Մատչելիության հղումներ

ԱՄՀ-ն 127.6 միլիոն դոլարի ֆինանսավորման ծրագիր է հաստատել


Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդն հաստատել է շուրջ 127.6 միլիոն ԱՄՆ դոլար 38-ամսյա «Երկարաձգվող ֆինանսավորման ծրագիրը»:

ԱՄՀ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ ծրագրի նպատակն է սատարել Հայաստանում տնտեսական աշխուժության վերականգնմանը, աղքատության նվազեցման ուղղությամբ հետագա առաջընթացին, գնաճի կայունացմանը, ինչպես նաև հարկաբյուջետային և արտաքին մյուս խոցելիությունների մեղմելուն:

Այս հաստատումը տալիս է շուրջ 18.2 միլիոն ԱՄՆ դոլար տրամադրելու հնարավորություն, իսկ մնացած գումարն ըստ փուլերի կտրամադրվի ծրագրի ընթացքում` ելնելով ծրագրի կիսամյակային ուսումնասիրություններից:

«2010–13 թթ. երկարաձգվող ֆինանսավորման և երկարաձգվող վարկավորման ծրագրերի շրջանակում Հայաստանը կայուն կատարողական է դրսևորել: Սակայն պահպանվում են աճի և գնաճի տատանողականությունը, արտաքին ընթացիկ հաշվի մեծ պակասուրդը և դեռևս բարձր են աղքատության և գործազրկության ցուցանիշները: Հիմնադրամի հետ նոր 38-ամսյա ծրագրի նպատակն է իշխանություններին օժանդակել նշված մարտահրավերներին դիմագրավելու և Հայաստանի համար միջազգային ֆինանսական շուկաների հասանելիությունը պահպանելու հարցում»,- գործադիր խորհրդում Հայաստանի վերաբերյալ քննարկումից հետո ասել է նախագահողի պաշտոնակատար Նեմաթ Շաֆիկը:

«Աճը խթանող կառուցվածքային բարեփոխումները ևս առանցքային դեր կկատարեն նոր ծրագրում` հաշվի առնելով Հայաստանը դինամիկ զարգացող շուկայի վերափոխելու նպատակը: Այս համատեքստում Եվրասիական մաքսային միությանը սահուն միացումը և դրան զուգահեռ Եվրամիության հետ առևտրի աճը և մյուս կապերի զարգացումը, կարևոր կլինեն շուկաների, ապրանքների, ֆինանսական հոսքերի և ներդրողների դիվերսիֆիկացում ապահովելու տեսանկյունից»,- հավելել է Շաֆիկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG