Մատչելիության հղումներ

Ուկրաինայի վերաբերյալ ՀՀ պաշտոնական դիրքորոշման բացակայությունն «անընդունելի է»


Ինչո՞ւ է լռում Հայաստանի արտգործնախարարությունը
please wait

No media source currently available

0:00 0:06:56 0:00

Ինչո՞ւ է լռում Հայաստանի արտգործնախարարությունը

«Մենք վախեցած մտել ենք սեղանի տակ և վաղուց արդեն սեղանի տակ ենք», - գնահատելով ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ պաշտոնական Երևանի լռությունը՝ ասաց փորձառու հայ դիվանագետ Դավիթ Հովհաննիսյանը:

1992-1998 թվականներին Սիրիայում Հայաստանի դեսպանի համոզմամբ՝ պետությունները երբեք չեն լռում, երբ ունեն կոնկրետ նպատակ և շահ, իսկ եթե լռում են, կա՛մ գիտակցված շահ չունեն, կա՛մ արտաքին քաղաքականություն չունեն․ - «Եթե դու ունես գիտակցված և ձևավորված նպատակ, ապա դու տեքստ ունես լսելու, եթե չունես, ապա չունես ու չունես: Վախեցած մտնում ես սեղանի տակ»:

Հովհաննիսյանի կարծիքով, պաշտոնական Երևանը կարող էր հավասարակշռված հայտարարություն անել ուկրաինական իրադարձությունների վերաբերյալ՝ առանց կողմ լինելու, պարզապես ցույց տալ, որ այդ ամենը հուզում է նաև Հայաստանին․ - «Պարզ է, որ մենք մտահոգ ենք: Պարզ է, որ Ուկրաինայում մենք բավականին մեծ թվով հայություն ունենք: Մենք մտահոգ ենք, չէ՞, այդ մարդկանց ճակատագրերով: Տեսեք Թուրքիան ինչ ակտիվ հետաքրքրված է, թե այնտեղ ինչ է լինում․ Ղրիմի թաթարների հետ մշտական կապը, նրանց մատակարարումը․․․ Իսկ մենք մտահոգ չե՞նք»:

Հայաստանի իշխանություններն անգամ խուսափել են իրենց ստորագրությունները թողնել Մայդանի զոհերի հիշատակին Հայաստանում Ուկրաինային դեսպանատանը բացված մատյանում, ինչը հարուցել է դեսպանատան ներկայացուցիչների զարմանքը:

«Այդ մատյանը երեք օր բաց էր, և դեսպանատան խորհրդականը ինձ զարմանքով ասաց, որ Հայաստանի որևէ նախարարության կամ գերատեսչության ներկայացուցիչ չի եկել և ստորագրել այդ մատյանում: Ես չեմ կարող հասկանալ, թե ինչից են խուսափել․․․ Դու գնում ես զոհերի համար․․․ Դու գնում ես մարդկանց ցավակցելու իրենց վշտի կապակցությամբ: Եվ սա չի արվում: Ինչո՞ւ չի արվում: Ինձ ոչ ոք չի կարող համոզել, որ սա քաղաքական քայլ է: Սա բառադիություն է՝ մեր երևանյան բարբառով ասած»:

Հովհաննիսյանի համոզմամբ՝ նման արտաքին քաղաքականությունը պայմանավորված է այսօրվա վարչախմբի՝ իշխանությունը կորցնելու վախով, որը թույլ չի տալիս տրամաբանական քայլեր անել: Նրա խոսքով՝ եթե այսօր չլիներ այն խումբը, որը մտածում է միայն տնտեսական մենաշնորհները պահելու մասին, ապա իրավիճակը բոլորովին այլ կլիներ նաև արտաքին քաղաքականության ոլորտում:

«Մենք ստրուկ ենք: Մենք ստրուկն ենք այն խմբավորման, որը ստեղծել է այս մենաշնորհային տնտեսական համակարգը, որ պաշտպանում է այդ տնտեսական համակարգը բոլոր ուժային միջոցներով, որը կազմակերպել է հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ը․․․ Այսինքն՝ անձերը կարող են փոփոխվող լինել, բայց խումբը նույնն է», - ասաց նա՝ հավելելով, որ եթե այդ խումբը փոխվեր, կփոխվեր նաև արտաքին քաղաքականությունը:

Մեկ այլ փորձառու դիվանագետ, նախկին փոխարտգործնախարար, Լիբանանում և ԵԱՀԿ-ում Հայաստանի նախկին դեսպան Արման Նավասարդյանը նույնպես անընդունելի է համարում ռուս֊ուկրաինական ճգնաժամի շուրջ Հայաստանի իշխանությունների լռությունը, որը, նրա համոզմամբ, իր ազդեցությունն է թողնելու հայ-ուկրաինական հարաբերությունների վրա:

«Ինչպիսի՞ն կլինեն Ուկրաինայի հետ մեր հարաբերությունները, որ առանց այդ էլ լավ չեն: Կա մի շատ ծանր պահ՝ Ադրբեջանի նկատմամբ նրա ունեցած միակողմանի դիրքորոշումը: Երեկ Պուտինը հայտարարեց, որ պատրաստ են գնալու նրանց [Ուկրաինայի իշխանությունների] հետ երկխոսության: Ինչո՞ւ մենք դա չանենք», - ասաց նա՝ ասելով, թե ինքը հարցին կմոտենար մեկ այլ կողմից․ - «Մի քանի անգամ Պուտինը հայտարարեց, որ հարցը պետք է լուծվի ազգային ինքնորոշման սկզբունքներից: Պետք է բռնել դրանից և ասել՝ Վլադիմիր Վլադիմիրովիչ, բա Ղարաբա՞ղը, իսկ ինչո՞ւ Մինսկի խմբի շրջանակներում նման հայտարարություն չի արվում: Բոլոր դեպքերում, ես կարծում եմ, որ լռելը այս իրադրության մեջ, ճիշտ չէ»:

Դիտարկմանը, թե գուցե այդ լռությունն ունի իր բացատրությունը՝ վախը Ռուսաստանի նկատմամբ, Նավասարդյանն արձագանքեց․ - «Դուք մոտիվացիան եք ասում: Իհարկե, դա է: Բայց դա բոլոր դեպքերում չի արդարացնում նման նորահարսի լռությունը»:

Նավասարդյանը համարում է, որ, այդուհանդերձ, կարելի էր հանդես գալ «չպարտավորեցնող, կանխարգելիչ» հայտարարությամբ․ - «Այնպիսի ձևակերպումներով, որ գայլերը և ոչխարները լինեն և՛ գոհ, և՛ անվնաս»:
XS
SM
MD
LG