավ»:

Ռուսաստանը Հայաստանի խոշոր առևտրատնտեսական գործընկերներից մեկն է․ 2013-ին մեր երկրի արտաքին առևտրի 24.1 տոկոսը իրականացվել է Ռուսաստանի հետ:

Այդքանով հանդերձ, Ավանեսյանն այսօր փոխանցեց, որ կառավարությունում չկան կոնկրետ հաշվարկներ, թե ինչ ազդեցություն կունենա Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը հայաստանյան տնտեսության վրա:

Բացի այդ, նախարարի խոսքից պարզ դարձավ, որ կառավարությունում նախապատրաստական քայլեր էլ չեն ձեռնարկում՝ հնարավոր բացասական հետևանքները մեղմելու համար:

«Մենք իհարկե չենք կարող տվյալ դեպքում պատրաստվել մի բանի, որը դեռևս չգիտենք ինչի մասին է խոսակցությունը գնում: Մենք կարող ենք հետևյալը ասել․ որ Ռուսաստանի տնտեսությունը մեզ համար կարևորագույն տնտեսություն է, և բազմաթիվ կապերով ենք մենք կապված: Ցանկացած թուլացումը Ռուսաստանի տնտեսության, իհարկե, Հայաստանի տնտեսության համար լավ չէ», - ասաց նախարարը:

Սակայն Ռուսաստանի տնտեսությունում խնդիրներ կան առանց պատժամիջոցների էլ: 2010-ից սկսած այդ երկրում տնտեսական աճը միայն դանդաղում է, եթե 2010-ին աճը 4.5 տոկոս էր, նախորդ տարի՝ 3.4, այս տարի սպասվում է ընդամենը 1.3 տոկոս աճ:

Հարցին, թե հնարավոր է, որ Ռուսաստանում տնտեսության լճացումը և պատժամիջոցների հնարավոր ընդլայնումը պատճառ հանդիսանան, որ Հայաստանի ղեկավարությունը վերանայի Մաքսային միությանը մեր երկրի սրընթաց անդամակացության քաղաքականությունը, Ավանեսյանը պատասխանեց․ - «Չեմ կարծում: Համենայն դեպս այսօրվա դրությամբ այն, ինչ կատարվում է, չեմ կարծում, որ որևէ առիթ է տալիս»:
XS
SM
MD
LG